HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մոտ 350 հայաստանցի Լարսի ձնաբքի մեջ է

Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը անտեղյակ ու անտարբեր է

Վերին Լարսի անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով շարունկավում է ավտոմեքենաների արգելափակումը: Ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները դեռ շարունակում են մնալ ճանապարհին: Ընդ որում` եթե ռուսական և վրացական լրատվամիջոցները ճանապարհին մնացած ՀՀ քաղաքացիների մասին թվային տվյալներ են հաղորդում, Վրաստանում Հայաստանի դեսպանատունն անգամ տեղյակ չէ, թե հայեր են մնացել բքի մեջ, անօգնական վիճակում են: Ըստ վերոնշյալ լրատվամիջոցների` խոսքը մոտ 350 հայաստանցու մասին է: Սակայն Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները հերքում են այս տեղեկությունը` վրացական և ռուսական լրատվամիջոցներին մեղադրելով թվերն ուռճացնելու համար: «Այդքան մարդ չկա, այդ թվերն ուռճացված են»,- երեկ «Հայացք»-ի թղթակցին արգեսիվ տոնով ասաց դեսպանատան աշխատակիցը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ: Երբ հորդորեցինք ներկայացնել իրենց սեփական հաշվարկները և ասել, թե քանի մարդ է մնացել ճանապարհին, դեսպանատան աշխատակիցն ասաց, որ ժամ առ ժամ այդ թիվը փոփոխվում է, և ճիշտ չէ մարդկանց թվի մասին խոսելը: Պարզեցինք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն անգամ պատկերացում չունեն, թե քանի հայ է մնացել սահմանին: Այդ դեպքում տեսնես ի՞նչ վստահությամբ են վրացական և ռուսական լրատվամիջոցների ներկայացրած թվերն ուռճացված համարում: Դեսպանատան անտեղյակության և վատ աշխատանքի մասին է փաստում նաև այն, որ ճանապարհին մնացած Հայաստանի քաղաքացիների մասին առաջին տեղեկատվությունը վրացական և ռուսական լրատվամիջոցները հայտնեցին: Նույն պատմությունը կրկնվեց նաև մոտ մեկ ամիս առաջ, երբ ուժեղ ձյան հետևանքով հայկական բեռնատարները մնացին սարերի մեջ, իսկ հայկական կողմից ոչ ոք վարորդներին օգնության ձեռք չմեկնեց, քանի դեռ լրատվամիջոցները մեծ աղմուկ չբարձրացրին: Այն դեպքում էլ հայկական բեռնատարները ռուսական տարածքում էին մնացել, սակայն նույն ջայլմային քաղաքականությունը վարեց նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցն անընդհատ կրկնում էր, թե իրենք մշտական կապի մեջ են ճանապարհին մնացած հայերի հետ, նրանց հորդորում են վերադառնալ: Նա նաև պնդեց, որ տուժածներն իրենց լավ են զգում և դեսպանատան աշխատակիցներին ասել են, թե իրենց այցելելու խնդիր չկա: «Մենք նրանց հետ կապի մեջ ենք և ընդհանուր վիճակին տիրապետում ենք»,- ասաց անհայտ աշխատակիցը:

Ի դեպ, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ մի շարք էլեկտրոնային կայքերի տեղեկացրել է, թե ճանապարհին մնացած անձինք ապահովվել են սննդով, սանհանգույցով, տաք ջրով: Իսկ ինչ վերաբերում է կացարաններին և մարդկանց հստակ թվին, ապա Բալայանը նույնպես այս մասին անտեղյակ էր:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. Զարմանալի է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, խնդրի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տարածելու փոխարեն, կցկտուր պատասխան է տալիս լրագրողներին, իսկ աշխատակիցները թաքցնում են իրենց ով լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter