
Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակահատվածում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին, ապա 0-2 զիջել ՆՀՀ Մակեդոնիային, մնացել է 100-րդ հորիզոնականում, որը կիսում է Պաղեստինի հետ: ՖԻՖԱ-ի ցուցակում ընդգրկված է 211 հավաքական:
Համաշխարհային ցուցակը գլխավորում են Բելգիան եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան: Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան:
Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան խմբում 2 հաղթանակ տանելուց հետո առաջադիմել է 2 հորիզոնականով ու հիմա 68-րդն է: Լիխտենշտայնը Հայաստանին պարտվելուց հետո հաղթել էր Ջիբրալթարին, ինչի շնորհիվ 2 տեղով առաջ է եկել 178-րդ հորիզոնական: Ջիբրալթարն էլ 2 պարտությունից հետո նահանջել է մինչեւ 198-րդ տեղը (-3):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշը Ուկրաինայինն է, որն այժմ 29-րդն է: Ի դեպ, ուկրաինացիները գրանցել են ամսվա լավագույն առաջընթացը 6 դիրքով: Ռուսաստանը 46-րդն է, հաջորդում են Բելառուսը (80), Ղրղըզստանը (91), Վրաստանը (93), Ուզբեկստանը (96), Էստոնիան (98), մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Հայաստանի հարեւաններից Իրանը 33-րդն է, Թուրքիան՝ 38-րդը, Վրաստանը, ինչպես նշեցինք, 93-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 108-րդը:
Հաջորդ աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի հոկտեմբերի 25-ին: Մինչ այդ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի ընտրանին Երեւանում կընդունի Ջիբրալթարին, իսկ ամսի 16-ին՝ ՆՀՀ Մակեդոնիային:
Մեկնաբանել