HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ծովափին

Մարինե Պետրոսյան
բանավոր վեպ

ՆՈՐ ՏԱՐԻ*

առավոտը զարթնեցի
տեսա լիքը ձյուն ա էկել
ու մայիսի 1-ն ա
ու ես կարճթեւ հագած
ու փուչիկը ձեռքիս
իջնում եմ բաղրամյանով*
որ հասնեմ օպերա*
բայց էնքան մութ ա
ու էնքան պուճուր եմ
որ խրվել մնացել եմ
ձյուների մեջ

բաղրամյան - Բաղրամյանն էդ ինչ ա որ անընդհատ գրում ես դրա մասին, հարցրեց ինձ կալիֆորնիացի բարեկամս երբ որ փորձում էի իրա համար թարգմանել էս մի քանի տողը: Բաղրամյանը փողոց ա Երեւանում: Բայց էս գրածս Բաղրամյանի մասին չի, մայիսի 1-ի մասին ա, իսկ մայիսի 1-ը... ոնց քեզ բացատրեմ... մայիսի 1-ը Սովետական Միության տոներից էր, իսկ Սովետական Միությունը մի հատ ուրիշ ժամանակ էր: Ոնց որ Բեբելոնը: Բաբելոնից մնացել են կարծեմ ավերակներ, իսկ Սովետական Միությունից մնացել են հիշողություններն իմ ներսում£

օպերա - Քեմալը օպերա շատ էր սիրում ու Անկարայում օպերայի բացվելը դրա հետ ա կապված£ Քեմալը մեկ էլ Մոցարտ էր շատ սիրում, դրա համար էլ թուրքական ռադիոյի ծրագրերը 30-ականներին ամեն առավոտ սկսվում էին Մոցարտի մի քայլերգով... Անունը մոռացել եմ ու գիրքը մոտս չի որ նայեմ: Ասում եմ գիրքը մոտս չի որովհետեւ ես Քեմալի, Օպերայի ու Մոցարտի մասին էս ամեն ինչը գրքում եմ կարդացել, կոչվում էր Թուրքիայի համառոտ ուղեցույց բայց լավ էլ մանրամասն գիրք էր ու մեջը ուրիշ լիքը հետաքրքիր պատմություններ կային£ Անցած ամառ որ Թուրքիայում էի էդ գիրքը ամեն օր ձեռքիս էր, հիմա մոտս չի... Բայց հազար ներողություն, ես էս ինչի հասա Անատոլիայի խորքերը, ես քեզ Երեւանի Օպերայի մասին էի ուզում պատմեմ, ավելի ճիշտ ուզում էի քեզ բացատրեմ ինչի եթե մայիսի 1-ն ուրեմն ես իջնում եմ Օպերա: Որովհետեւ ես մի հատ ալբոմ ունեմ' իմ մանկության նկարների ալբոմը, դրանում համարյա 2 նկարը մեկ մայիսի 1-ն ա ու ես փուչիկը ձեռքիս կանգնած եմ Կարապի լճի մոտ կամ էլի ինչ որ տեղ Օպերայի շուրջը: Ու էդ նկարներում եթե մայիսի 1-ը չի ուրեմն Նոր տարի ա ու ես Լենինի հրապարակում եմ, տոնածառի մոտ: Էդ նկարներում Վլադիմիր Իլյիչի արձանը դեռ կա, բայց չի էրեւում, մենակ պատվանդանի ներքեւի մասն ա նկարի մեջ:

ՆՈՐ ՏԱՐԻ - Վերեւի տեքստը, եթե նկատել ես, կոչվում ա Նոր տարի: Որովհետեւ Նոր տարին էն ժամանակն ա երբ որ անհնարին բաները դառնում են հնարավոր: Ու հիմա ուզում եմ հիշեմ թե ոնց հայտնվեցի էս երկար նոր տարվա մեջ որ շարունակվում ա մինչեւ հիմա: Ուզում եմ հիշեմ թե էդ անհնարին բաները ոնց սկսեցին պատահել ինձ մեկը մյուսի հետեւից: Ամեն ինչ ոնց որ թե Վանում սկսվեց... Բայց ես ուզում եմ վերջից սկսեմ որ ավելի հասկանալի լինի.

ՏԵՍԼԱԿԱՆ

էրեկ իրիկուն
դուռս զանգեցին
բացեցի մարդ չկար
էսօր առավոտ
դուրս էկա որ գնամ
հեռախոսիս վարձը մուծելու
տեսա
աստիճանահարթակի պատին
չորս հատ թռչուն ա
փորագրած
ու ամբողջ ճանապարհին
երթուղայինի մեջ
մտածում էի թե
էդ դժվար թռչուններ լինեին
բայց ի՞նչ էին տեսնես
ու որ հասա փոստ
ու փոստի պատին
տեսա էդ նույն թռչունանմաններից
նկարած
հանկարծ գլխումս
փայլատակեց որ
այ քեզ բան էս նոր
ուրարտերենն ա

էս որ պատմեցի իսկականից պատահել ա, բայց դրանից առաջ ավելի հետաքրքիր դեպք պատահեց Վանում: Քաղաք որ հասանք, տեղավորվեցինք հյուրանոցում ու գնացինք բերդը նայելու: Ես որ բարձրացա, տեսա Մահարին ինձանից շուտ ա տեղ հասել, կանգնել ցած էր նայում, ես էլ ցած նայեցի. դիմացը Քաղաքամեջն էր, ձախում Այգեստանները, ու վրաները կանաչ խոտ էր աճել: Իսկ աջ կողմում լիճն էր, մուգ կապույտ ու խաղաղ, ես էդքան խաղաղ լիճ կյանքումս չեմ տեսել: Ու էդ խաղաղությունը ոնց որ պարզ, շատ պարզ նախադասություն լիներ աչքերիս առաջ տարածված: Բայց չէի կարողանում կարդամ: Դու հասկանում ե՞ս էս ինչ ա գրած, շուռ էկա որ հարցնեմ Մահարուն, տեսա չկար, երեւի ցած էր իջել: Ես էլ ցած իջա, բայց ներքեւում մենակ տաքսու վարորդին գտա որ կարգին վախեցած էր էրեւում: Մի վախենա, ասեցի իմ կիսատ թուրքերենով, Մահարին ա էլի, չի կորի, երեւի գնաց իրա վեպի 3-րդ տարբերակը գրելու: Հետո վարորդը լուռ ինձ էր նայում մի հատ դժվար բացատրելի հայացքով, ու իմ մտքով անցավ որ իրա վախենալը Մահարու կորելու հետ ոնց որ թե ուղղակի կապ չուներ:

Հիշում եմ, որ հետ թռանք Երեւան, ես էս պատմությունը փորձեցի պատմել ինձ հանդիպած առաջին հայաստանցուն, դեռ Զվարթնոցում: Ստացվեց բոլորովին ուրիշ բան ու կոչվում ա Դրոշակ.

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter