HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին դանդաղ շնչահեղձ է լինում

Մարտուն Սաքանյանը թոքերը հետազոտել է դեռ խորհրդային տարիներին: Գանգատներ ուներ, եւ գործարանը հիվանդանոցի ուղեգիր տվեց: Թե ինչ ախտորոշեցին բժիշկները, այդպես էլ Մ. Սաքանյանը չիմացավ:

«Բժշկական տեղեկանքի այդ մասը պոկված հանձնեցին ինձ ու այլեւս որեւէ բուժման չուղարկեցին: Այդ ժամանակվանից թոքերիս պրոբլեմը կա, շունչս կտրում է»,-ասում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Մ. Սաքանյանը: Խորհրդային տարիներին 27 տարի անցկացնելով էլեկտրոլիզի արտադրամասում՝ նրա թոքերը կլանել են ծծմբային գազի գոլորշին: «Բայց ո՞վ կարա ապացուցի, որ գործարանից եմ հիվանդացել»,-տարակուսում է թոշակի անցած ալավերդցին, որին անհանգստացնում են ոչ միայն թոքերի, այլեւ ստամոքսի խոցի ցավերը: Շնչառությունն ավելի է վատանում, երբ գործարանի ծուխը հասնում է Սանահին-Սարահարթ թաղամաս, ուր ապրում է Սաքանյանը:

Ալավերդցիները պատմում են, թե, կախված քամու ուղղությունից, գազը տարածվում բոլոր թաղամասերում: Սանահին-Սարահարթ թաղամասը, չնայած գտնվում է քաղաքի բարձրադիր մասում ու բավական հեռու է գործարանից, հաճախ է ծածկվում ծծմբային գազի ամպերով: Այդ օրերին զգալի է դառնում գազի «հոտն ու համը», դժվարանում է բնակիչների շնչառությունը:

«Տանից այդ ժամերին դուրս չեմ գալիս: Եթե «գազ» է լինում, շնչառությունս փակվում է»,-պատմում է թաղամասի բնակչուհի 65-ամյա Սեդա Սիմոնյանը: Գործարանի դռնապահը տասներկու տարվա աշխատանքը թողեց, երբ հիվանդացավ թոքաբորբով: Եվ արդեն յոթ տարի տառապում է ասթմայով:

«Ալավերդուն բնորոշ են թոքային հիվանդությունները»,-ասում են տեղում աշխատող բժիշկները: Պղնձաձուլական գործարանի 1977-1986 թվականների թերապեւտ Սուսաննա Միկոյանը վկայում է, որ ծծմբային արտադրամասի գրեթե բոլոր աշխատողները մահացել են ուռուցքներից: Մետալուրգիական արտադրամասի աշխատողները հիվանդանում էին թոքերի ուռուցքներով, էլեկտրոլիզի արտադրամասում էլ տարածված էին խոցերը: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության Ալավերդու հսկան աշխատում էր նվազագույն արտանետումներով, երբ գործում էր ծծմբական թթվի արտադրությունն ու մթնոլորտ արտանետվող ծծմբային գազը կլանվում էր 75-80 տոկոսով: 1997թ.-ին վերագործարկված պղնձաձուլականն այսօր շուրջ հինգուկես անգամ պակաս պղինձ է արտադրում: Չի գործում ծծմբական թթվի արտադրությունն ու, բնականաբար, արտադրության ընթացքում ստացված ծծմբային գազն իր ողջ ծավալով մթնոլորտ է արտանետվում, աղտոտում շրջակա միջավայրը:

ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն' Ալավերդի քաղաքի մթնոլորտն աղտոտող ծծմբային գազի միջին տարեկան խտությունը 1997-ից մինչեւ 2004-ը հատել է սահմանային թույլատրելի խտությունը:


                                                     1997    1998    1999    2000    2001    2002    2003    2004
Ծծմբի երկօքսիդի
Սահմանային թույլատրելի
խտությունը-0.05մգ/մ 3                 0.01     0.21     0.09    0.19     0.17     0.23     0.17    0.48

2004թ.-ին պղնձի արտադրությունը 1997-ի համեմատ ավելացել է 33 անգամ՝ հասնելով 9.476 տոննայի: Նախարարության տվյալներից երեւում է, որ 2004-ին ծծմբային գազի արտանետումը սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է 9.6 անգամ: «Ծծմբային գազը բերանի խոռոչում վեր է ածվում թթվի, անցնում վերին շնչուղիներով ու հասնում թոքեր: Ծծմբական թթուն ազդում է մարդու օրգանիզմի վրա, թուլացնում այն ու իջեցնում դիմադրողականությունը: Միաժամանակ այն բերանի խոռոչում ռեակցիայի մեջ է մտնում եւ առաջացնում աղեր, որոնք էլ քայքայում են ատամնաշարը»,-ասում է ատամնաբույժ Կորյուն Ասրյանը:

Բժիշկ-ատամնաբույժ Կորյուն Ասրյանը դեռ տասը տարի առաջ մասնակցել է գործարանի պրոֆիլակտիկ հետազոտություններին ու եզրակացրել. «Նույնիսկ այն դեպքում, երբ գործում էր ծծմբական թթվի արտադրամասը, գործարանի աշխատողներից եւ ոչ ոք նորմալ ատամ չուներ»: Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկը ցավով է նշում, թե ինչպես 18-20 տարեկան ալավերդցիների մոտ ավելացել են ատամի հիվանդությունները, ի հայտ եկել ատամնաշարի թուլացման դեպքեր: Կորյուն Ասրյանը ստոմատոլոգիական հիվանդությունների բարդությունները երիտասարդների շրջանում արձանագրում է հատկապես զորակոչի ժամանակ, երբ որպես զինկոմիսարիատի հանձնաժողովի բժիշկ զննում է զինակոչիկներին:

Ալավերդիում երիտասարդացել են հիվանդությունները: Գործարանի նախկին թերապեւտ Սուսաննա Միկոյանն այժմ սպասարկում է Սանահին-Սարահարթ թաղամասի շուրջ տասնմեկ հազար բնակչությանը, որի շրջանում առավել տարածված են շնչառական ու թոքային հիվանդությունները: Սկսած 1997թ.-ից' դրանք ավելացել են 50 տոկոսով: Բժշկուհին վկայում է, որ բնակիչներից տասից ինը ֆարինգիտ ունի: Կանանց յոթանասուն տոկոսի մոտ առկա են տարբեր ուռուցքներ' կա՛մ արգանդն է հեռացվում, կա՛մ ձվարանները: Վերջերս տասը ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտություններով թոքերում հայտնաբերվել են հիվանդությունների նախանշաններ: «Եթե բոլորն էլ հետազոտվեն, մանր օջախների հայտնաբերումը չի բացառվում»,-կարծում է թաղամասային բժշկուհին ու շեշտում, որ հղիների շրջանում առավել արտահայտված են թոքային բորբոքումները:

Ալավերդիում մահվան դեպքերն ավելի շատ ուռուցքներից են: Սուսաննա Միկոյանն ասում է, որ ավելացել են նաեւ սրտանոթային հիվանդությունները եւ դրանցից առաջացող մահվան դեպքերը, որոնց հիմքում ընկած են առավելապես ուռուցքները: «Ալավերդիում հիվանդությունները կապված են գործարանի հետ»,-կարծում է բժշկուհի Սուսաննա Միկոյանը,-մթնոլորտը շատ վատն է»:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր «ACP» ընկերությունը ՀՀ Կառավարության որոշմամբ 2004թ.-ին պայմանագիր է կնքել Ալավերդու պոլիկլինիկայի հետ, որի շրջանակներում կառավարության սահմանած պարբերականությամբ իրականացվելու է գործարանի բոլոր աշխատակիցների բժշկական զննություն: Առաջին փուլն ավարտվել է, եւ բացառությամբ մեկի, մնացածի առողջական վիճակը բավարար է եղել գործարանում աշխատելու համար: «ACP» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ասում է, թե այդ աշխատողն ունեցել է սրտային որոշակի անբավարարություն եւ ծանր աշխատանքից նրան տեղափոխել են այլ աշխատանքի:

«Ասել, որ այսպիսի արտանետումները չեն ազդել բնակչության առողջության վրա, սխալ կլինի: Նվազագույն արտանետումների պարագայում նույնիսկ դա ունենում է իր ազդեցությունը»,-ասում է Գագիկ Արզումանյանը: Ընկերության հաշվարկներով' այժմ արտանետումները երկուսուկես անգամ ավելի ցածր են, քան խորհրդային տարիներին: Սակայն Գագիկ Արզումանյանը դա որեւէ կերպ չի համարում մոտ թույլատրելի սահմանին կամ էլ բավարար չափանիշ: Անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես են համեմատվում Խորհրդային Միության ցուցանիշների հետ, ներկա արտանետումները մնում են չափազանց բարձր: Եռամսյա պարբերությամբ ընկերությունը բնապահպանական վճարներ է մուծում պետբյուջե հենց արտանետումների թույլատրելի սահմանը գերազանցելու համար: «Ցանկացած ծախսի ավելացում ձեռնտու չէ: Բայց մենք գիտակցում ենք դրա անհրաժեշտությունը»,-ասում է ընկերության գործադիր տնօրենը, որի գլխավորած ընկերությունը կաթ ու քաղցրավենիք է տրամադրում Ալավերդու դպրոցների տարրական դասարանների աշակերտներին: Գագիկ Արզումանյանն ասում է, թե մտադիր են սարքավորումներ տեղադրել, որոնք թույլ կտան էապես նվազեցնել արտանետվող ծծմբային գազերի ծավալը: Թե քանի տոկոս նվազեցում կլինի, եւ դա ինչի հաշվին տեղի կունենա, դեռեւս հստակ չէ: Բայց ընկերությունը արտանետումները կիսով չափ նվազեցնելու հեռանկար ունի, որը պայմանավորված չէ ծծմբական թթվի արտադրությամբ:

Արտադրության ծավալները նման փոփոխություն թույլ չեն տալիս: Այս պայմաններում «ACP»-ն հարկադրված է գտնել միջանկյալ լուծումներ ծծմբային գազերի օգտագործման համար: Դրա արդյունքում կստացվեն բնապահպանական տեսակետից անվտանգ թափոններ, որոնք կտեղակայվեն անվտանգ վայրերում այնպես, ինչպես Ալավերդիում գտնվող պոչամբարը: Ալավերդու քաղաքապետարանին շուրջ 120 միլիոն դրամ է հարկավոր բնապահպանական ու առողջապահական ծրագրեր իրագործելու համար:

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը սպասում է ծրագրի հաստատմանը, որի ֆինանսական աղբյուրը «ACP» ընկերության կողմից պետբյուջե մուծվող բնապահպանական վճարներն են: Եթե կառավարությունը չհաստատի ծրագիրը, Ալավերդին կմնա բնապահպանական ու առողջապահական խնդիրների բեռի տակ:

«ACP»-ն գիտակցում է, որ արտանետումների նվազեցման համար անհրաժեշտ է ձեռնարկել գործնական եւ ազդեցություն ունեցող քայլեր: Իսկ դրանք կիրականացվեն առաջիկա երկու տարում: Մինչ այդ ալավերդցին կշարունակի շնչել ծծմբային գազն ու զգալ ծծմբի «հոտն ու համը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter