HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիաներն անարդյունավետ են ծախսվում

Ալավերդու կանաչապատման համար 185 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից համայնքապետ Սասուն Խեչումյանը այս տարի  հատկացրել է սկզբում 6, ապա՝  5 մլն դրամ:

Համայնքապետարանի կայքի տեղեկացմամբ, 5 մլն դրամից  3 մլն 330 հազար դրամով  ձեռք է բերվել ծաղիկների 5000 սածիլներ, 5 հատ դեկորատիվ ծաղկամաններ է տեղադրվել քաղաքի տարբեր թաղամասերում, «թույա»  տեսակի  50 ծառեր է տնկել Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի Գայի փողոցի մայթերի վրա:  5 մլն դրամից 1 մլն 167 հազար դրամ խնայողություն է կատարվել: Սասուն Խեչումյանի ասելով` խնայված գումարն արդեն այլ նպատակով է ծախսվել: Համայնքի ղեկավարը հրաժարվեց մեզ հայտնել, թե այս տարի կանաչապատման համար ծաղիկների սածիլների ինչ տեսականի  է տնկվել և ինչ արժեքով են ձեռք բերվել դրանք: Քանի որ դեկորատիվ շատ ծաղկամաններում և պուրակներում ծաղիկների փոխարեն մոլախոտ էր մնացել, մեզ չհաջողվեց պարզել տնկված սածիլների ողջ տեսականին: 

Կենտրոնական փողոցներում  տեղադրված  դեկորատիվ ծաղկամանների և պուրակների ծաղիկների անխնամ վիճակը դեռ հոկտեմբերի սկզբից է գրավել ալավերդցիների ուշադրությունը:  

Ծաղկամանների սածիլների մեծ մասը այդպես էլ չեն ծաղկել: Չորացած մոլախոտի խուրձ է մնացել շատ ծաղկամաններում, որոնք ամռան տապից չորացած այսօր էլ կախված են ծաղկամանների եզրերից: Ջրի կարոտից ծաղկամանների և պուրակների հողը ճաքել է: Մինչև խոր աշուն ծաղկող ծխածաղիկի (պետունյա) մանուշակագույն, կարմիր և սպիտակ տեսակի  և թավշածաղկի (տագետես) ծաղկամաններում և պուրակներում մի քանի  դեղին և նարնջագույն թփեր են պահպանվել, որոնք  կորած են  փարթամ մոլախոտերի մեջ:

Ծխածաղիկն ընդգրկում է 15-40 տեսակ,  ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն: Թավշածաղիկը ծաղկում է  հուլիս և  սեպտեմբեր ամիսներից մինչև խոր աշուն:

«Ծաղիկը չեն տնկում ու մոռանում: Բերեցին սածիլները դրեցին ու մի 4-5 օր չջրեցին: Մի քանի օր հետո սածիլները շարքից դուրս եկան: Հետո բերեցին  մի երկու անգամ ջրեցին, բայց արդեն ուշ էր, ծաղիկները սկսեցին չորանալ»,- պատմեց «Հայպետշին» թաղամասում աշխատող կոշկակար, վարպետ Մանվելը։ Նրա արհեստանոցը գտնվում է ծաղիկներից 20-30 մետրի վրա:

Դեկորատիվ ծաղկամանների և պուրակների չորացող ծաղիկների մասին օգոստոսի 3-ին ահազանգել է նաև «Անկյուն+3»  հեռուստաընկերությունը։

Սասուն Խեչումյանը մեզ փորձում էր համոզել, թե ծաղիկները 15 օր առաջ են չորացել: Սեպտեմբերի 18-ին Ս. Խեչումյանից փորձեցինք ճշտել  ծաղիկների տեսականին և գները:  Ս. Խեչումյանն ասաց՝ չի հիշում տնկած ծաղիկների անունները և գները: Դրա փոխարեն հայտնեց, որ տնկված սածիլներն իր սպասածից երկար են մնացել:

«Այդ ծաղիկների սածիլները մեկ անգամ ցանում ես, նրա գոյության տևողությունը մաքսիմում մի 2-3 ամիս է, բայց դե մենք 3,3 մլն դրամով  միայն ծաղիկներ չենք գնել, գնել ենք նաև դեկորատիվ թիթեռներ և ծաղկամաններ»,- բացատրեց նա:

Ս. Խեչումյանը պատմեց, որ կանաչապատման աշխատանքերն իրականացվել է մրցութային կարգով: Սակայն չհիշեց հաղթած ընկերության  ու նրա տնօրենի անունը:

«Էն ո՞վ էր, է, ոնց չեմ հիշում: Հաղթողն է գնացել սածիլները բերել: Հիշում չեմ, կարող եք քաղաքաշինության բաժնում հարցնել, էնտեղ կասեն, պայմանագրերի տակ գրած կլինեն:  Ինքը բերում է, ինքը ցանում է: Մենք պայման ունենք, թույան, օրինակ պետք է լինի առնվազն մեկ մետր բարձրությամբ: Ես չեմ հիշում` տնօրենի իսկական անունն ինչ է»,- ասաց Ս. Խեչումյանը, ով  իմ համառելուց հետո զանգահարեց քաղաքաշինության բաժին, որտեղից էլ հայտնեցին, որ կանաչապատման աշխատանքերը կատարելու մրցույթում հաղթել է «Մարլիվա» ՍՊԸ-ն, որի տնօրենը ալավերդցի Վալերիկ Մարգարյանն է:

Հեռախոսով խոսելու ժամանակ նկատեցի, որ կանաչապատման պայմանագրի մեկ օրինակը Ս. Խեչումյանի ձեռքի տակ է: Ս. Խեչումյանը նաև ասաց՝ տեղյակ չէ, թե որտեղից են բերել սածիլները: Հիշեցնենք, որ  «Մարլիվա» ՍՊԸ-ն և նրա տնօրեն Վալերիկ Մարգարյանը հայտնի են դեռ 2015թ.-ին Ալավերդու Էնգելս թաղամասի բնապահպանական 67 մլն դրամ սուբվենցիաներով վերակառուցված զբոսայգու կանաչապատման աշխատանքների ձախողմամբ:

«Զբոսայգում մենք տնկել ենք կիպարիս, հացենի, սզնի տեսակի ծառեր, ծաղկող ծաղիկների և վարդի թփեր»,- 2015թ.-ի հուլիսի 11 «Հետք»-ին հայտնել է Վալերիկ Մարգարյանը: Վերջինս այն ժամանակ էլ իրեն պատասխանատու չէր համարում 1,5 մլն դրամ նախահաշվային արժեքով  ծաղիկների և վարդի թփերի չորանալու համար։  

Վալերիկ Մարգարյանի ասելով՝  ծաղիկների սածիլներն այս տարի տնկել են հունիս ամսին: «Սածիլները տնկելուց հետո ես 3 անգամ  ջրել ու հանձնել եմ համայնքապետարանին: Ես էլ գործ չունեմ էդ ծաղիկների հետ»,- ասաց նա:

Վ. Մարգարյանը նույնպես հրաժարվեց մեզ հայտնել իր բերած ծաղիկների  տեսականին և գները: «Ծաղիկների անուններն առանձին-առանձին չեմ կարող ասել, պետունյա-մետունյա ենք բերել»,- ասաց նա:

Վ. Մարգարյանին խնդրեցի լրջորեն վերաբերել հարցին և հայտնել բոլոր սածիլների տեսականին. «Ձեր ինչին են հարկավոր սածիլների տեսականին ու գները, դրանք ես Էջմիածին քաղաքից եմ գնել, Մեխակ անունով մի մարդուց»,- պատասխանեց նա: 

Թե ով է Մեխակը և  ինչ կազմակերպություն է ներկայացնում, Վալերիկ Մարգարյանը հրաժարվեց բացատրել:

Նրան չկարողացանք բացատրել, որ  3,3 մլն դրամը, որով  իր կողմից  իրականացվել է Ալավերդի քաղաքի կանաչապատման աշխատանքերը, պետբյուջեից նպատակային ծախսերի համար  հատկացված գումարներ են, և ինչպես ինքը, այնպես էլ Ալավերդու համայնքապետարանը  պարտավոր են ապահովել այդ գումարով կատարված  ծախսերի թափանցիկությունն ու արդյունավետությունը.

«Ես պատասխանատու եմ իմ կատարած ծախսերի համար: Ծաղիկները հիվանդանոցի կողքի օղակաձև հրապարակում պահպանված են, գնացեք, տեսեք ինչ ծաղիկներ են»,- պատասխանեց Վ. Մարգարյանը:

Ալավերդու հիվանդանոցի կողքի օղակաձև հրապարակում պահպանված էին ծխածաղկի մանուշակագույն, կարմիր, սպիտակ  և թավշածաղկի  դեղին  և նարնջագույն տեսակների մի քանի թփեր: Ծաղիկների շատ թփեր արևից խանձված էին: Պուրակների և ծաղկամանների ծաղիկները չորացած էին Նաև  Ս/Սարահարթ, Էնգելս, Հայպետշին թաղամասի Սայաթ-Նովա հրապարակներում:

Սասուն Խեչումյանին խնդրեցինք բացատրել դրանց պատճառները. «Մենք մի քանի անգամ քաղհանի պրոցես կազմակերպեցինք, մեզ ասին, որ դուք քաղհան եք անում, սածիլի արմատները վնասում եք: Դրա համար ծաղիկները մոլախոտից չենք մաքրել»,- բացատրեց նա: 

Մասնագիտությամբ գյուղատնտես Եզեկ Աղվանյանը էլ բացատրեց, որ միամյա ծաղիկների սածիլները տնկելուց հետո պետք է ամեն օր քաղհանել:

«Ընդհանրապես բոլոր տեսակի ծաղիկներն անհրաժեշտ է մոլախոտից մաքրել»,- խորհուրդ տվեց ագրոնոմը:

«Ես Ձեզ միաժամանակ վստահեցնում եմ, ոնց ասեմ Ձեզ, ամենադաժան օրերը հունիս, հուլիսին են եղել, նույնիսկ ամեն երեկոյան ջրվել են: Ուղղակի ծաղիկն իր ժամկետի խնդիրն ունի»,- ասում էր  Ս. Խեչումյանը, ով  տեղյակ չէր, որ  այսօր էլ չջրվող ծխածաղիկն ու թավշածաղիկը նորմալ խնամքի դեպքում կարող էին ծաղկել մինչև խոր աշուն:  

Ասացինք, որ այդ նույն ծաղիկները մինչև խոր աշուն պահպանվում են մայրաքաղաքում. «Երևանում թարմացնում են այդ ծաղիկները»,- բացատրեց Սասուն Խեչումյանը:

Վերջինիս հիշեցրեցի, որ կանաչապատման համար հատկացված  5 մլն դրամի 1,6 մլն դրամով  կարող էին ծաղկամանների ծաղիկները  թարմացվել նաև Ալավերդիում: «Թարմացնելը լրացուցիչ ծախսեր է: 1,6 մլն դրամն ուրիշ տեղ է ծախսված»,- պատասխանեց նա:   

Վտանգված էր նաև Ս. / Սարահարթ թաղամասի Գայի փողոցի թույա տեսակի եղևնիների ճակատագիրը: Դրանց կեսից ավելին արդեն չորացել են, չէր պահպանված համայնքի ղեկավարի ասած շատ թույաների 1մ հասակը:  Անխնամ էր եղևնիների տակը:

«էդտեղ էլ խնդիր ունենք, հիմա չեմ կարա ասել պատճառն ինչն է, տեղի խնդիր է: Սարահարթցիները ինձ ապացուցում են, որ մայթերի այդ հատվածը շինանյութի լիցք է, ծառերի տնկման առումով  տարածքը որոշ դեպքերում պիտանի չէ, դրա համար ենք խնդիր ունենում: Բայց ամեն դեպքում 50 հատ թույա ծառատեսակ է եղել»,- ասաց  Ս. Խեչումյանը:  

Վերջինս հրաժեշտից առաջ մեզ հավաստիացնում էր, թե մյուս տարի  Ալավերդու կանաչապատման համար բազմամյա ծաղիկներ են ընդգրկելու:      

Մեկնաբանություններ (2)

Մարինե
Այս մարդը չի հասկանում ,որ Ալավերդցիները չեն ուզում իրեն որպես քաղաքապետ : Խայտառակությունա ուղղակի չեմ հասկանում գնա բանկեքտ ցրի ինչես ուզւոմ ես քաղաքից թող ետ մարդիկ նորմալ աշխատումեն աշխատեն : Քաղաքապետարանի աշխատողները ասումեն մեկը եռնակ կազմակերպի բոլորս տակը ստորագրենք որ ես մարդու հետ անհնարա աշխատել գնա իրա ալյուր թեփ բանկա օպերացիան իրականացնի : Գնա ելի գնա չես տեսնում տանել չեն կարում քեք քո բնակիչները
Կամո
Պըտի լոգիկա ունենա, որ մի հատ էլ կարենա փող ծախսի: Էդ պաշտոնը ամեն մարդու խելքի բանը չի, իրա սաղ մտքրենը էդ ծաղիկների պես չորացած են, ոչ խոսալուց ա մարդ բան հասկանում ոչէլ արածից: Ասա գնա ձեր տուն էլի, շելլիգդ բեջարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter