HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Ի՞նչ զորավար, եթե իր բանակը չի տանում հաղթանակի»

Մեր հյուրն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը

Հայաստանի երկրորդ նախագահի անունը մեր ընտրացուցակում չի լինելու: Ռոբերտ Քոչարյանը չի օգնում մեր կուսակցությանը, նա չի հովանավորել և չի հովանավորում այն:

- Պարոն Սաֆարյան, ընտրությունները մոտենում են, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հստակեցրե՞լ է իր անելիքները:

- Անշուշտ, նախընտրական քարոզարշավին կամ կազմակերպչական հարցերին վերաբերող քննարկումները դեռևս առջևում են: Սակայն անցած բոլոր ամիսների ընթացքում մենք ոչ մի օր չենք դադարեցրել մեր կազմակերպչական, գաղափարական և քարոզչական աշխատանքները: Եվ լավատես ենք մեր տրամադրություններում, որովհետև հենվում ենք ոչ միայն հասարակական կարծիքի ուսումնասիրությունների վրա, այլև, լինելով մարզերում, այցելելով տարբեր բնակավայրեր, գիտենք, թե ովքեր են մեր կողմնակիցները, և ում վրա կարող ենք հույս դնել, երբ գնում ենք խորհրդարանական ընտրությունների:

- Եվ ի՞նչ. ինչպե՞ս եք գնում ընտրությունների: Նկատի ունեմ` միայնա՞կ, թե՞ կոալիցիոն ընդհանուր ցուցակով:

- Անցյալ տարվա մայիսին մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին գնալու է ինքնուրույն` միայնակ: Անցած այս ամիսների ընթացքում էական որևէ բան չի փոխվել: Ե°վ ես, և° իմ մյուս գործընկերները բազմաթիվ առիթներ ենք ունեցել նույնը հայտարարելու: Այնպես որ` այո°, գալիք ընտրություններին մենք գնալու ենք միայնակ: Մեր լավատեսությունն ու վստահությունը հիմնված է իրերի վիճակի իրական գնահատականի վրա:

- Ի՞նչն էր ստիպում Հանրապետականին, մասնավորապես` հանրապետության նախագահին, այդքան հետևողականորեն ձեզ պարտադրելու գնալ միասնական ընտրացուցակով: Հնարավո՞ր էր մտավախություն «Բարգավաճի» ներուժից:

- Ես նման բան չեմ կարծում: Պարտադրանք չի եղել: Բոլոր դեպքերում 2007 թվականից մտնելով հրապարակային քաղաքականության դաշտ` մենք գործընկերային ազնիվ, շիտակ, մաքուր հարաբերություններ ենք ունեցել մեր կոալիցիոն գործընկերների հետ: Ընդ որում` մեր գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ ու կանխատեսելի: Գագիկ Ծառուկյանը մշտապես է ասել, և այն դարձել է նաև մեր` բոլորիս հավատամքը, որ մեր խոսքը գործ է: Այնպես որ չկա մի բան, որ մենք խոստացած լինենք ու չանենք: Սա է պատճառներից մեկը, որ մեր ժողովուրդը, մեր ընտրողները մեզ հարգանքով են վերաբերվում:

- Իսկ ո՞վ է գլխավորելու կուսակցության նախընտրական ցուցակը:

- Կուսակցության ցուցակի վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել, բայց ես կասկած չունեմ, որ այն գլխավորելու է մեր առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը: Մարդ, ում շուրջ 2006 թվականից համախմբվել ենք և ում հետ միասին որոշում ենք կայացրել մտնել հրապարակային քաղաքականության թատերաբեմ:

- Ես այս հարցը պատահական չտվեցի` ընկնելով ժամանակից առաջ, երբ ցուցակը դեռևս կազմված չէ: Նկատի ունեմ` արդյոք ձեր կուսակցության ցուցակում ընդգրկվելո՞ւ է նաև երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի անունը:

- Պատասխանում եմ շատ կարճ և հստակ. Հայաստանի երկրորդ նախագահի անունը մեր ընտրացուցակում չի լինելու: Ռոբերտ Քոչարյանը չի օգնում մեր կուսակցությանը, նա չի հովանավորել և չի հովանավորում այն: Կրկնում եմ` մեր ցուցակը գլխավորելու է մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

- Պարոն Սաֆարյան, մենք Հայաստանն ենք ու գիտենք, թե մեր երկրում ինչպես են ընթանում ընտրությունները: Այնպես որ ընտրակեղծիքները բոլորովին էլ չեն բացառվում: «Բարգավաճը» ո՞նց է «առնչվելու» այս խնդրին:

- Մեր մտահոգության առարկան այն է, որ երկրում վերջին տարիներին ծավալված, նաև մեր մասնակցությամբ ու հորդորով ձեռնարկված հասարակական համերաշխության և քաղաքացիական միասնության հասնելու ձգտման վրա կառուցված քաղաքական երկխոսությունն ունենա իր տրամաբանական ավարտը: Այն 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունները արդար, ազնիվ, եվրոպական չափանիշներով կազմակերպելու մեջ է, որպեսզի դրանք ընդունելի լինեն նաև հասարակության համար: Եթե ընտրություններն այդպիսին չլինեն, այս ամբողջ գործընթացի իմաստը ոչ ոք չի հասկանա: Ուզում եմ հատուկ ասել, որ ես` իբրև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, լի եմ համոզմունքով, որ մոտակա ամիսներին իմ գործունեության զգալի մասն ուղղված է լինելու այն բանին, որ ԵԱՀԿ անդամ 55 պետությունների մեծ մասի արդարամիտ ու ազնիվ պատգամավորները ցանկություն հայտնեն որպես դիտորդ գալու և մասնակցելու մեր խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ այսօր Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ, հուսով եմ, կարող է նպաստել արդար, ազնիվ ընտրությունների կազմակերպմանը: Հակառակ դեպքում ի դերև կելնեն քաղաքական երկխոսության և համագործակցության մթնոլորտի ուղղությամբ երկրի հիմնական քաղաքական ուժերի` վերջին երկու տարիների ջանքերը:

- Բայց ընդունեք, որ արտասահմանյան վերահսկող առաքելությունների ներկայությունն էլ չի խանգարում, որպեսզի մեր երկրի ընտրակեղծարարն իր գործն անի: Կեղծիքի կոնկրետ դրսևորումների դեպքում «Բարգավաճն» ինչպե՞ս կարձագանքի:

- Մենք մեր ձայներին տեր ենք կանգնելու: Առավել քան երբևէ, մենք այսօր ունենք լայն հնարավորություններ, գիտակից կողմնակիցների հոծ բանակ, նաև ավելի լավ ենք կազմակերպված: Մենք թույլ չենք տալու, որ ժողովրդի` մեզ տրված քվեն գնա անհայտ ուղղությամբ:

- Կոպիտ պայքար կանխատեսո՞ւմ եք:

- Ոչ: Իմ հույսն այն է, որ երկրի քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը լեցուն են գիտակցությամբ, որ Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, թույլ տվեք ասել` սպառնալիքները, նաև միջազգային աննպաստ կացությունը ստիպում են, որպեսզի ստեղծվի ներքին համախմբման մթնոլորտ: Եվ բոլորս միասին գործելու ենք նորմալ ընտրություններ անցկացնելու, ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական իշխանություն ձևավորելու գիտակցությամբ: Ի վերջո, մի օր պետք է վերջ տանք այն պրակտիկային, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողներին ոչինչ չի մնում: Նման իրողությունը «մենք»-ի ու «նրանք»-ի է բաժանում հասարակությունը: Իսկ հաղթողի ու պարտվողի հարաբերակցությունը միշտ չէ, որ իրականության արտացոլումն է լինում ու հասկանալի է դառնում ժողովրդին: Նշանակում է` մենք պետք է կատարելագործենք մեր քաղաքական ժողովրդավարության մեքենան այնպես, որ քաղաքական կյանքի բոլոր մասնակիցներն իրենց զգան պետության մաս: Եվ երբ իշխանությունն ու ընդդիմությունը կմրցակցեն, նաև, ըստ անհրաժեշտի, կհամագործակցեն հանուն երկրի հզորության ու նրա` միջազգային ասպարեզում վարկի ու դերի բարձրացման, արդեն կարող ենք ասել, որ ունենք ուժեղ պետություն:

- Այդ մասին հանրապետության նախագահն էլ է ասում. անընդհատ խոսում է արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունից: Իսկ ամանորյա ուղերձում անգամ ասում էր, որ կյանքում ավելի բարձր նպատակներ կան: Մասնավորապես` մարդը նախևառաջ պետք է գործի հանուն պետության շահի ու պետական նպատակների: Ազնի՞վ էր մեր նախագահն իր մտորումների մեջ, թե՞ դրանք ընդամենը տեղին ու ժամանակին պատշաճող խոսքեր էին:

- Ես բացարձակապես պատճառ կամ առիթ չունեմ ՀՀ նախագահի խոսքերին կասկածանքով կամ թերահավատությամբ վերաբերվելու: Բայց ես կողմնակից եմ երկրում քաղաքական մեխանիզմների այնպիսի գործուն համակարգի ձևավորմանը, երբ նույնիսկ ամենավերևում կանգնած անհատների կամքից չէ, որ կախված կլինի ընտրությունների ընթացքը:

- Իսկ չե՞ք բացառում, որ ձեր կուսակցությունը միանա ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակեղծիքների դեմ ճակատ կազմելու հնարավոր նախաձեռնությանը:

- Նման քննարկումներ դեռևս չեն եղել: Չնայած չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում միանալ ընդդեմ ընտրակեղծիքների: Ամեն մեկն իր ձայների տերն է: Եթե նկատի ունեք համագործակցված ընդհանուր մոտեցում այս խնդիրներին, ապա հանուն ընտրությունների ազատ ու արդար անցկացման կարելի է համագործակցել թե° իշխանական, թե° ընդդիմադիր թևի ցանկացած քաղաքական ուժի հետ: Կարելի է նրանց հետ ձեռք բերել վստահության վրա հենված պայմանավորվածություններ քաղաքական նորմալ մթնոլորտում, առանց էքսցեսների ու քաշքշուկի, առանց ատելության ու թշնամանքի ընտրություններն անցկացնելու վերաբերյալ:

- Կուսակցությունն իր կարծիքը չի ասել համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի շուրջ ընթացող ներկա թեժ քննարկումների վերաբերյալ: Ի վերջո, դո՞ւք ինչ եք մտածում այդ առթիվ:

- Մեր քաղաքական խորհրդում կամ պատգամավորական խմբակցությունում առ այս պահը խնդրի վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Բայց հիշեցնեմ, որ 2007 թ. մեր կուսակցության ծրագրի ընդունման ժամանակ միաձայն քվեարկել ենք համամասնական ընտրակարգին անցնելու օգտին: Այնպես որ, երբ քննարկումները տեղափոխվեն քաղաքական դաշտ, կմասնակցենք դրանց:

- Պարոն Սաֆարյան, ձեր կուսակցության ղեկավարը ժամանակին հայտարարեց 50+1 խորհրդարանական քվեների վերաբերյալ: Կուսակցության համար պահպանվո՞ւմ է այս նշաձողը:

- Իսկ ո՞ւմ է հարկավոր այն քաղաքական ուժը, որի նպատակը հաղթանակը չէ: Էլ ի՞նչ զորավար, եթե իր բանակը չի տանում հաղթանակի: Մենք համախմբված ենք Գագիկ Ծառուկյանի շուրջ, ով մեզ առաջնորդում է դեպի հաղթանակ:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter