Սուրեն Պապիկյան. «Պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները:
Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը հետհեղափոխական շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ «Երիտասարդներն իրենց նախաձեռնողականությամբ և զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան Հայաստանում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը»,- նշել է նախարարը և հորդորել երիտասարդներին՝ չխուսափել բարձրաձայնել առկա թերությունները և հանդես գալ նորարարական առաջարկներով, գաղափարներով և նախաձեռնություններով:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ինչպես նախարարության առօրյա աշխատանքային գործունեությանը, այնպես էլ տարածքային կառավարման և զարգացման ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր:
Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարի` ընձեռնված հնարավորության, իրենց ցույց տրված ջերմ ընդունելության և աշխատանքային գործընթացում աշխույժ ներգրավման համար: Ամփոփելով` նախարարը նշել է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգին և հավելել` «պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել