HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ԶԼՄ-ն ու իշխանությունները չեն կարողանում հանձնել «ժողովրդավարության քննությունը»

Երկար տարիներ արդեն Հարավային Կովկասի երկրներում, ինպես ետխորհրդային ամբողջ տարածքում, անկախ ԶԼՄ-ի ձեւավորման գործընթացն է ընթանում: Սակայն այդ երկրներից ոչ մեկն առայժմ չի կարող հպարտանալ «իր հաջողություններով»: Ֆորմալ առումով երեք երկրներում էլ կան անկախ լրատվամիջոցներ, բայց իրենց բովանդակությամբ դրանք հաճախ հիշեցնում են խորհրդային ժամանակների քարոզչությունը: Անցած 15 տարիները փորձություն էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար, մի յուրօրինակ թեսթ՝ պարզելու, թե որքանո՞վ են այդ իշխանություններն անկեղծ հռչակված արեւմտյան արժեքների հաստատման իրենց ձգտման մեջ, եւ քննություն, որը դեռեւս չի կարողանում հանձնել մեր երկրների երիտասարդ ժուռնալիստիկան, որը չի կարողացել ստեղծել հասարակությանը սպասարկող եւ նրա անունից իշխանությանը զսպող ԶԼՄ-եր: Ի՞նչն է խանգարում այս գործընթացի նորմալ զարգացմանը. իշխանությունների՝ ԶԼՄ-ին ճնշելու ձգտու՞մը, լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմը եւ կոնֆորմի՞զմը, հասարակական պատվերի բացակայությու՞նը: Այս հարցերի պատասխանները երեք երկրների լրագրողները եւ մեդիա ոլորտի փորձագետները փորձում էին տալ հոկտեմբերի 11-12-ը «Կովկասի լրագրողների ցանց»-ի (www.caucasusjournalists.net) կազմակերպած «ԶԼՄ եւ իշխանություն փոխհարաբերությունները» թեմայով օնլայն կոնֆերանսի ժամանակ:
«Վարդերի հեղափոխությունը» չիրականացրեց ազատ ԶԼՄ-ի երազանքը

«Վրացական անկախ ԶԼՄ-ը շատ կարեւոր դեր խաղացին 2003-ին Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխության եւ նոր, երիտասարդ կառավարության իշխանության գալու գործում: Նոր ղեկավարության լոզունգներից մեկը խոսքի եւ արտահայտվելու ազատության հաստատուն երաշխիքների հռչակումն էր Վրաստանում, ինչն ամրագրվեց Վրաստանի խորհրդարանի կողմից ԶԼՄ-ի ոլորտում մի շարք կարեւոր օրենսդրական ակտերի ընդունմամբ: Այդ օրենքները հող են ստեղծում պնդելու, որ երկրում կա օրենսդրական բազա, որը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական սկզբունքներին եւ իրավաբանորեն երաշխավորում է խոսքի ազատությունը: Բայց ահա անցավ ետհեղափոխական էյֆորիան, եւ կյանքը ցույց տվեց, որ գործնականում իշխանություններն այնքան էլ չեն տենչում ԶԼՄ-ի ազատության, որ իրենց գործողությունների բնական քննադատությունը դժվար են հանդուրժում: Արդյունքում՝ հաճախակի են դարձել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը, բայց դրանց հետաքննության արդյունքներն են քիչ: Դատական պրակտիկան այնքան ողբերգական է, որ լավ օրենքները լավն են միայն թղթի վրա: Որոշ հեռուստակայաններ ընդհանրապես դադարեցրել են հեռարձակումը, իսկ որոշները փակել են սուր թոք-շոուները: Հասարակական կարծիք կա, որ այսօր Վրաստանում խոսքի ազատության առումով իրավիճակն ավելի վատ է, քան մինչ հեղափոխությունը: Ես համաձայն եմ դրա հետ եւ դա համարում եմ այս իշխանությունների սխալը, քանզի պետք էր հաշվի առնել նախորդների սխալները եւ պատմության դասերը»,-Վրաստանում իրավիճակը բնութագրում է IREX միջազգային կազմակերպության իրավաբան, «Մեդիա-նորարարություններ» ծրագրի պատասխանատու Դեվի Ստուրուան :

Հիմա, երբ Վրաստանը հայտարարվել է «ժողովրդավարության օրինակ, որը պետք է տարածվի ամբողջ ետխորհրդային տարածքում (այդպես էր ԱՄՆ նախագահ Բուշն ասել Թբիլիսիում), ԶԼՄ-ի հետ աննախադեպ երեւույթներ են տեղի ունենում: «Այս տարվա ընթացքում վրացական ԶԼՄ-ը այնպիսի ճնշման տակ ընկան, եւ խոսքի ազատության այնքան ժլատ չափաբաժին տրվեց իշխանությունների կողմից, ինչպիսին լրագրողները չեն հիշում անգամ մինչշեւվարդնաձեական ժամանակներից»,-հարեւան երկրում տիրող իրավիճակը գնահատում է Հայաստանի «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը :

«Պետք չէ շատ շեշտել Շեւարդնաձեի ռեժիմի ժողովրդավարականությունը ԶԼՄ-ի առնչությամբ, որովհետեւ ինչպես մի անգամ Թբիլիսիում ասաց Պալերմո քաղաքի քաղաքապետը, Վրաստանում հետեւյալ վիճակն է. «Ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ լսում եմ, ամեն ինչ խոսում եմ, բայց ինձ ոչ մեկը չի լսում»: Մինչ Շեւարդնաձեի ռեժիմը հաստատվում էր, լրագրողների հետ շատ վատ էին վարվում: Իսկ հետո, երբ իրադրությունը հարթվեց մի քիչ, Արեւմուտքն էլ ճնշեց, մշակվեց քաղաքականություն՝ շունը հաչում է, քարավանը գնում է: Ինչ վերաբերում է վրացական ԶԼՄ-ի անկախությանը «Վարդերի հեղափոխությունից» հետո, ապա այդ իմաստով դրությունն իրականում նախանձելի չէ: Շեւարդնաձեի ռեժիմի թուլությունը թույլ էր տալիս ԶԼՄ-ին անկաշկանդ զգալ իրենց եւ հպարտորեն կոչվել 4-րդ իշխանություն: Այսօր իշխանությունների կողմից ակնհայտ է միտումը չընդունել քննադատական միտքը, լրագրողներին ոչ երկիմաստորեն հասկացրել են, թե ով է տանտերը, եւ ԶԼՄ-ում, հատկապես էլեկտրոնային, ինքնագրաքննություն է տիրում: Եթե Շեւարդնաձեի ժամանակ լրագրողների հետ հաշվեհարդար էին տեսնում կոպիտ եղանակներով՝ ծեծում էին, սպառնում (թեեւ վերջին 2-3 տարում այդպիսի փաստեր այլեւս չկային), ապա հիմա մեթոդներն ավելի նրբակիրթ են. ճնշումը գործադրվում է հեռուստակայանների սեփականատերերի վրա, որոնք խստորեն կախված են նրանից, թե որքանով իշխանությունները աչք կփակեն իրենց կապիտալի ծագման եւ իրենց ֆինանսական գործունեության վրա: «Ինքնագրաքննություն»-այս բառով Վրաստանում փոխարինել են գրաքննության առավել նուրբ, թաքնված ձեւը»,-ասում է Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի ԶԼՄ-ի փորձագետ Թամարա Շամիլը :

Թբիլիսիի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Դավիթ Պայչաձեն , որը միաժամանակ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է, այս ամենը համարում է «ԶԼՄ-ի հիստերիայի արդյունք»: «Կարծում եմ, որ Վրաստանում ԶԼՄ-ի վրա դաժան ճնշումները չափազանցված են: Հազվադեպ կարելի է գտնել լրագրող, որը կհամարձակվի եւ կնկարագրի գրաքննության եւ իր վրա գործադրված ճնշման կոնկրետ փաստ»,-ասում է նա:

««Համարձակվել» բառով արդեն Պայչաձեն ընդգծում է, որ լրագրողները զգուշանում են խոսել գրաքննության, իրենց ղեկավարների կամ պաշտոնատար անձանց կողմից գործադրվող ճնշման մասին,-Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին հակադարձում է Թամարա Շամիլը:-Բարեբախտաբար, լրագրողներին չեն ծեծում, բայց այսօր չափազանց դժվար է տեղեկություններ ձեռք բերելը, թեեւ Վրաստանի Քաղաքացիական օրենսգիրքը պաշտոնյաներին պարտավորեցնում է տրամադրել հրապարակային տեղեկությունները: ՊՆ-ում, Գլխավոր դատախազությունում լրագրողներին ընդհանրապես տեղեկություններ չեն տալիս: Գորի քաղաքում անկախ «Խալխիս գազեթի» թերթի խմբագրի գրպանը իրավապահները ծածուկ թմրանյութ էին գցել եւ ձերբակալել: Աղմուկ բարձրանալուց հետո նրան ազատ արձակեցին, բայց դրա համար ոչ մեկին չպատժեցին: Շրջաններից մեկի նահանգապետը դադարեցրեց «Ռուսթավի-2»-ի հետաքննական «60 րոպե» հաղորդումը այն բանի համար, որ նրանից պահանջել էին հրապարակային տեղեկություններ այսպես կոչված «Նահանգապետի հիմնադրամի» ֆինանսական հոսքերի եւ ծախսերի մասին: Բավական է մի երեկո նայել բոլոր լրատվական թողարկումները: Բոլորն իրար նման են՝ միայն պաշտոնապես հավանության արժանացած ինֆորմացիա: Ազատական արժեքների մեր ջատագով պատգամավորը՝ Գիգա Բոկերիան, մի երեկո հայտարարեց հեռուստաեթերից, որ «Մզե» հեռուստաալիքի հեղինակային վերլուծական «Ընտրության սահմանագծում» հաղորդումը պետք է փակել իրադարձությունների սխալ լուսաբանման համար (խոսքը Զուրաբ Ժվանիայի սպանության մասին է-Լ. Ս.): Մի քանի օր անց հաղորդումը փակվեց: Բոկերիան այն չփակեց, անշուշտ, բայց չէր կարող չիմանալ, որ դա կանի հեռուստակայանի տերը, որը մտահոգ է սեփական բարեկեցությամբ: Ավելին՝ «Մզե»-ի եթերից ընդհանրապես անհետացավ լուրերի բլոկը»:

«Տեղեկությունների ստացման առումով իրոք խնդիրներ կան,-համաձայնում է Պայչաձեն, բայց լրագրողներն իրենք էլ հազվադեպ են հետամուտ լինում, պրակտիկորեն դատարան չեն դիմում մերժումը բողոքարկելու: Շեւարդնաձեի ժամանակ լրագրողներից վախենում էին: Այսօր նրանցից ոչ ոք չի վախենում: Հեռուստաալիքներում փակ թեմաներ կան՝ ոստիկանության ու բանակի քննադատությունը: Որոշ ընդդիմադիր գործիչների վրա տաբու է դրված: Դա վտանգավոր գործընթաց է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ լուրջ ալիքների եթերային ժամանակը աստիճանաբար գրավում են զվարճալի ծրագրերը»:

«Վրաստանում խոսքի ազատության հնարավորությունները ակնհայտորեն նվազել են անցած կես տարվա ընթացքում: ԶԼՄ-ի սեփականատերերը հաճախ միջամտում են խմբագրական գործունեությանը: Քաղաքական գործիչները սկսել են թույլ տալ իրենց բաց եւ գաղտնի սպառնալիքներ ԶԼՄ-ի հասցեին: Ճիշտ է, կան հետաքննություններ, քննադատական հոդվածներ թերթերում, բայց դրանք կանոնավոր բնույթ չունեն եւ ընտրողական են: Էականորեն նվազել է նաեւ հասարակության վստահությունը ԶԼՄ-ի նկատմամբ: Ժողովուրդը տեսնում է, որ ճշմարտությունը հաճախ է թաքցվում կամ չի ասվում մինչեւ վերջ: Այսօր իրոք ԶԼՄ-ից չեն վախենում, ԶԼՄ-ներն անջատ են եւ հաճախ նախընտրում են լռել կարեւոր բաների մասին: Բայց սա ժամանակավոր երեւույթ է: Կարեւորը, որ ԶԼՄ-ը այս կամ այն քաղաքական խմբի գործիքը չդառնան եւ ակտիվ լինեն միայ հանուն հասարակական շահի եւ հասարակության մեջ իրերի իրական դրությունը պարզելու»,-լավատեսորեն ասում է Դեվի Ստուրուան:
«Ադրբեջանական մամուլը ոչ թե քաղաքականացված է, այլ մինչեւ ուղնուծուծը գնված»

«ԶԼՄ-իշխանություն» հարաբերություններն Ադրբեջանում այսպես է բնութագրում «Էքսպրես» թերթի խմբագիր Գազանֆար Բայրամովը , որն իր թերթը համարում է անկախ թե՛ քաղաքական իշխանությունից, թե՛ քաղաքական ընդդիմությունից:

«Ո՞րն է այդ «առեւտրի» էությունը,-շարունակում է բացատրել նա:-Առաջին հերթին՝ մենաշնորհ հեղինակավոր տպագիր (նաեւ ոչ տպագիր) խոսքի նկատմամբ: Եթե դու ժամանակին չես հայտնվել այսպես կոչված «ընտրյալների» ցուցակում, ապա կարող ես անգամ չերազել քո էջերում գովազդի մասին: Եթե քո թերթը չի հայհոյում իշխանությանը կամ ընդդիմությանը, կարող է պարզապես փոշոտվել կրպակների դարակներում: Կրպակատերերը, որոնք պետական հանձնարարություն են ստանում «ցուցադրել» բացառապես «անհրաժեշտ» թերթերը, կարող են նայել աչքերիդ եւ երդվել, որ քո թերթը չի վաճառվում: Մաքսայինները թղթի համար ցանկացած գինն են ասում, ստացվում է, որ նրանք են վաճառում Ադրբեջան ներկրվող թուղթը: Տպագրիչները, քիչ բացառությամբ, իրենց ծառայության համար նույնպես ցանկացած գինն են ասում: Այսինքն՝ նրանք կարող են 1 օրինակի համար 3 ամերիկյան ցենտ պահանջել իշխող կուսակցության թերթից, 5 ցենտ՝ ընդդիմադիրից եւ 7 ցենտ՝ անկախ թերթից: Անգամ ընդդիմադիր (ծայրահեղ արմատական) մամուլը առավելություն ունի անկախ հրատարակությունների նկատմամբ: Պատճառն այն է, որ ընդդիմությունը, ուզում է, թե ոչ, խաղում է այն սցենարով, որ գծել են նախագահական ապարատի պատերի ներսում»:

«2003-ի նախագահական ընտրություններից հետո ժուռնալիստիկան միանգամայն կորցրել է իր դեմքը: Լրագրողները դադարել են հավատալ արդարությանը եւ միանգամայն հիմնավոր կարծում են, որ Ադրբեջանի ճակատագիրը ոչ թե նրա ժողովրդի ձեռքում է, այլ անդրազգային նավթային ընկերությունների: Ինչպես նախորդ տարիներին, մեծ թիվ են կազմում լրագրողների իրավունքների խախտումները: Դեռեւս գոյություն ունի արգելող-թույլատրող համակարգը, երբ չինովնիկը «իրավասու» է վաճառքից հանել իրեն դուր չեկած տպագիր արտադրանքը կամ արգելել դրա իրացումը սպառման համար շահավետ վայրերում: Այս ամենին ավելացել է դատական լիակատար ամենաթողությունը, որի հետեւանքը իրավաբանության հետ կապ չունեցող վճիռներն են: Այս ամենը ետ է տանում երկիրը դեմոկրատիայի նվաճված որոշակի աստիճանից: Ժուռնալիստիկան ստիպված է, ինչպես 10-15 տարի առաջ, պայքարել ամբողջատիրության մնացուկների հետ, որոնք հիմա ի հայտ են եկել նաեւ ԶԼՄ համակարգի ներսում»,-ասում է «Յենի Նեսիլ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նաիլիա Ալիեւան :

«Ի տարբերություն նախորդ 12 տարիների, քաղաքական իշխանությունն Ադրբեջանում սկսել է «լռեցնել թշնամական ձայները»: Ահա իրավախախտումների տեսակների մեր դասակարգումը՝ ազդեցություն հոգեբանության վրա եւ ահաբեկում, ապօրինի ձերբակալում եւ վարչական կալանք, ֆիզիկական ուժի կիրառում՝ ծեծ, հավատարմագրումից զրկում եւ խոչընդոտում տեղեկություն ձեռք բերելիս, խմբագրական գույքից զրկում, արգելքներ տարածման վրա, տնտեսական ազդեցություն եւ արգելք տպագրության վրա, լրագրողների նկատմամբ քրեական գործերի հարուցում եւ այլն»,-ներկայացնում է Ադրբեջանի լրագրողների պաշտպանության կոմիտեի աշխատակից Հյուգուգ Սալմանովը :
Հայաստանում հարաբերական անդորր է՝ փոթորկից առաջ

«Մամուլ-իշխանություն հարաբերությունների առումով երեք երկրներում, իհարկե, առանձնահատկություններ կան, բայց կա մի բան, որը միավորում է նրանց: Դա ընտրական իրավիճակի ազդեցությունն է խոսքի ազատության վրա»,-ասում է ազատ լրագրող Սամվել Մարտիրոսյանը:

«Ներկայումս կարծես թե հարաբերական անդորր է: ԶԼՄ-ի աղմկոտ փակումներ չեն դիտարկվում, ընտրություններ չկան, իսկ Սահմանադրության փոփոխությունների քննարկումներն էլ անցնում են լրագրողների համար սովորական իշխանություն-ընդդիմություն բանավեճի հունով»,-իրավիճակը գնահատում է «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Հայաստանում իսկապես անդորրի շրջան է: Սակայն այս փուլը հիմնավորված, ձեւավորված է այն գործընթացներով, որոնք նախորդել են՝ 2003-ի ընտրություններով: Հայկական ԶԼՄ-ի ներկայիս վիճակը պայմանավորված է հենց նախընտրական վիճակով եւ դրան հաջորդած վայրիվերո փոփոխություններով: Օրինակ' իշխանություններից կամ իշխանամետ ուժերից իրապես անկախ հեռուստակայանների բացակայությունը: «Իշխանությունները 2003-ի նախագահական ընտրություններից առաջ նախապես հոգացին ընդդիմադիր երկու կայանների' «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի»ի փակման հարցը' հասնելով դաշտում որոշակի մենաշնորհի: Հաշվի առնելով, որ հեռուստատեսությունը հայ հասարակության համար տեղեկատվության հիմնական աղբյուրն է, դա իշխանությունների համար վատ դիվիդենտ չէ»,-կարծում է Սամվել Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ խնդիրը համալիր է. հայ հասարակության շրջանում ժուռնալիստիկան չունի այն հեղինակությունը, որը թույլ կտար իշխանություններին ԶԼՄ-ի հետ խոսել ինչպես հավասարի հետ, իսկ հասարակությանը՝ սատարել լրագրողներին: ««Ա1+»-ի աջակցության բողոքի ցույցերին ամենաշատը 200-300 մարդ է հավաքվում, հիմնականում լրագրողներ, իրավապաշտպաններ: Այսպիսի պաշտպանությամբ հեռու չես գնա: Բացի այդ, հասարակության կողմից իրական, հիմնավորված պատվերի բացակայությունը ժուռնալիստիկան դարձնում է երկրորդ պլանի մասնագիտություն, եւ իբրեւ արդյունք՝ մենք ունենք ոչ թե ոչ պրոֆեսիոնալների բանակ, այլ ամեն ինչից հեռու մարդիկ: Մեզանում մամուլը ֆինանսապես ապահովված չէ հենց նշված պատճառներով, դրա համար էլ հեշտորեն ընկնում է ֆինանսական լոկոմոտիվների ազդեցության տակ»,-պնդում է լրագրողը:

Գալիք՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորում է տեղի ունենում, եւ դրանցից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ տեղեկատվական քարոզչության սեփական միջոցները: Սրա վկայությունն են նոր ծնվող հասարակական-քաղաքական թերթերն ու ամսագրերը ընթերցողական խիստ ցածր պահանջարկի եւ մեդիա-բիզնեսի տնտեսական անշահավետության պայմաններում:

«Հայաստանում իրավիճակը կարելի է շտկել ինտերնետ-հրատարակությունների զարգացման հաշվին: Չնայած՝ այստեղ մի մեծ մինուս կա՝ ինտերնետ օգտագործողների ցածր ցուցանիշը՝ 2 %»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը:

«Խոսքի ազատության եւ 4-րդ իշխանության կայացումը պայմանավորված են հետեւյալ գործոններով՝ բարենպաստ օրենսդրական բազա, կառավարող ուժերի քաղաքական կամք, ԶԼՄ-ի ֆինանսա-տնտեսական անկախություն, ժուռնալիստական հանրության համախմբում սեփական իրավունքների պաշտպանության համար, ԶԼՄ-ի ինքնակարգավորման արդյունավետ համակարգի ձեւավորում: Բոլոր երեք երկրներում այս գործոնները պատկերանում են շատ հեռավոր նպատակների տեսքով, ոչ թե տեսանելի ապագայում լուծելի խնդիրների»,-եզրակացնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter