HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դաշտադեմի դպրոցում 7 աշակերտ է սովորում

Ամալյա Մարգարյան

Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի Մանեն սովորում է երկկոմպլեկտ դասարանում, նրա կողքի սեղանին 1-ին դասարանցի  Ռուբենն է: Դասվար Արմինե Խռոյանը Ռուբենին սովորեցնում է մասնիկներ գրել, միաժամանակ հետևում, որ Մանեն և կողքին նստած Արտյոմը կարդան մայրենիի դասը:

Առաջին դասարանցի Ռուբենը

Աշակերտները քչախոս են, առօրյայի և երազանքների մասին չեն խոսում: Գյուղում հյուրեր հազվադեպ են լինում, ուստի աշակերտները  լարվում են անծանոթների ներկայությունից:

Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոցը 7 աշակերտ ունի:

   

Գյուղը խոշորացված Տաշիր համայնքի բնակավայրերից մեկն է: Տնօրեն Սերգեյ Աղաջանյանն ասում է, որ աշակերտների թիվը փոփոխական է, քանի որ գյուղում բնակվող ընտանիքներից մի քանիսն ամռանը  գնում է, ձմռանը ՝ վերադառնում: Այս տարի չորս երկկոմպլեկտ դասարան են ունեցել։ Իսկ առաջին դասարան գնացել է միայն մեկ աշակերտ:

Ուսուցիչները հույս ունեն, որ առաջիկայում աշակերտների թիվը կաճի, քանի որ գյուղում երեխաների ծնելիության մակարդակն աճում է:

Դպրոցի միակ ավագ աշակերտը  9-րդ դասարանում սովորող Հարութ Մեժլումյանն է: Նրա երկու եղբայրներն էլ այս դպրոցում են սովորել, հետո բանակ զորակոչվել: Նա ևս քչախոս է, բայց դասերից հետո համաձայնեց մեզ ուղեկցել իրենց տուն և պատմել իր ամենասիրելի զբաղմունքի մասին՝ ձիավարության:

9-րդ դասարանցի Հարութ Մեժլումյանը

Հպարտացավ, որ ձին առանց  թամբելու է  կարողանում վարել: Դպրոցում 9 ուսուցիչ է աշխատում, չկան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության ու ազգային երգ ու պար առարկաների համապատասխան մասնագետներ:

 «Դպրոցում մասնագետների պակաս կա: Չկան բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ: Հարակից առարկաների ուսուցիչներն են պարապում, որպեսզի աշակերտներն այդ առարկայից  տարրական գիտելիք ստանան»,- նշում է դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը։ Պրն. Աղաջանյանը Լոռու մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում աշխարհագրություն դասավանդելուց հետո 2014-ին տեղափոխվել է Դաշտադեմի միջնակարգ դպրոց և զբաղեցրել տնօրենի պաշտոնը:

Դպրոցը երկհարկանի է, դասապրոցեսի համար երեք դասասենյակ է օգտագործվում: Ըստ նախնական նախագծի՝ շենքը չի կառուցվել որպես դպրոց, այլ հետագայում հարմարեցվել է: Կառուցումից հետո  դպրոցը չի վերանորոգվել: Աշխատակազմը վերջին տարիներին սեփական ուժերով  անձրևատար խողովակներն ու տանիքն է վերանորոգել: Ձմռանը ջեռուցում են փայտե վառարաններով, բայց դասասենյակները մեծ են և դժվար են տաքանում:

1935 թվականին կառուցված շենքում սպորտդահլիճ չկա, աշակերտները ֆիզկուլտուրայի ժամերին դրսում են պարապմունքներ անցկացնում, իսկ բասկետբոլի համար նախատեսված վահանները երկար ժամանակ է ՝ չեն օգտագործվում, փտել են: Աշակերտները  չունեն ֆիզկուլտուրայի համար նախատեսված մարզասարքեր, եղած միակ խաղամիջոցը գնդակն է: 

Միջանցքի վերջում ուսուցչանոցն է, որի մի անկյունը ծառայում է որպես գյուղապետ Մարինե Խռոյանի նստավայր, քանի որ գյուղում չկա գյուղապետարանի շենք:

Դաշտադեմի դպրոցի աշխատակազմը եւ աշակերտները

Ուսուցիչները ցանկանում են նաև, որ գյուղում նախակրթարան լինի, որպեսզի մանկապարտեզի տարիք ունեցող երեխաներին ծնողները գյուղից չտեղափոխեն։

«Անցած տարվանից դասվար եմ աշխատում, կուզենայի, որ գյուղում լիներ նախակրթարան, որպեսզի երեխաները դպրոց գալիս արդեն թվերը, գույները իմանան: Գործը դժվարացնում են երկկոմպլեկտ դասարանները, երբեմն դասաժամերն իրար խանգարում են»,- ասում է դասվար Արմինե Խռոյանը:

Փոխտնօրեն Սոֆյա Մարգարյանը հավելում է, որ դպրոցի ներսում չկա սանհանգույց, եւ ձմռանն իրավիճակն ավելի է բարդանում:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի, տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter