HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետբյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ առողջապահության նախարարության առաջարկը մերժվեց

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց 2018 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 13 միլիոն 587 հազար դրամ առողջապահության նախարարությանը հատկացնելու հարցը, սակայն գումար պահուստային ֆոնդից այդպես էլ չտրամադրվեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ (հաշիվ-ապրանքագրեր` CHRTY 1001, CHRTY 1002, CHRTY 1003, CHRTY 1004, Bill of Leading 964560878 և 964560864,) օգոստոսի 31-ից Երևանում են, այժմ գտնվում են առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում՝ մաքսային մարմինների հսկողության ներքո:

«Ամերիկյան կողմը վճարել է վերոնշյալ բեռների՝ ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ՝ 10 միլիոն 541 հազար ՀՀ դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ մեկ բեռնարկղի համար, իսկ ընդհանուր առմամբ նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 միլիոն 587 հազար դրամ։

Փոխնախարարն առաջարկեց դրամաշնորհի պայմանագրի հիման վրա այդ գումարը տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ծախսերը փոխհատուցելու համար: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին առաջարկեց հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չտրամադրել, այլ՝ գումարը վճարել առողջապահության նախարարության բյուջեից: Ֆինանսների նախարարի առաջարկին դեմ տեսակետ չհնչեց, և որոշումն ընդունվեց այդ կերպ՝ ծախսերը փոխհատուցել նախարարության միջոցների հաշվին։

Լուսանկարում՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter