
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ. «Սենց որ գնա, վստահված անձի, դիտորդի, լրագրողի կարիք չի լինի»
Արաբկիր վարչական շրջանի 4/12 ընտրատեղամասում 18:20-ի դրությամբ քվեարկել է 708 ընտրող, այս ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունի 1936 ընտրող: «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ադիբեկ Մելիքյանն ասաց, որ 1998 թվականից ակտիվ մասնակցել է ընտրական գործընթացներին, եղել է վստահված անձ, սակայն նման աննախադեպ ընտրություն չի եղել: «Սենց որ գնա, վստահված անձի, դիտորդի, լրագրողի կարիք չի լինի»,- կատակեց Մելիքյանը:
ՔՊ-ական վստահված անձն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց` «Իմ քայլը» դաշինքը պիցաներ է ուղարկել հանձնաժողովի անդամների համար: «Դաշինքն ուղարկել ա, որ ուտենք, սոված չմնանք, էդ պիցաները կիսել եմ Դաշնակցության, «Լուսավոր Հայաստան»-ի՝ հանձնաժողովի անդամների հետ, մարդավարի կիսել ենք, հետո իրանք են բերել, էլի կիսել ենք, մեր ազգի մեջ հացը սուրբ ա, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասաց Մելիքյանը:
Հարևանությամբ գտնվող 4/13 ընտրատեղամասում 18:45-ի դրությամբ մասնակցել է 643 ընտրող՝ 1822 ընտրական իրավունք ունեցողներից:
Մեկնաբանել