HY RU EN

ՊԵԿ-ն ապօրինի գործող գիշերային ակումբներ է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:

Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես' Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հետքը» բացահայտումներ էր արել Հրազդանում արտոնյալ պայմաններում գործող գիշերային ակումբների մասին:

Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը:

ՕՀՎ 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: