HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում թեկնածու չեն առաջադրել

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի յոթ մարզերում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզերի թվով 19 համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Լոռու թվով հինգ համայնքում՝ ավագանու անդամի։

19 համայնքների գյուղապետի բոլոր 55 թեկնածուները հանդես են եկել ինքնառաջադրմամբ, որեւէ կուսակցության աջակցությունը, գոնե պաշտոնապես, չեն վայելում։ 55 թեկնածուներից մեկը ԲՀԿ-ական է, երեքը՝ հանրապետական, վեցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, երկուսն էլ՝ Դաշնակցությունից։ Մնացած 43-ն անկուսակցական են։

Սեպտեմբերի 26-ին լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը։

Թեժ պայքար կընթանա երկու համայնքում, որտեղ գյուղապետի պաշտոնը ստանձնելու համար կպայքարեն հինգական թեկնածուներ։ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանի չորս մրցակիցներն են՝ ֆերմեր Վարդան Կարապետյանը, Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ, ՔՊ անդամ Արկադի Բարսեղյանը, անհատ ձեռնարկատեր Ցոլակ Հակոբյանը եւ «ԷՅ ի Ջի» սերվիս ընկերության աշխատակից Արման Ստեփանյանը։ Բացի ՔՊ-ական թեկնածուից, մնացած բոլորն անկուսակցական են։

Համայնքի ղեկավարի հինգ թեկնածու ունի նաեւ Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքը։ Այստեղ անկուսակցական են բոլոր թեկնածուները, որոնց թվում են գործող գյուղապետ Լիլիա Ղամբարյանը, «Արմենիա հոլդինգ»-ի բանվոր Հրաչիկ Հովհաննիսյանը, «Վիկտորիա» ՍՊԸ-ի աշխատակից Լյուդվիգ Յայլոյանը, ինչպես նաեւ Արթուր Յայլոյանն ու Մերուժան Համբարձումյանը։ Ընտրողների ռեգիստրի համաձայն՝ Լյուդվիկ Յայլոյանն ու Արթուր Յայլոյանը հարեւաններ են։

Առաջադրված թեկնածուների մեջ կան նաեւ նաեւ համայնքապետարանի առաջին կարգի մասնագետներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հերթափոխի, «Սեւան» ազգային պարկի տեսուչ, դպրոցի տնօրեն եւ այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter