
Մանկատան աղջիկները Դուբայում
Մհեր Արշակյան
«Առաջ որ Մասիվի հանրակացարան էինք մնում, ընդեղ մի կին կար՝ Անժոյի մերը՝ Էֆոն, էս Լուիզիկին համոզում էր, որ տանի Դուբայ»,-այսպես սկսեց իր պատմությունը մանկատան նախկին աղջիկը, որը խնդրեց չգրել իր անունը: Մենք նրան անվանում ենք Հեղինե: Մեր հերոսուհին հիշում է, որ ինքը Լուիզիկին խնդրում էր չգնալ Դուբայ՝ լավ տեղ չի: «Բայց պասպորտս արդեն տվել եմ, էլ չեմ կարա վերցնեմ»,-ասում է Լուիզիկը: Լուիզան մեծացել է Գավառի եւ Մեղրիի Լիճք գյուղի մանկատներում: Նա եւ մեր պատմության հերոսուհին մեծացել են միասին: Մանկատնից հետո նրանց բերել են Երեւան, տեղավորել հանրակացարանում, բայց ավելին չի արվել: Հեղինեն հիշում է, որ ինքը Լուիզայի ընկերոջը ստիպում էր աղջկա «պասպորտը» վերցնել Էֆոյի ձեռքից:
«Մի շաբաթ չանցած Լուիզիկը մի հատ ընկերուհի ճարեց ու հետը գնաց Դուբայ, իսկ ինձ ասեց, որ գնում ա ընկերուհու հետ ապրի»,-հիշում է Հեղինեն: Այնուհետեւ Հեղինեն շարունակում է. «Մի որոշ ժամանակ անց էկավ Դուբայից մի հատ տղու հետ: Ինձ ասեց՝ արի գնանք տունս ցույց տամ: Գնացինք՝ ի՞նչ տուն, Մամա Ռոզայի տունն էր: «Նստի Հեղինե ջան»,-ասեցին: Լավ հյուրասիրեցին: Հետո ես Լուիզիկին հարցրեցի՝ Դուբայում քանի՞ հոգու հետ ես քնել: Ասեց՝ եթե ուզում ես, կարաս մեկի հետ ընկերություն անել: Էդ Մամա Ռոզան էլ ասեց, թե ընդեղ շատ լավ ա, նկարներ ցույց տվեց, տունն էր ցույց տալիս, ասում էր՝ էսի իմն ա: Լիքը ոսկիներ էր ցույց տալիս: Ասում էր՝ ընդեղից եմ առել»: Ի վերջո Լուիզան ու Մամա Ռոզան համոզում են Հեղինեին: «Համաձայնվեցի գնալ Դուբայ: Ասացին՝ էսօր մնա մեր տանը: Ասի՝ չէ, գնամ վեշերս հավաքեմ: Եկա տուն: Ամբողջ գիշեր մտածեցի, էդ ոսկիներն էի հիշում, աղքատությունս էր աչքիս առաջ գալիս: Գցեցի, բռնեցի»,-շարունակում է Հեղինեն: Ի վերջո նա մտածում է՝ ինչի՞ս է պետք «սաղի հետ քնելը»: Հաջորդ օրը հրաժարվում է ու մնում իր հանրակացարանում:
Հեղինեն ասում է, որ 6 ամիս հետո Լուիզան նորից եկել է Երեւան հատուկ հանձնարարությամբ՝ աղջիկ տանելու: «Ու ես գիտեմ, որ աղջիկ ա տարել: Լուիզիկը որ գնում էր Դուբայ, ասինք՝ քրջերդ տուր մեզի, չէր տալիս: Ես գիտեմ, որ էդ Դուբայի փողերով ստեղ Բանգլադեշում տուն ա առել»,-ասում է Հեղինեն: Նրա տեղեկություններով' Լուիզային Դուբայի իշխանությունները վտարել են, ու հիմա նա մարմնավաճառություն է անում Թուրքիայում: «Լուիզան ստեղ էլ էր մարմնավաճառությամբ զբաղվում: Իրա պատճառով ինձ ու Քիսոյին բռնեցին, տարան քաղմաս (Քանաքեռ-Զեյթուն համայնքների ոստիկանության բաժին-Մ. Ա.), ամբողջ հանրակացարանն եկավ մեր հետեւից, չթողին: Մեղրիի մանկատան տնօրեն Ռուդիկ Հայրապետյանը եկավ մեզ հանեց»,-պատմում է Հեղինեն: Բաժանմունք տանելուց հետո ոստիկանները հասկանում են, որ մարմնավաճառների չեն բերել, բայց ուզում են, որ գեղեցկատես աղջիկներին «իրենցով անեն»: Նրանց ասում են՝ կամ պիտի մեզ հետ լինեք, կամ ուղարկում ենք մաշկավեներական դիսպանսեր: Ի վերջո, ուղարկում են մաշկավեներական:
Հեղինեի մյուս ընկերուհին' դարձյալ Գավառի եւ Մեղրիի մանկատներում մեծացած Անուշիկը, որն այստեղ՝ Երեւանում, երեխա է ունեցել, նույնպես Դուբայում է: Անուշիկի մասին մանկատան նախկին սանուհիները հիշում են նաեւ մեկ ուրիշ բան՝ այս աղջիկը վաճառել է իր առաջին երեխային: Երկրորդին թողել է ընկերուհու մոտ: Այժմ Անուշիկը Դուբայում է եւ, իր ընկերուհիների տեղեկություններով, ընդհանրապես մտադիր չէ գալ Հայաստան:
Մեկնաբանել