
Դատախազությունը չի ստացել կուրսանտի գործով անձանց ենթադրյալ խոշտանգելու առնչությամբ դատարանի ուղարկած գրությունը
Գլխավոր դատախազությունը չի ստացել կուրսանտի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգելու առնչությամբ քննություն սկսելու վերաբերյալ դատարանի ուղարկած գրությունը: Այս մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին հայտնել էր, որ նույն օրը պատրաստվում է գրություն ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի դատախազությունը քննություն սկսի սպանության գործով ամբաստանյալների՝ դատարանում արած հայտարարությունների վերաբերյալ:
Վերջիններս դատարանում բազմիցս հայտարարել են այն մասին, որ իրենց դեմ ցուցմունք տված անձանց, ինչպես նաև իրենց նկատմամբ ռազմական ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառվել: Ըստ ամբաստանյալների՝ իրենց դեմ տրված ցուցմունքները հենց այդ բռնությունների արդյունք են:
Դատավոր Դավիթ Հարությունյանի աշխատակազմից տեղեկացանք, որ պատվիրված գրությունը սեպտեմբերի 12-ին ուղարկվել է դատախազություն: Այսինքն՝ 12 օր է գրությունը տեղ չի հասնում:
Այսօր նշանակված էր սպանության գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: Դատարանի աշխատակազմից տեղեկացանք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը գործուղման մեջ է:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից:
Մեկնաբանել