HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՀԲ-ի միջոցներով արդիականացված Վանաձորի ԲԿ-ն՝ նվիրատվություն կառավարությանը

Կառավարության այսօրվա նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն՝ Դուշանբե։ Գործադիրի նիստում կայացվեց որոշում, որի համաձայն՝ որպես նվիրատվություն ընդունվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամաս՝ որպես սեփականություն ամրակցվելով Լոռու մարզպետարանին։ Ըստ որոշման նախագծի՝ Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 2/42 հասցեում գտնվող 3,172 հեկտար մակերեսով և 143 միլիոն 501 հազար 280 դրամ կադաստրային արժեքով հողամասը որպես պետական սեփականություն ամրացվում է Լոռու մարզպետարանին՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալ ներդնելու համար։

Նախագծում առաջարկ կա «Տաշիր» բարեգործական հիմնադրամին վերջինիս ֆինանսավորմամբ «Ֆիլիշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված կառուցման շինարարական աշխատանքների ընդունումից հետո հողատարածքն անհատույց գործարքի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի:

Տեղեկացնենք, որ նախագիծը զեկուցվող չէր։ Որոշման նախագծում նշվում է, որ նշված արդիականացման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով: «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծվել են ԲԿ-ի նոր մասնաշենքերը, ձեռք են բերվել արդի բժշկական սարքավորումներ և կահույք, իսկ շինարարական աշխատանքները իրականացվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (ԲԿ ծննդատան մասնաշենքը) և պետական բյուջեի (հիմնական մասնաշենք) միջոցների հաշվին:

«ԲԿ արդիականացումից հետո խնդիրներ են ծագել կառուցված շենքերի ընդունման և ՀՀ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գրանցման հետ` կապված անհրաժեշտ հողհատկացման, ինչպես նաև շինարարությունից առաջ և դրա ընթացքում պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ստացման ընթացակարգերի հետ»,- ասված է նախագծում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի նպատակն է օրենքով սահմանված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրած հողամասը, այնուհետև Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող հողի վրա գրանցել պետական միջոցներով և ՀՀ-ին արված բարեգործության շրջանակներում կառուցված շենքերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter