HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանուն Հայրենիքի» խմբի անդամներ. Հովիկ Վասիլյանը, Ասատուր Բաբայանը եւ Գեւորգ Հեքիմյանը

սկիզբը

Հովիկ Մարտինի Վասիլյանը ծնվել է 1936թ. Իջեւանի շրջանում: Մինչեւ կալանավորվելն  առնչվել է ընդհատակում գործող այլ կազմակերպությունների հետ:  1965- 67թթ., համախոհների հետ միասին, լուսապատճենման միջոցով բազմացրել եւ տարածել է ինչպես իր հեղինակած, այնպես էլ այլ հեղինակների կազմած թռուցիկներ: Եղել է «Հանուն Հայրենիքի» խմբի ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից մեկը: Խմբի կազմավորումից հետո նա է ընտրվել խմբի ղեկավար: Կալանավորվել է 1968թ. հուլիսի 4-ին: Դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Պատիժը կրել է  Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո եղել է ոստիկանական հսկողության տակ, բայց շարունակել է իր գործունեությունը: 1970-80-ական թվականներին որոշիչ դերակատարում է ունեցել հայ այլախոհական շրջանակներում: 1987թ. դեկտեմբերին համախոհների հետ ստեղծել է «Հայ դատի պաշտպանության ընկերություն» կազմակերպությունը, այնուհետեւ` «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Գրել է հոդվածներ, որոնք տպագրվել են ինքնահրատ, իսկ 1990-ականներից սկսած՝ ազատ մամուլի էջերում։ Վախճանվել է 2012թ. սեպտեմբերի 14-ին, Երեւանում:

Ասատուր Հունանի Բաբայանը ծնվել է 1915 թ. նոյեմբերի 12-ին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: «Յոթի գործ»-ով դատապարտված բանաստեղծ Վիգեն Բաբայանի հայրն է: Ծնողների մահից հետո ապրել է մանկատանը: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Երեւան: Սովորել է մանկավարժական ինստիտուտում: 1941-ին մեկնել է ռազմաճակատ: 7 անգամ վիրավորվել է եւ պարգեւատրվել շքանշաններով ու մեդալներով: Մինչեւ կալանավորվելը հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ է աշխատել: Պատերազմի մասնակից այն անձանցից մեկն էր, որոնք վստահ էին, որ 1945-ին Խորհրդային Միությունը պատերազմ կհայտարարի Թուրքիային, ու դրանով կլուծվի Հայկական հարցը: Այդ հույսերը չարդարացան: Երկիրը, որի համար այս մարդիկ արյուն էին թափել, Հայաստանի համար ոչինչ անել չէր պատրաստվում: Ընդհակառակը` հայտարարվում էր, որ Թուրքիայից տարածքային պահանջ չունեն: Մնում էր ապավինել սեփական ուժերին եւ սեփական հնարավորություններով փորձել լուծել հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Ասատուր Բաբայանն առաջիններից էր, որ հասկացավ այս ճշմարտությունը: Իր նպատակից նրան հետ չպահեցին ո´չ ՊԱԿ-ի հետապնդումներն ու նախազգուշացումները, ո´չ որդու կալանավորումն ու դատապարտումը: 1968թ. մասնակցում է «Հանուն Հայրենիքի» խմբի կազմակերպման ու նույնանուն ամսագրի տպագրման աշխատանքներին: Կալանավորվել է 1968թ. հուլիսի 4-ին: Դատապարտվել է վեց տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան, եղել է ոստիկանական հսկողության տակ: Աշխատելու հնարավորություն չեն տվել: Դժվարությամբ կարողացել է աշխատանքի անցնել Աղի  հանքում գտնվող դպրոցներից մեկում` որպես պահակ: Վախճանվել է Երեւանում, 1988թ. հուլիսի 29-ին:

Գեւորգ Ռուբենի Հեքիմյանը ծնվել է 1936թ. Սիրիայի Հալեպ քաղաքում: Քաղաքական գործունեությունը սկսել է 60-ականների առաջին կեսից: Անդամակցել է 1962-63թթ. գործող «Հայաստանի երիտասարդական միություն» կազմակերպությանը: «Յոթ հայրենասերների» դատավարությունից հետո է՛լ ավելի է ակտիվացրել իր գործունեությունը: Կազմակերպիչներից մեկն է եղել 1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի անվան այգում կայացած միջոցառման, որի մասնակիցներին կալանավորեցին: Չնայած ՊԱԿ-ի նախազգուշացումներին` շարունակել է իր գործը: 60-ականների գործիչների միջեւ յուրօրինակ կամրջի դեր է կատարել: Մասնակցել է «Հանուն Հայրենիքի» խմբի կազմակերպման եւ նույնանուն ամսագրի տպագրության աշխատանքներին: Հեղինակել է ամսագրում տպագրված հոդվածներից մեկը: Կալանավորվել է 1968թ. հուլիսի 4-ին:

Դատապարտվել է վեց տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Հայաստան վերադառնալուց հետո չի կտրել կապն ընկերների ու այլախոհների հետ: Վախճանվել է 2005-ին, Երեւանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter