Վաճառվել են Քիմիայի ինստիտուտի հողատարածքները
Արսեն Գրիգորյան
ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1690-Ա որոշման համաձայն' Երեւանի քաղաքապետը 10-օրյա ժամկետում պետք է կատարեր Հայաստանի Հանրապետության ԳԱ ակադեմիայի շենքերով (այդ թվում նաեւ' ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտով) զբաղեցված, ինչպես նաեւ սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքների ճշտման աշխատանքները: Դրանից հետո, ըստ նույն որոշման, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նշված հողատարածքների ճշտման աշխատանքների ավարտից հետո պետք է անվճար կատարեր գույքային իրավունքների պետական գրանցում:
Սակայն ՀՀ կառավարության հիշյալ որոշումը չի կատարվել: Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարության օրոք, 30.12.02թ. թիվ 2699-Ա որոշման համաձայն, 2003թ. հունվարի 17-ին կայացել է Ը նդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի հողատարածքների առաջին աճուրդային վաճառքը: 1550քմ վաճառվել է գնորդ Վաչագան Գասպարյանին, 1150քմ՝ Թաթուլ Մովսիսյանին եւ 1550քմ' Նորայր Մակվեցյանին:
Ի կատարումն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 2004թ. ապրիլի 29-ի հանձնարարականի' վերջինիս ուղղված իր 04.06.2004թ. պաշտոնական գրության մեջ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը նշել է, որ «2003թ. հունվարի 17-ին կայացած վարձակալության մրցույթի եւ աճուրդային վաճառքի արդյունքները հաստատելու մասին Երեւանի քաղաքապետի 03.02.03թ. թիվ 154-Ա որոշման համաձայն օտարված հողամասերից 3-ի չափերը չեն համապատասխանում ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի 14.04.99թ. թիվ 2445/12-01 գրությամբ Արաբկիր համայնքի ղեկավարին ներկայացված հողհատկացման համաձայնեցման պայմաններին, այն է' գործող մասնաշենքից մինչեւ օտարվող հողամասերի սահմանը 30 մ ինստիտուտի տարածքում թողնելու պահանջին»:
Քիմիայի ինստիտուտի գործունեությունն իր առանձնահատկություններն ունի, ինչը, ի տարբերություն նախկին ու ներկա քաղաքապետերի, ճանաչել կամ ընդունել է նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Հ. Հովհաննիսյանը: Դրանից էլ ավելի առաջ' 90-ականների սկզբներին, Երքաղխորհրդի գործկոմի կողմից ինստիտուտին հարող տարածքում կատարվել է հողհատկացում' ինստիտուտի աշխատակիցների համար բնակելի շենքի կառուցման համար: Կատարվել են հողային աշխատանքներ, սակայն Խորհրդային Միության փլուզման եւ ֆինանսական միջոցների բացակայության հետեւանքով շինարարություն չի իրականացվել: 1999թ. ապրիլի 6-ի նամակով Արաբկիր համայնքի այժմ նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը դիմել է ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Ս. Կարախանյանին: Տեղեկացրել է, որ «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից առաջարկություն է ներկայացվել այդ տարածքում ցածրահարկ բնակելի շենքեր կառուցելու վերաբերյալ եւ, «ելնելով Ձեր կազմակերպության գործունեության առանձնահատկություններից», տնօրենին խնդրել է «տալ համապատասխան կարծիք' տարածքը այդ նպատակի համար օգտագործելու վերաբերյալ»: Հետագայում այդ ծրագիրը չի իրականացել, բայց ի՞նչ առանձնահատկությունների մասին է խոսքը:
Խնդիրն այն է, որ որպես Քիմիայի ինստիտուտ' նրա համապատասխան մասնաշենքերը, ինչպես նաեւ նմանատիպ բոլոր օբյեկտները, պետք է անվտանգության նկատառումներով ունենան որոշակի գոտեւորում (սանիտարական անվտանգության գոտի): Թե ինչո՞ւ, իր 12.04.1999թ., թիվ 2445/12-01 գրության մեջ բացատրել է ինստիտուտի նախկին տնօրեն Ս. Կարախանյանը. «Ելնելով ինստիտուտում կատարվող հետազոտական աշխատանքների բնույթից, նոր տեսակի քիմիական նյութերի սինթեզի... եւ անվտանգության պայմանների ապահովման անհրաժեշտությունից»: Նախկին տնօրենը նշել է նաեւ սինթեզվող նոր տեսակի քիմիական նյութերի պայթյունավտանգության մասին:
Երեւանի քաղաքապետը նշված որոշումը չէր կարողանա ընդունել, եւ հողատարածքների վերոհիշյալ վաճառքը չէր լինի, եթե կատարած լիներ կառավարության 2002թ. թիվ 1690-Ա որոշման առաջին կետի պահանջը:
Հողերի վաճառքը շարունակվել է նաեւ հետագայում' Երեւանի ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարության օրոք:
Երեւանի քաղաքապետարանը 2003թ. հուլիսի 25-ին ապօրինի կերպով, առանց տեղյակ պահելու ինստիտուտի ղեկավարությանը եւ նրա հետ համաձայնեցնելու, ինստիտուտին պատկանող, 1961թ.-ից նրան ամրագրված պարսպապատ տարածքի աճուրդային վաճառք կազմակերպելու միջոցով ֆիզիկական անձանց վաճառել է 3 հողամաս: Դրանք գտնվում են ինստիտուտի անմիջական հարեւանությամբ, նրա բակային հատվածում եւ, ընդհանուր առմամբ, զբաղեցնում են 4200քմ մակերես:
Վաճառքի գործընթացը սկսվել է նրանից, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2003թ. հուլիսի 1-ին ստորագրել է վերոհիշյալ հողամասն աճուրդով վաճառելու մասին թիվ 1400-Ա որոշումը: Ճիշտ է, փաստաթղթերում այդ տարածքը ներկայացված է խիստ անորոշ կերպով' «Գրիբոյեդովի փող. հարող տարածք»: Չնայած' խոսքը Արղության փ. 2-րդ նրբանցք, թիվ 10 շենք հասցեում գտնվող ինստիտուտի հողատարածքների մասին է:
Ինստիտուտին պատկանող հողատարածքների նկատմամբ իրենց ունեցած իրավունքները վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ նախագահությունը եւ ինստիտուտի ղեկավարությունը բազմիցս դիմել են քաղաքապետին եւ վերադաս մարմիններին, սակայն ապարդյուն:
Երեւանի ներկայիս քաղաքապետի 06.08.2003թ. որոշմամբ օտարված 3 հողամասերի (3000 քմ-ի գնորդը' Արմեն Գեւորգյան, 800 քմ-ի գնորդը' Սուրեն Մկրտչյան, 400 քմ-ի գնորդը' Իվետա Դավթյան) առնչությանբ ՀՀ վարչապետին Մ. Վարդանյանի ուղարկած գրության մեջ նշված է. «Դրանք գտնվում են անմիջականորեն ինստիտուտի բակային հատվածում եւ դրանց օտարումն իրականացվել է առանց ինստիտուտի համաձայնության եւ այդ հողամասերի նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը սահմանված կարգով դադարեցնելու' փաստորեն խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված պահանջները»:
Ելնելով վերը շարադրվածից' Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը վերոհիշյալ գրության մեջ նշել է, որ «անհրաժեշտ է դատական կարգով անվավեր համարել հուլիսի 25-ին կայացած աճուրդի' վերը շարադրված արդյունքները, ինչպես նաեւ հունվարի 17-ին կայացած աճուրդում այն 3 հողամասերի օտարման արդյունքները, որոնք չեն համապատասխանում ինստիտուտի կողմից համաձայնեցված տարբերակին, եւ դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները: Ինստիտուտի կողմից նշված պահանջներով հայցադիմում դատարան ներկայացնելու դեպքում կոմիտեն կողմ կլինի շարադրված մոտեցումներով հարցի լուծմանը»: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը վարչապետին միաժամանակ տեղեկացրել է, որ «հանձնարարականի կատարման ուշացումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից խնդրո առնչությամբ կարծիք ստանալու անհրաժեշտությամբ, որն այդպես էլ չի ներկայացվել»:
Մ. Վարդանյանը վարչապետին հասցեագրած այս գրությունից ավելի քան կես տարի առաջ (16.12.03թ.) էր դիմել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին եւ ներկայացրել կոմիտեի' Անդրանիկ Մարգարյանին ուղարկած գրության մեջ արտահայտված այն նկատառումները, որ մեջբերեցինք: Անհրաժեշտ համարելով աճուրդի արդյունքները դատական կարգով չեղյալ համարելը' Մ. Վարդանյանը նշել է նաեւ, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «իր պատրաստակամությունն է հայտնում Երեւանի քաղաքապետի հետ համատեղ հայցադիմում ներկայացնել դատարան»: Սակայն այս ամենին քաղաքապետ Ե. Զախարյանի պատասխան ը լռությունն է եղել: Քաղաքապետն անտեսել է, որ Մ. Վարդանյանը 16.12.2003թ. գրությամբ իր ղեկավարած կոմիտեի նկատառումները ներկայացնում է «Ի կատարումն ՀՀ վարչապետի 17.09.03թ. N 91- 4616 եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 27.11.03թ. N 100-6115 հանձնարարականների»:
Ուշագրավ է նաեւ կոմիտեի նախագահի նույն գրությամբ արտահայտված հետեւյալ տեղեկատվությունը. «Քանի որ համապատասխան հողամասերի նկատմամբ ինստիտուտի գույքային իրավունքները չեն ստացել պետական գրանցում, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանումը Երեւանի քաղաքապետի' վերը նշված որոշումների եւ համապատասխան պայմանագրերի հիման վրա իրականացրել է օտարված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, սակայն, նկատի ունենալով, որ հիշատակված հանգամանքները բավարար հիմքեր ունեին օտարված հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների գրանցումը մերժելու համար, ստորաբաժանման մի շարք աշխատակիցներ եւ ստորաբաժանման ղեկավարը ենթարկվել են կարգապահական տույժերի»:
Ավելին' Մ. Վարդանյանը Երեւանի քաղաքապետին հասցեագրած իր 16.12.03թ. գրության մեջ նշել է նաեւ. «Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրականացված աճուրդներն ըստ էության կրել են ձեւական բնույթ եւ աճուրդի ընթացքում ձեւավորված գինը ամենեւին չի համապատասխանում շուկայական արժեքին, ավելին' հուլիսի 25-ի աճուրդի ժամանակ Ա. Գեւորգյանի կողմից 3414,4 հազար դրամով ձեռք բերված 3000 քմ հողամասից 500քմ-ը օգոստոս ամսին վաճառվել է 8 մլն դրամով»: Եթե նկատի ունենանք նաեւ, որ Արմեն Գեւորգյանին այն ժամանակ մոտ 6000 դոլարով վաճառված 3000 քմ հողամասը Կոմիտասի պողոտայի մոտ է, ապա կատարված գործարքի էությունը եւ պետական շահերին պատճառված վնասը լիովին պարզ կլինի:
Նշված ինստիտուտի հողատարածքների աճուրդային վաճառքի արդյունքները հաստատող Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանի որոշումից մեկ ամիս հետո Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի ժողովում քննարկվել է այդ հարցը, եւ ժողովին ներկա բոլոր աշխատակիցների համաձայնությամբ կազմվել է բովանդակությունը մի նամակի (11.09.2003թ., թիվ 49/01), որն այնուհետ ուղարկվել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, իսկ կրկնօրինակները' ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանին եւ վարչապետ Ա. Մարգարյանին:
«ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի (ԸԱՔԻ) եւ փորձնական գործարանի (Փ/Գ) ղեկավարությունը եւ կոլեկտիվը հարկ են համարում Ձեզ տեղեկացնելու, որ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի առջեւ ծառացել է մեր կարծիքով լուրջ եւ մտահոգիչ խնդիր, որը սպառնում է նրա նյութատեխնիկական բազայի աստիճանական ոչնչացմանը: Նշվածը տեղի է ունենում որոշ պետական այրերի, տեղական կառավարման մարմինների անտարբերության, թողտվության եւ անօրինական գործողությունների հետեւանքով: ԸԱՔԻ-ի առջեւ ծառացել է իր զբաղեցրած հողային տարածքների մասնատման, անօրեն վաճառման (օտարման) փաստը, որը հարցականի տակ է դնում ինստիտուտում տարվող գիտահետազոտական աշխատանքների ընթացքը: Տվյալ դեպքում անօրինական հողհատկացումների արդյունքում ոչնչանում է քիմիական ինստիտուտի' մասնագիտական հաշվարկումներով հաստատված սանիտարական անվտանգության գոտին, որի պատճառով հնարավոր չէ ապահովել ինստիտուտի տարածքում անօրինական ճանապարհով կառուցվելիք շենքերի եւ մարդկանց անվտանգությունը:
Պետք է հատուկ նշել, որ ԸԱՔԻ-ի' նախկինում պետականորեն հատկացված (գլխավոր հատակագիծը հաստատված է) տարածքները Երեւանի քաղաքապետարանի եւ Արաբկիր համայնքի թաղապետարանի թույլտվությամբ եւ աջակցությամբ յուրացվում են որոշ անձանց կողմից: Այս պարագայում խիստ վրդովեցնում է այն հանգամանքը, որ ինստիտուտի անվտանգության գոտու հողատարածքը, որի վրա իրականացվում է շինարարությունը, հատկացվում են քաղաքապետարանի որոշումներով, առանց տեղյակ պահելու ՀՀ ԳԱԱ նախագահությանը եւ ԸԱՔԻ տնօրինությանը»,-նշված է նամակում:
Դիմողները հանրապետության ղեկավարներից խնդրել են «Ի հաստատում ԳԱԱ գիտական պոտենցիալի լիարժեք գործունեությանն ուղղված ՀՀ ղեկավարության կողմից տարվող քաղաքական կուրսի' միջամտել նշված խնդրի լուծման ընթացքին, որը հնարավորություն կտա տարբեր պաշտոնյաների կողմից ՀՀ գիտական համակարգի նյութատեխնիկական բազային հասցվող եւ հետագայում չվերականգնվող վնասը կանխել»: Նամակը ստորագրել են ԸԱՔԻ-ի տնօրեն, պրոֆեսոր Ս. Դավթյանը, նրա երկու տեղակալները, ակադեմիկոս, լաբորատորիայի վարիչ Կ. Կոստանյանը, ինստիտուտի 14 այլ գիտնականներ, ինչպես նաեւ արհկոմը:
Հինգ օր անց' 2003թ. սեպտեմբերի 16-ին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ինստիտուտի կոլեկտիվի այդ նամակը կից գրությամբ ուղարկելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանին' ընդամենը խնդրել է քննարկման արդյունքների մասին հայտնել հեղինակներին: Նախագահի աշխատակազմը նշված խնդրի կապակցությամբ ուրիշ ոչինչ չի ձեռնարկել՝ չնայած նրան, որ ինստիտուտի ղեկավարության բողոքը հետագայում հասել է նաեւ վերահսկողական ծառայություն:
2003թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը թիվ 091-4616 հանձնարարականով դիմել է Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Վարդանյանին, որպեսզի նրանք ՀՀ ԳԱ ակադեմիայի հետ համատեղ մանրամասն ուսումնասիրեն վերոհիշյալ նամակը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ: Վարչապետն իր հանձնարարականի այս (1-ին) կետի կատարման համար 15-օրյա ժամկետ է սահմանել: Հանձնարարականի 2-րդ կետով Ա. Մարգարյանը նրանց խնդրել է ներկայացնել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1690-Ա որոշման կատարման ընթացքը' դրա համար սահմանելով 7-օրյա ժամկետ: Սակայն ինչպես Երեւանի նախկին քաղաքապետ Ռ. Նազարյանը չէր կատարել կառավարության վերոհիշյալ որոշման պահանջը (թեեւ ինստիտուտի հողատարածքների ճշտման աշխատանքներն ապահովելու համար նույն որոշմամբ 10-օրյա ժամկետ էր սահմանված), այնպես էլ ներկայիս քաղաքապետ Ե. Զախարյանն է արհամարհել ու չի կատարել վարչապետի հիշյալ հանձնարարականի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ կետով շարադրված պահանջը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանը վարչապետի նշված հանձնարարականից 2 ամիս 10 օր հետո' 27.11.2003թ., ճարահատյալ մի նոր հանձնարարական է (թիվ 100-6115) ուղարկել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին ու խնդրել «արագացնել 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 091-4616 հանձնարարականի կատարումը»:
Տեղեկացնենք նաեւ, որ Ե. Զախարյանի 06.08.2003թ. որոշմամբ վաճառված հողատարածքներից երկուսի տակով անցնում է Դ-729մմ տրամագիծ ունեցող գազի բարձր ճնշման խողովակ: Համաձայն ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգերի եւ գազի տնտեսության անվտանգության կանոնների»' շենքերի հիմքերը բարձր ճնշման գազատարից պետք է առնվազն 7 մետր հեռու լինեն:
Ապօրինությունների այս շարքի մասին գիտեն բոլոր պետական մարմինները, սակայն դրանից որեւէ բան չի փոխվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել