HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». SOS. թույլ չտանք, որ վտանգեն Ջերմուկի բնությունն ու հանքային ջրերը

Ջերմուկցիները ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման: Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը վերջին մեկ շաբաթվա ընթացքում դարձյալ սրվել է: Ջերմուկցիները լսել են, որ «ԳԵՈԹԻՄ» ընկերությունը մտադիր է հենց այս տարվանից տեղանքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, և մտահոգվել են: Ջերմուկի ակտիվիստներն օրերս հանդես եկան հաղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացվում էր, թե ինչու նպատակահարմար չէ տարածքում հանքավայր շահագործել:

«Չնայած «ԳԵՈԹԻՄ» ընկերության հավաստիացումներին, ըստ որի հանքավայրի ուսումնասիրությունները և դրանց միջազգային լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հանքավայրում ուրանի պաշարներ չկան, այնուամենայնիվ մասնագետները վկայում են, որ ոսկին և ուրանը (հատկապես մեր տարածաշրջանում) փոխկապակցված էլեմենտներ են, այսինքն' դրանցից մեկի առկայությունը հանքավայրում ենթադրում է մյուսի առկայություն: Հատկանշական է, որ դեռևս խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկից շուրջ 35 կմ հեռավորության վրա' Վայք քաղաքի մերձակայքում գտնվող Ազատեկի ոսկու հանքի շահագործումը ուղեկցվում էր ուրանի արդյունահանմամբ, ինչի հետևանքով այդ տարածաշրջանում արձանագրվել է ռադիացիայի մակարդակի կտրուկ աճ, ինչը հանգեցրել է քաղցկեղով հիվանդությունների թվաքանակի կտրուկ աճի»,- ահազանգում են ջերմուկցիները:

Ըստ ակտիվիստների' եթե Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իր մեջ պարունակի Ջերմուկի տարածաշրջանում ռադիացիայի մակարդակի բարձրացման անգամ աննշան ռիսկեր, ապա այդ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է հետևյալ պատճառներով: Ջերմուկ քաղաքը ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն: Մարդիկ Ջերմուկ են այցելում հանգստի և առավելապես բուժման նպատակով, հետևաբար' ռադիացիոն ֆոնի ցանկացած փոփոխություն ուղղակի և անմիջական բացասական ազդեցություն կունենա քաղաքի' որպես բարձրլեռնային առողջարարական հանգստավայրի հեղինակության վրա: Ռադիացիոն ֆոնի փոփոխությունն, ըստ մասնագետների, անպայման իր բացասական ազդեցությունը կունենա նաև հանքային ջրերի արտադրության վրա: Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում է գտնվում Կեչուտի ջրամբարը, որտեղի Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան թունելի միջոցով հասցվում են Սևանա լիճ: Ջրի մեջ ռադիացիայի մակարդակի աճն ուղղակի սպառնալիք կարող է հանդիսանալ ոչ միայն Ջերմուկի տարածաշրջանի, այլև ողջ երկրի համար' վտանգելով Սևանա լճի էկոլոգիական համակարգը: Ջերմուկցիներին մտահոգում է նաև այն, որ մինչ այժմ հանքավայրի հետ կապված բոլոր փորձաքննությունները և փորձագիտական հետազոտություններն իրականացվել են բացառապես հանքավայրը շահագործման պատրաստող «ԳԵՈԹԻՄ» ընկերության ֆինանսավորմամբ, ինչը նվազեցնում է դրանց արդյունքների նկատմամբ վստահության աստիճանը: Այնինչ մարդիկ անկախ փորձագիտական գնահատականներ են պահանջում:

Հանքավայրը Կեչուտի ջրամբարից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական և ուժգին պայթեցումները կարող են վտանգել արհեստական այդ ջրամբարի արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ջրամբարից ներքև գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Արենի) համար:

Հատկանշական է այն, որ հանքավայրի շահագործման դեպքում ռիսկային գոտում գտնվող համայնքների ցանկում Ջերմուկ քաղաքը ներառված չէ, ինչն էլ հարուցել է բնապահպանների ու ջերմուկցիների զարմանքն ու զայրույթը: Մասնագիտական գնահատականների համաձայն' Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Ջերմուկի վրա: Վստահաբար կարելի է փաստել' Ամուլսարի ոսկու հանքի բաց եղանակով շահագործումը հակասում է ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի և մասնավորապես այն որոշմանը, որով Ջերմուկ քաղաքը տուրիզմի կենտրոն է հռչակվել:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը «Հայացք»-ի հետ զրույցում նշեց, որ մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ջերմուկցիներին ոչ ոք չի տալիս: Նրա տեղեկացմամբ' 2009 թվականին բնապահպանության նախարարության կողմից դրական փորձաքննություն է ստացել Ամուլսարի միայն Տիգրանես տեղամասի' բաց եղանակով շահագործման նախագիծը: Սակայն բնապահպանները զարմացած են, թե ինչպես կարելի է որոշում ընդունել միայն մի փոքր տեղամասի համար: Նրանք լիարժեք փորձաքննական գնահատականներ են պահանջում ամբողջ տարածքի համար:

Ի դեպ, Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ է նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Նա նույնպես այն կարծիքին է, որ ոսկու հանքավայրը մեծ վնաս կհասցնի զբոսաշրջային կենտրոն հռչակված Ջերմուկին:

Ջերմուկցիներն ու խնդրով մտահոգ անձինք հույս ունեն, որ կառավարությունը վերջնականապես չի հակասի ինքն իրեն և կկասեցնի այս խայտառակ նախագիծը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter