Կառավարությունը քաղաքական որոշում չունի անհայտ սեփականատերերին հողի սեփականությունից զրկելու վերաբերյալ
Տաշիրում անմշակ մնացած հողի հարկի պարտքը հարյուրավոր միլիոնների է հասնում
Դաշտադեմ գյուղը վերջին 30 տարիներին երկու անգամ է վերաբնակեցվել: Հայաստանի անկախացումից առաջ`1989թ., Բաքվից, Շամախիից, Կիրովաբադից տեղահանված հայերն իրենց տները փոխանակել են Դաշտադեմը լքող ադրբեջանցիների հետ ու տեղափոխվել այնտեղ: Քաղաքաբնակ հայությունը չի համակերպվել խստաշունչ կլիմայական պայմաններին ու գյուղական կենցաղին, որտեղ ապրուստի միակ միջոցը անասնապահությունն էր եւ կարճ ժամանակ անց հեռացել է։ Ադրբեջանից տեղահանված փախստականներն այնտեղ մնացել են մինչեւ 1994թ.։
Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանն ասում է, որ մինչեւ 2000 թվականն առաջին վերաբնակներից ոչ ոք չկար գյուղում, բոլորը Ռուսաստան էին տեղափոխվել։ Հեռանալիս տները վաճառել են կամ քանդել եւ որպես շինանյութ են վաճառել: Այսօր էլ գյուղի փոքրաթիվ բնակիչների մեջ նախկին ադրբեջանաբնակներ կան, բայց նրանք ավելի ուշ են տեղափոխվել այնտեղ եւ Դաշտադեմի առաջին վերաբնակներին չեն ճանաչում։ Ասում են՝ նրանք ինչպես եկել, այնպես էլ հեռացել են` առանց հետք թողնելու։ Ավելի ճիշտ՝ նրանց հեռանալուց հետո գյուղում մեծ թվով կիսաքանդ տներ են մնացել, անխնամ հողակտորներ, որտեղ միայն մարդահասակ խոտ է աճում:
Փախստականները մասնակցել են հողի սեփականաշնորհմանը, նրանցից յուրաքանչյուրին 4-8 հա խոտհարք ու արոտավայր է հատկացվել։ 3-4 տարի հետո նրանք հեռացել են, շատերն անգամ սեփականության իրավունքի վկայականը չեն վերցրել, բայց գյուղատնտեսական նշանակության հողի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը պահպանվում է։ Ավելի քան 20 տարի խոտը չի հնձվում, արոտավայրերը որակազրկվում են եւ դառնում անօգտագործելի, չվճարված հողի հարկի ապառքները գնալով մեծանում են:
«Դաշտադեմում 1991թ. 120 սեփականատեր կար, հիմա 34 ընտանիք է բնակվում, բայց նրանցից 11-ն է սեփականատեր: Դատական կարգով պետք է սեփականատերերից վերցնենք հողը։ Հիմա դատարան ենք դիմում եւ փորձում ենք ապառքների հարցը լուծել»,- հայտնեց Մարինե Խռոյանը:
2017թ. նոյեմբերին Լոռու մարզի Տաշիր քաղաքի հետ միավորված 8 գյուղերով՝ Դաշտադեմ, Բլագոդարնոյե,Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո եւ Սարատովկա, ձեւավորվեց Տաշիր համայնքը: Բազմաբնակավայր համայնքի ձեւավորումից հետո Տաշիրի համայնքապետարանը հողի բազայի ճշգրտում է կատարել եւ պարզել, որ խոշորացված համայնքն ավելի քան 200 մլն դրամ հողի հարկի պարտք ունի։
Պարտքերը գոյացել են մի քանի պատճառով, բայց հիմնականը բնակչության արտագաղթն է:
- Տաշիր համայնքում միավորված Դաշտադեմ, Մեղվահովիտ գյուղերում վերաբնակեցված փախստականները կարճ ժամանակ անց հեռացել են:
- Մոլոկանները, որոնք մեկ դարից ավել բնակություն էին հաստատել Տաշիրում եւ մի քանի գյուղ էին հիմնադրել նրա շրջակայքում՝ Բլագոդարնոյե, Մեդովկա, Նովոսելցովո, Սարատովկա, 1990-ականների սկզբին վաճառել են տները եւ ամբողջ գյուղով հեռացել անվերադարձ:
- Հողեր կան, որոնք բնակիչների չմարված վարկի դիմաց դարձել են բանկերի սեփականությունը, ԴԱՀԿ-ն աճուրդի է դրել հողը, բայց կալանքի տակ գտնվող հողի հարկը չի վճարվում, եւ ապառքները շարունակում են կուտակվել։
- Հողի սեփականատերերից շատերը մահացել են, իսկ նրանց ժառանգները հրաժարվում են ժառանգությունն ընդունել եւ հարկը չեն վճարում։
Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն ասում է, որ Տաշիր քաղաքում հնարավորինս նվազել են ապառքները:
«Սեփականատերերից նրանք, ովքեր հողը չէին մշակում եւ հարկ չէին վճարում, մեր աշխատանքի արդյունքում հողերը վերադարձրին համայնքին, եւ այդպես բավականին կրճատեցինք ապառքները: Հողամասերից հրաժարվելու եւ ժառանգություն չընդունելու դեպքերով 1118 սեփականության իրավունքի վկայական է վերադարձվել համայնքներին։ Համայնքների միավորվելուց հետո մոտ 700 վկայականի համար դիմել ենք կադաստր եւ հողը դարձրել ենք համայնքային»,- հայտնեց համայնքի ղեկավարը: Վերջինիս խոսքով` Տաշիրում, որտեղ բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, խոտհարքը մեծ պահանջարկ ունի, եւ վերադարձված հողատարածքները վարձակալության կարող են հանձնել։
Սեփականատիրոջ կամովին հրաժարվելու դեպքում համայնքապետարանը յուրաքանչյուր վկայականի համար 3000 դրամ է վճարում Կադաստրին, եւ այս հարցը լուծվում է: Այն դեպքերում, երբ սեփականատերը չկա, միակ լուծումը դատական կարգով է, որը երկարատեւ ու ծախսատար պրոցես է, համայնքի բյուջեի միջոցներով՝ պարզապես անհնարին: «Մեկ-երկու դեպքի մասին չէ խոսքը, մասսայական բնույթ ունի, Մեդովկան, օրինակ, փոքր գյուղ է, բայց նրա հողի հարկի ապառքը Տաշիր քաղաքինից շատ է, դատարաններն էլ դժվարությամբ են սեփականության իրավունքից զրկում»,- նշում է Տաշիր համայնքի ղեկավարը։
Դաշտադեմից հեռացած վերաբնակների քանդված տները |
Պրն Արշակյանի կարծիքով՝ միայն օրենսդրական կարգավորմամբ կարող է լուծվել հողի սեփականաշնորհումից օգտված, հանրապետությունից ընդմիշտ հեռացած եւ ընդհանրապես հողամասը չտնօրինած անձանց սեփականության իրավունքից զրկելու հարցը: Այդ կերպ` նաեւ ազատվել համայնքների հողի հարկի բազաներում գոյացած հարյուրավոր միլիոնների հասնող պարտքերից:
Այս հարցը միայն Տաշիրին չէ բնորոշ, այլ բոլոր այն համայնքերին, որտեղ, հատկապես, այլ ազգություններ՝ եզդիներ, քրդեր, մոլոկաններ, ասորիներ, հույներ են բնակվել եւ 1990-ականներին գրեթե ողջ գյուղով տները վաճառել են ու հեռացել: Նկատի ունենանք, որ տարբեր աղբյուրների պնդումներով` 1991թ.-ից հետո 1,5 մլն մարդ անվերադարձ հեռացել է հանրապետությունից։
Հողային օրենսգիրքը հարցին իրավական լուծում տալիս է՝ 102-րդ հոդվածում սահմանելով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը: Համաձայն 102-րդ հոդված 3-րդ կետի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը եւ նրա պահպանության նկատմամբ միջոցներ չձեռնարկելը հողամասի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների հարկադիր դադարեցման հիմք է: Սակայն, Կառավարությունը դեռեւս օրենդրությունը կիրառելու քաղաքական դիրքորոշում չունի 25 տարվա վաղեմության հարցին լուծում տալու համար:
«Նախարարությունը շահագրգիռ է խնդրի վերջնական կարգավորման հարցում։ Այդուհանդերձ, սեփականության իրավունքի համատեքստում մենք դեռեւս չունենք խնդրի սպառիչ լուծման քաղաքական դիրքորոշում, եւ հարցը շարունակում է մնալ միջգերատեսչական քննարկումների փուլում»,- պատասխանել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Համայնքների ֆինանսիստների միավորում հ/կ նախագահ Վահան Մովսիսյանի կարծիքով՝ այս հարցին պետք է օրենսդրական մոտեցում լինի, միջանկյալ մի օրենք, որը պահպանի սեփականատիրոջ իրավունքը հողի նկատմամբ, եւ համայնքը դրանք վարձակալության տրամադրելու իրավունք ունենա, որպեսզի հարկը վճարվի։
Ըստ պրն Մովսիսյանի՝ հողի հարկի ապառքների ամենամեծ վնասը համայնքին այն է, որ բյուջեն չի կատարվում։ Հարկային բազայում այն կա եւ դիտարկվում է բյուջե ունենալու հնարավորություն: Պետական բյուջեից համայնքին դոտացիա տրամադրելիս հաշվի է առնվում հավաքագրումների տոկոսը՝ բյուջեի կատարումը, եւ չվճարված գումարների չափով համայնքին դոտացիան պակաս է տրամադրվում։ Եթե ապառքները չլինեին, համայնքն ավելի շատ գումար կարող էր ստանալ պետական բյուջեից։ Սակայն, հողի հարկի չափով համահարթեցման դոտացիա տրամադրելիս այդ համայնքը կարիքավոր չի համարվում։
Փաստաբան Դավիթ Ասատրյանը նույնպես հնարավոր է համարում օրենսդրական լուծումը. գուցե անձին չզրկեն սեփականության իրավունքից, բայց այդ տարածքները մշակեն համայնքից թույլտվություն ստացած անձինք: Փաստաբանը շեշտում է. «Անձի սեփականության իրավունքը միայն դատական կարգով կարող է սահմանափակվել, դա ՀՀ Սահմանադրության պահանջն է եւ միջազգային պարտավորությունը: Օտարերկրյա կամ Հայաստանի քաղաքացիներն ունեն սեփականության իրավունք այնքան ժամանակ, մինչեւ դատարանի վճռով դա չանցնի այլ անձի: Սեփականության իրավունքի պաշտպանությունն այնքան բարձր արժեք է, որ դրա սահմանափակումը պետք չէ պետության կողմից»:
Մյուս տարբերակով՝ գուցե այս ոլորտի համար արագացված դատաքննություն իրականացնեն.
ա) Եթե անձը այլեւս տվյալ երկրի քաղաքացի չի հանդիսանում, ապա պետական լիազոր մարմինը պետք է դատական կարգով դադարեցնի նրա սեփականության իրավունքը:
բ) Հնարավոր է սեփականության իրավունքի փոխանցում ձեռքբերման վաղեմության ուժով: Օրինակ` այդ տարածքները գյուղացիների կողմից 10 տարի անընդմեջ, բարեխիղճ տիրապետելու դեպքում դատական կարգով հնարավոր է դադարեցվի մեկի սեփականությունը, եւ գույքն անցնի այլ անձանց` որպես սեփականություն:
Հողի հարկի ապառքների մի մասն առաջացել է 50 սեփականատերերի (120 վկայական) մահվան հանգամանքով: Ըստ փաստաբանի՝ համայնքապետարանն այս դեպքում կարող է դիմել դատարան եւ ժառանգություն չընդունած անձանց հարկը վճարելու պահանջներ կայացնել, եթե նրանք փաստացի տիրապետում են գույքը:
Տաշիր համայնքի ղեկավարը նշում է, որ հողի հարկը գանձելու պահանջով դատարան դիմելը միշտ չէ, որ արդյունավետ է: Դատարանը բավարարում է պահանջը, վճիռը հանձնում են հարկադիր կատարման, ԴԱՀԿ-ը հողամասի վերաբերյալ արգելանքի որոշում է ընդունում, սակայն դրանով պարտապանին չի արգելում հողամասը մշակել: Նման իրավիճակում հողի սեփականատերը շարունակում է բարիք ստանալ եւ հարկը չվճարել: Պրն Արշակյանի կարծիքով՝ արդարացված կլինի, եթե ԴԱՀԿ ծառայությունը հողամասի վրա արգելանք դնելուց հետո հսկողություն իրականացնի, որպեսզի սեփականատերը չօգտագործի հողամասը:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել