HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի մանկապարտեզների գնումներն իրականացրել են Մանվել Գրիգորյանի ընկերությունն ու նրա փեսայի եղբայրը

Էջմիածնում գործում է թվով 8 մանկապարտեզ, որոնք համայնքային ենթակայության են: Մանկապարտեզներ հաճախում է մոտ 1150 երեխա: Ինչպես տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից, մանկապարտեզներում սնունդը մատակարարվում է կազմակերպությունների կողմից՝ հացը յուրաքանչյուր օր, կաթնամթերային սնունդը՝ շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած սնունդը՝ 15 օրը մեկ:

Ուսումնասիրելով թվով 8 մանկապարտեզների գնումները, պարզեցինք, որ 2016-2018թթ. մանկապարտեզներին հացամթերք և սնունդ մատակարարել են նույն կազմակերպությունները: Հացը մատակարարել է «Էջմիածին Հաց» ԲԲԸ-ն, սնունդը՝ անհատ ձեռնարկատերեր Սերոբ Պողոսյանն ու Արման Տիգրանյանը:

Ինչպես պարզվում է, մանկապարտեզի գնումները տարիներ շարունակ ևս եղել է Մանվել Գրիգորյանի ու նրա մերձավորների ձեռքում: Մասնավորապես՝ «Էջմիածին Հաց» ԲԲԸ-ն պատկանում է Մանվել Գրիգորյանին, իսկ մյուս մատակարարներից, անհատ ձեռնարկատեր Սերոբ Պողոսյանը Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի ամուսնու եղբայրն է: Նշենք, որ պայմանագրերի կնքման ժամանակ Էջմիածնի քաղաքապետը եղել է Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Արման Տիգրանյանին, վերջինս նույնպես Գրիգորյանների շրջապատից է:

Այս տարի Էջմիածնի քաղաքապետարանը Սերոբ Պողոսյանի հետ միայն թիվ 5 մանկապարտեզի սնունդի որոշ տեսակների մատակարարման համար կնքել է մոտ 4 մլն 311 հազար դրամի պայմանագիր: Օրինակ՝ այդ պայմանագրի շրջանակներում Սերոբ Պողոսյանը թիվ 5 մանկապարտեզին պետք է մատակարարի 320 կգ կարագ՝ 1 կգ արժեքը 4700 դրամով: Մինչև տարեվերջ պետք է գնվի նաև 421 կգ 1-ին կարգի տավարի ոսկորոտ միս: Պայմանագրով մսի 1 կգ արժեքը 3300 դրամ է նշվել և այլն:

Քանի որ մատակարարը հանդիսանում է արդեն իսկ նախկին քաղաքապետի քրոջ ամուսնու եղբայրը, իսկ մանկապարտեզները ենթարկվում են քաղաքապետարանին, դժվար է ասել, որ հենց գնին համապատասխան որակի ապրանք է մատակարարվել մանկապարտեզներին: Վերահսկողը պետք է լիներ հենց քաղաքապետարանը, սակայն կասկածից վեր է, որ քաղաքապետարանը չէր կարող անաչառ լինել և առաջնորդվել միայն երեխաների շահով՝ անտեսելով մատակարարների հետ ունեցած արյունակցական և բարեկամական կապերը:

Ընդհանուր առմամբ միայն 2016-2018թթ. Մանվել Գրիգորյանի ընկերության և նրա փեսայի եղբոր՝ Սերոբ Պողոսյանի կողմից թվով 8 մանկապարտեզներին մատակարարվել է 152 մլն դրամի սննդամթերք: Մատակարարների հետ պայմանագրերը կնքվել են տնօրենների կողմից: Սակայն այստեղ էլ կարող ենք փաստել, որ տնօրենները կատարել են միայն մեխանիկական աշխատանք՝ ստորագրելով պայմանագրերի տակ: Ամեն ինչ որոշվել է քաղաքապետարանում:

Էջմիածնի համայնքապետարանից «Հետք»-ին տեղեկացրին, որ վերանայվելու են բոլոր պայմանագրերը և առաջնորդվելու են միայն երեխաների շահերով:

Նշենք, որ համայնքի ավագանու որոշմամբ՝ մանկապարտեզներում մեկ երեխայի խնամքի վարձավճարը կազմում է 7000 դրամ: Սոցիալական որոշ խմբերի ընտանիքների երեխաների դեպքում գործում են զեղչեր և վարձավճարի չափը կազմում է 2000 դրամ: Իսկ այլ համայնքների երեխաների համար խնամքի վարձը կազմում է 20,000 դրամ:

Մենք ուսումնասիրել էինք նաև Էջմիածնի ճանապարհաշինական գնումները: Դարձյալ 2016-2018թթ. ճանապարհաշինական աշխատանքները կատարվել են միայն «Կուարլինի» ՍՊԸ-ի կողմից: Ընկերության 100% բաժնետերը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն է: Միայն նշված ժամանակահատվածում համայնքային բյուջեից նախկին քաղաքապետի հոր ընկերությանը վճարվել էր մոտ 287 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter