
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցել ընտրություններին
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր չի մասնակցել ընտրություններին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը:
Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, գրանցված է Ավան վարչական շրջանի 1/19 ընտրատեղամասում: Այստեղ գրանցված են նաև Մարգարյանի ընտանիքի անդամները: Նրանցից միայն 18-ամյա որդին՝ Նահապետ Մարգարյանն է կատարել իր քաղաքացիական պարտքն ու մասնակցել ընտրություններին:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում էին Երևանի ավագանու ընտրությունները: Տարոն Մարգարյանն, ով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում դարձել էր քաղաքապետ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից որոշ ժամանակ անց՝ հուլիսի 9-ին հրաժարական է տվել:
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: Ժամը 20:00-ից ընտրատեղամասերը փակվել են, և այժմ պետք է ամփոփվեն ընտրության արդյունքները:
Մեկնաբանել