
Իրանահայ գործարարը 20 միլիոն դոլար արժողությամբ բիզնեսը կորցնելու եզրին է
Իրանահայ գործարար Ֆրեդ Հովաննեսսյանը 2013 թվականից պայքարում է իր սեփականության իրավունքի ճանաչման համար: 2013 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից 3,2 միլիոն դոլարով գնել է 9500 քմ մակերեսով շենք, 5800 քմ մակերեսով հողամաս՝ նպատակ ունենալով այնտեղ հիմնել հյուրանոցային համալիր: Սակայն այն մինչ օրս չի կարողանում որպես իր սեփականություն օգտագործել, քանի որ շենքը 2009 թվականից դատական կարգով վեճի առարկա է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի և «Դվին Կոնցեռն» ընկերության միջև:
Հովհանեսսյանը որոշել էր գնված շենքում հյուրանոցային համալիր կառուցել: Ասում է՝ դրա վայրն էլ պատահական չէր ընտրել․ այն գտնվում է Արշակունյաց պողոտա 65/5 հասցեում՝ Իրանի սահման տանող մայրուղու հատվածում:
Գործարարը հյուրանոցի կառուցման համար արդեն 10 միլիոն դոլար է ներդրել, շուկայական արժեքով մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ բիզնես դարձրել, կառուցել այն գրեթե 90 տոկոսով։ Սակայն մարտի 27-ին դատարանը որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչվել ընկերության և բանկի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը: Ֆրեդ Հովհանեսսյանի փոխանցմամբ՝ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքը բարեխիղճ ձեռքբերող է, գույքի գնելիս տեղյակ չի եղել, որ այն վեճի առարկա է։
Ինչից սկսվեց պատմությունը
Ֆրեդ Հովհանեսսյանը պատմում է, որ այս շենքի մասին տեղեկացել է 2013 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի փաստաբաններ Հայկ և Վահան Հարությունյանների միջոցով։
Գույքի գնման համար նրան պատկանող «Ֆրեդեքս սերվիսիզ» ՓԲԸ-ն բանկին վճարել է 3.2 միլիոն դոլար՝ բանկից փուլ առ փուլ նաև ստանալով 5-6 միլիոն դոլար արժողությամբ վարկ։
Հովհանեսսյանն ասում է՝ գնման պահին տեղյակ չի եղել, որ մինչ այդ «Դվին կոնցեռն» ընկերությանը պատկանող այդ շենքը եղել է կալանքի տակ, սակայն բանկի ներկայացուցիչները շենքը կալանքից հանել են և իրեն վաճառել։
Իրանահայ գործարարը դատական վեճի մասին տեղեկանում է շենքը գնելուց մեկ ամիս անց, երբ ընկերության աշխատակիցները հայտնվում են այնտեղ։ Բանկից պարզաբանում են, որ այդ մարդիկ վարձակալներ են, շուտով տեղափոխվելու են։
Դրանից հետո «Դվին կոնցեռն»-ի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանն է գալիս շենք, հանդիպում Ֆրեդի հետ․
«Ինձ ասում է՝ դու գիտե՞ս, որ մենք բանկի հետ շատ լուրջ դատական վեճ ունենք և այս շենքը շուտով բնեղենով հետ եմ պահանջելու, բանկը պարտվելու է այս դատը»,- պատմում է Ֆրեդ Հովհանեսսյանը։
Տնօրենի այս հայտարարությունից հետո գործարարը հանդիպում է բանկի ներկայացուցիչներին և հայտնում, որ շենքի կառուցման համար որևէ ներդրում չի կատարի, մինչ գործը վերջնական չհաղթեն ու վեճը չավարտվի․
«Իրենք վախենում են ու ինձ հետ կնքում լրացուցիչ՝ գաղտնի համաձայնագիր, որում ասվում է՝ եթե այդ շենքը հետ վերադարձ եղավ, եթե դատը պարտվեցին, ես շենքը կորցրեցի կամ ազդեց իմ բիզնեսի վրա այդ վեճը, մենք քեզ տարբեր միջոցներով հատուցելու ենք։ Այսինքն՝ իրենք իմ ռիսկերը ապահովում են»,- նշեց գործարարը։
Բանկից գործարարին հավաստիացրել են, որ դատական այդ գործընթացը առավելագույնը վեց ամիս է տևելու։
Գույքի առուվաճառքի գործարքի կնքումից ընդամենը մի քանի ամիս անց նույն դատարանը «Դվին կոնցեռն» ընկերության միջնորդության հիման վրա կրկին արգելանք է կիրառում գույքի վրա, իսկ ընկերությունը գործում ներգրավվում է որպես երրորդ անձ՝ նրան արգելելով նաև շենքում որևէ շինարարական աշխատանք կատարել և այն օտարել:
Հովհանեսսյանն ասում է՝ գույքի վրա արգելանք դրվեց այն ժամանակ, երբ շենքի հիմքը ամրացվում էր։ Դատարանը անգամ մերժում է գույքը կալանքից հանելու միջնորդությունները, որքան էլ ընկերությունը պնդում է, որ շինաշխատանքների դադարեցումը, հիմքի չամրացնելը մի փոքր ցնցման դեպքում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ․
«Այդ ժամանակ ես Հայաստանում չէի։ Ընկերությանս տնօրենն ասաց, որ բանկը սպառնացել է, որ եթե շինարարությունը կանգնեցնես, ժամանակից շուտ պետք է գաս, վարկը մարես կամ այդ շենքի վրա բռնագանձում կդնեմ, շենքը կտանեմ»,- ասում է գործարարը։
Ի վերջո շենքի վրայից արգելանքը դուրս է բերվում 2017 թվականին, երբ Ֆրեդ Հովհանեսսյանը «Դվին Կոնցեռն» ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի հետ համաձայնության է գալիս։ Նրա հետ պայմանագիր է կնքում, որ նոր կառուցվելիք հյուրանոցում 150 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի, բացի այդ որոշ գումար է փոխանցում։
Գործարարի փոխանցմամբ՝ 2015 թվականին, երբ դատարանը պետք է գործով որոշում կայացներ, դատական նիստին դատավոր Ռուբեն Ափինյանը բանկի ներկայացուցիչներին հայտնում է, որ բանկը պետք է բարեխիղճ գտնվեր, գույքը չվաճառեր, մինչ վեճը կավարտվեր։ Հովհանեսսյանը դատավոր Ափինյանից խոսքի իրավունք է խնդրում և հայտնում, որ դատավորը գիտեր գույքը վեճի առարկա է և այն 2013 թվականին արգելանքից չպետք է հաներ, քանի որ դրանից հետո է բանկը նույն գույքը իրեն վաճառել։
Դատավորի այդ հայտարարությունից և գործարարի այս ելույթից հետո բանկի ներկայացուցիչները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում և գործը փոխանցվում է այլ դատավորի։
Ի վերջո այս տարվա մարտի 27-ին դատարանը որոշում է կայացնում, որով անվավեր է ճանաչվում ոչ միայն բանկի և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի միջև 2009 թվականի պայմանագիրը, այլև՝ բանկի և «Ֆրեդեքս սերվիսիզ» ընկերության միջև 2013 թվականին կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Հովհանեսսյանը դատարանի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Ասում է՝ եթե այդ որոշումը օրինական ուժ ստանա, ընկերությունը զրկվելու է գույքի նկատմամբ սեփականությունից, որի կառուցման համար ներդրել է մոտ 10 մլն. դոլար:
«Ֆրեդեքս սերվիսիզ» ընկերության փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գույքի ձեռքբերման գործարքը իրականացվել է «օրենքի տառին» համապատասխան.
«Այսինքն՝ պատշաճ ձևով նոտարական վավերացում է անցել, իրավունքները գրանցվել են պետական կադաստրում: Ընկերությունը, որ գույքը ձեռք է բերել, ինքը որևէ իրավական որևէ նորմի խախտում թույլ չի տվել»,- նշեց Տիգրան Մարտիրոսյանը:
Փաստաբանը վերաքննիչ բողոքը ներկայացնելիս հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ «Ֆրեդեքս սերվիսիզ»-ը գույքի բարեխիղճ ձեռքբերող է և որևէ կապ չունի դատական գործընթացի հետ, տեղյակ չի եղել դատական վեճի մասին:
Հովանեսսյանը պատմում է նաև, որ գույքի շինթույլտվության համար Երևանի քաղաքապետարանը ընկերությանը ստիպել է, որպեսզի օրենքով նախատեսված պետական տուրքերի և վճարներից բացի, «Երևան» հիմնադրամին՝ որպես նվիրատվություն, վճարի լրացուցիչ 10 մլն դրամ: Հիշեցնենք, որ նման մի դեպքի հիման վրա ԱԱԾ-ն հունիսից ուսումնասիրում է «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը:
Գործարարի տեղեկություններով՝ որոշ պաշտոնյաներ հետաքրքրություն ունեն այս շենքի նկատմամբ, որն էլ նաև գործի քննության ձգձգման և նման զարգացումների պատճառ է դառնում։
Ֆրեդի փոխանցմամբ՝ 2013 թվականից մինչ այժմ ընկերությունն ու ինքը հսկայական վնասներ են կրում, լուծվել են գործընկերների հետ կնքված մի շարք համաձայնագրեր, որի պատճառով ընկերությունը հեղինակազրկվում է։
Գործարարը մի քանի անգամ հանդիպել է «Դվին Կոնցեռն» ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի հետ՝ առկա իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու համար։ Սարգսյանը գործարարին ասել է, որ իր պահանջը բանկից է, որը շենքը 2008 թվականին 4 միլիոն դոլարի փոխարեն 2,1 միլիոն դոլարով է գնահատել և վերցրել։
Հյուրանոցը պետք է գործունեությունը սկսեր դեռևս 2014 թվականի օգոստոսին։ Այն պետք է ունենա 72 համար-բնակարան՝ բաղկացած 118 սենյակից, 3000 քմ ընդհանուր մակերեսով բիզնես-կենտրոն:
Ֆրեդ Հովանեսսյանը Հայաստանում առաջին անգամը չէ, որ բիզնես գործունեություն է ծավալում: 2001-2004 թվականններին Հայաստանում ճանապարհաշինության նպատակների համար «Լինսի» հիմնադրամի միջոցով կազմակերպել է Իրանից բիտումի ներմուծումը Հայաստան, եղել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի ներկայացուցիչը Իրանում, Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչը Թեհրանում, ազգային ավիափոխադրողի լիազոր ներկայացուցիչը Իրանում և միաժամանակ Երևան-Թեհրան և հակառակ ուղղության կանոնավոր չվերթների սեփականատերը: Ասում է՝ իր սպասարկած ուղևորափոխադրումների աճն էր նաև պատճառը, որ որոշեց Հայաստանում հյուրանոցային բիզնեսը հիմնել՝ հավաստիացած լինելով, որ եկամտաբեր կլինի։
Հովհանեսսյանը ստեղծված իրավիճակը օգոստոսի 30-ին քննարկել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նամակներով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի շարք նախարարների:
Մենք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի իրավաբանական վարչության պետ Նարեկ Սադոյանի միջոցով փորձեցինք պարզաբանում ստանալ բանկից, սակայն վերջինս տեղեկացրեց, որ բանկը որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել