HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա․ Միրզոյան․ «Քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ, կենցաղային առումով կատաստրոֆիկ վիճակ է»

Կառավարության նիստում քննարկվեց որոշում, որի համաձայն՝ արդարադատության նախարարությունն առաջարկում էր 2018 թվականի պահուստային ֆոնդից 32 միլիոն 146 հազար դրամ տրամադրել քրեակատարողական համակարգի համար անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ում խոսքով՝ 18 միլիոն դրամը նախատեսված է համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար:

«Արդեն մոտ տասը տարի է քրեակատարողական հիմնարկներում օգտագործվում են հին համակարգիչներ՝ պենտիում երեք, պենտիում չորս և նույնիսկ նրանց պահեստամասերը շրջանառությունից դուրս են եկել»,- ասաց Հովհաննիսյանը: Փոխնախարարի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը անբարվոք վիճակում են, ուստի նախևառաջ նախատեսում են կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչի համար նախատեսել 14 միլիոն 146 հազար դրամ։ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն հաջորդ տարվա բյուջեով էլ նախատեսում են գտնել վերանորոգման համար պահանջվող գումարը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախագիծը շատ կարևորեց:

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ, կենցաղային առումով կարելի է ասել կատաստրոֆիկ վիճակ է, և պետք է քայլ առ քայլ գնանք այդ ամենը ինչը կարգավորելու ուղղությամբ` հատկապես ջրահեռացման համակարգերից սկսելով»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց իր մտահոգությունները՝ գնման առարկաների՝ համակարգիչների գների վերաբերյալ․

«Նույն համակարգիչների հետ կապված ոստիկանության դեպքում այլ նախահաշվային գին է եղել՝ ավելի ցածր՝ 290 հազարի փոխարեն 234 հազար դրամ, իսկ պայմանագիրը 225 հազար դրամով է կազմվել»,- ասաց նա՝ առաջարկելով անցնել միասնական նախահաշվային գներին և պահպանել կանոնները:

Ատոմ Ջանջուղազյանն հարցրեց, թե ինչպես են նախագծանախահաշվային փաստաթղթերի գումարը նախատեսել 14 միլիոն 146 հազար դրամ, արդարադատության փոխնախարարն արձագանքեց, որ հիմնավորումն արդեն ուղարկել են ֆինանսների նախարարություն: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նախարարական կոմիտեում քննարկել են հարցը և եկել համաձայնության:

«Սրանք բազմաֆունկցիոնալ տպիչներ են և դրա համար ավելի թանկ են, բացի այդ դրանց սպասարկումը ավելի էժան է, և արդյունքում թղթի տնտեսում էլ կլինի»,- ասաց Հովհաննիսյանը։ Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց մեկ օրվա ընթացքում համադրել թվերը:

«Ոստիկանությունը կարողացել է նույն ձեր նկարագրածը ձեռք բերել, իսկ եթե դուք նկարագրել եք մի բան, բայց ձեր մտքին ունեցել եք մեկ այլ բան, հավանաբար ձեր մտքին ունեցածը չեք կարող ձեռք բերել, այսինքն առաջնորդվելու եք նկարագրությամբ, որի արդյունքում կարող եք 280 հազար դրամի որակ ակնկալել, բայց մատուցվի 75 հազար դրամանոց տեխնիկա»,- ասաց Ջանջուղազյանը:

Արդարադատության փոխնախարարը համաձայնեց քննարկել հարցը՝ խոստանալով համարժեք պարամետրերով ամենացածր գնով համակարգիչ ձեռք բերել:

Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց հաստատել նախագիծը՝ հույս հայտնելով, որ մեկ օրվա ընթացքում ֆինանսների և արդարադատության նախարարությունները կգան համաձայնության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter