HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են ֆինանսավորել ավագանու թեկնածուների քարոզարշավը․ տվյալների բազա

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական քարոզարշավն իրականացվել է ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների նվիրաբերած գումարով։ Թեկնածուներից ոմանց նվիրատվությունների չափը, սակայն, գերազանցում է նրանց հայտարարագրած եկամուտն ու դրամական միջոցները։   

Քարոզչության ֆինանսական թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամներ, որի հաշվեհամարին պետք է փոխանցվեն քարոզարշավի համար նախատեսված նվիրատվությունները։ Այդ հաշվեհամարը վերահսկում է Կենտրոնական բանկը, որն էլ պարբերաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկում հիմնադրամի ֆինանսական շարժերը։  

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամին գումար կարող է նվիրաբերել․

1․ Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Նվիրաբերվող գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը։

2․ Ընտրություններին մասնակցող կուսակցությունը։ Նվիրաբերվող գումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

3․ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին։ Նվիրաբերվող գումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

4․ Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն։ Նվիրաբերվող գումարը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 125-Ն որոշումը սահմանում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է լրացնեն նախընտրական քարոզարշավի ֆինանսական մուտքերն ու ելքերն արտացոլող հայտարարագիր։

«Հետքն» ուսումնասիրել է հարյուրավոր փաստաթղթեր, որտեղ երևում են թեկնածու կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավի ֆինանսական մուտքերն ու ելքերը։ Չխախտելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ համակարգել ենք փաստաթղթերում առկա տեղեկատվությունը տվյալների մեկ բազայում՝ նպատակ ունենալով ապահովել մասնակից քաղաքական ուժերի ֆինանսական քաղաքականության թափանցիկությունը։ Բազայում ընդգրկված տվյալները սեպտեմբերի 13-ի դրությամբ են։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ որոշ կուսակցությունների ֆինանսական շարժը փոխվել է, բայց նվիրատուների անունները դեռևս հասանելի չեն։  

Տվյալների բազային ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք հետևյալ հղումը

Բազայում բացակայում են մի քանի կուսակցության և դաշինքի տվյալներ, քանի որ դրանք ֆինանսական շարժ չեն ունեցել։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուներն ինքնաֆինանսավորմամբ չեն զբաղվել։ Կուսակցությունը ստացել է մեկ նվիրատվություն` 20 հազար դրամի չափով, այլ նվիրատուից։ Այս կուսակցության թեկնածուները չեն լրացրել նաև գույքի և եկամուտների հայտարարագրեր։ «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուները նույնպես վճարումներ չեն արել, բայց կուսակցության անունից 1 մլն 500 հազար դրամ է փոխանցվել նախընտրական քարոզարշավի հիմնադրամի հաշվին։ «Հայք» կուսակցությունը և «Երևանցիներ» դաշինքը որևէ ֆինանսական շարժ չեն ունեցել։

Նախընտրական քարոզարշավի համար ամենաշատ գումարը հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՝ 58 մլն 941 հազար դրամ։ ԲՀԿ-ին հաջորդում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 40 մլն դրամ։ Երկու քաղաքական ուժերի քարոզարշավի ֆինանսական մուտքերն աապահովել են ընտրացուցակում ընդգրկված թեկնածուները։

Գործազուրկ թեկնածուները միլիոններ են նվիրաբերում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 38 թեկնածուներ 999 հազարական դրամ են մուտք արել նախընտրական հիմնադրամի հաշվին։ Նվիրատուների 65 տոկոսը, ըստ ԿԸՀ տվյալների, չի աշխատում։ Մնացածի հայտարարագրած եկամուտը զգալիորեն քիչ է նվիրաբերած գումարից:

Կուսակցությունների և դաշինքների ֆինանսական փաստաթղթերից կարելի է տեսնել, որ որոշ թեկնածուներ նվիրաբերել են ավելի շատ գումար, քան ունեն։

Օրինակ` ԱԻՆ առաջատար մասնագետ, ԲՀԿ ցուցակի 91-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Սուրենի Խանդանյանը հայտարարագրել է 120 հազար դրամ եկամուտ և 470 հազար դրամ դրամական միջոցներ, բայց կարողացել է 990 հազար դրամ նվիրաբերել հիմնադրամին: «Իմպերիում պլազա» ԲԿ-ի ադմինիստրատոր Սերժ Սամվելի Հայրապետյանն էլ 120 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել, դրամական միջոցներ չունի, բայց կարողացել է 999 հազար դրամ նվիրաբերել նախընտրական հիմնադրամին:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի 40 թեկնածուներ 1-ական միլիոն դրամ են մուտք արել իրենց քաղաքական ուժի նախընտրական հիմնադրամի հաշվին։ Նվիրատուների 15 տկոոսը, ըստ ԿԸՀ տվյալների, չի աշխատում։

Ցուցակի 73 համարի ներքո գրանցվել է գրող-հրապարակախոս Լևոն Ջավախյանի դուստրը` Աննա Ջավախյանը: Չի աշխատում, ոչ եկամուտ, ոչ էլ դրամական միջոցներ է հայտարարագրել, սակայն հիմնադրամին 1 մլն դրամ նվիրատվություն է կատարել: Աննա Զավախյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է կարողացել այդ պայմաններում ներդրում կատարել նախընտրական հիմնադրամին: «Չնայած ինքս չեմ աշխատում, բայց իմ ընտանիքի եկամուտն ինձ թույլ է տալիս նման նվիրատվություն կատարել»,- հիմնավորեց Աննա Զավախյանը։

ՔՊ վերադարձի հիմնադրամի Դավթաշենի գրասենյակի գործավար Գայանե Խաչատրյանը, ով զբաղեցնում է «Իմ քայլը» դաշինքի 109-րդ հորիզոնականը, ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ էլ դրամական միջոցներ, բայց նա էլ է կատարել է 1 մլն դրամի նվիրատվություն:

ՀՅԴ ցուցակի 52-րդ թեկնածու Արթուր Խաչատրյանը Սիրարփի ԱՀ ՍԱՊ-ի տնօրենն է: Ըստ ներկայացրած հայտարարագրի` չունի ոչ եկամուտ, ոչ էլ դրամական միջոցներ, այնուամենայնիվ, կարողացել է 100 հազար դրամ նվիրաբերել նախընտրական հիմնադրամին:  

Այս թեկնածուները կամ հանդիսացել են գումարը նվիրաբերողի իրական անունը թաքցնելու միջոց կամ էլ, դեռևս չընտրված, չեն հայտարարագրել իրենց դրամական միջոցները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter