
Նախնական հաշվարկով՝ «Իմ քայլը» հավաքել է 81.06 % ձայն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Երևանի քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։ Նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 81.06 տոկոսը կամ 294 109 ընտրող:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը հավաքել է 6.95 տոկոս ձայն: Երրորդում՝ «Լույս» դաշինքն է՝ 4.99%-ով:
Կան նախնական տվյալներ այն մասին, թե քաղաքական ուժերը որ վարչական շրջանում, որքան ձայն են հավաքել։
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Հայկ Մարությանը Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետի այլ թեկնածուներին հաղթել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։ Նրա օգտին վարչական շրջաններում քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 71-86 %-ը։ Մարությանն ամենաշատ ձայներ հավաքել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ նրա օգտին քվեարկել է քվերակությանը մասնակցածների 86․2 %-ը։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 43․65 տոկոսը․ 848 343 ընտրողներից 370 323-ը։
Երևանի վարչական շրջաններից ամենաակտիվը Նորք-Մարաշն է եղել։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը։ Ամենապասիվը Էրեբունի վարչական շրջանն է, այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 40 տոկոսը։ Ընդհանրապես, բոլոր վարչական շրջաններում քվեարկության ակտիվությունը կազմել է 40-47 տոկոս։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել