
Արտգործնախարարը՝ Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին․ «Այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելու գործընթացը ժամանակ է պահանջում։
«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք բավականին տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում կլինեն տարբեր հանդիպումների մասին տեղեկություններ:
«Կլսեք այդ հանդիպումների մասին տարբեր մակարդակներով։ Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կլինի»,- ասաց նա:
Նախարարը հրաժարվեց այն հարցին պատասխանելուց , որը վերաբերում էր նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն ասել էր՝ վարչապետին մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով առկա է մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա:
«Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և բանակցային ճանապարհով հարցի լուծմանը»,- ասաց Մնացականյանը։
Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ի կողմից վերջին շրջանում Հայաստանի սահմանային միջադեպին արձագանք չի եղել, նախարարը պատասխանեց.
«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը և մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես: Արձագանքի լինել- չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում»:
Լուսանկարը՝ արտգործնախարարության կայքից
Մեկնաբանել