HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան». երկու ժողովրդական ընդվզման պատմություն

Լիանա Սայադյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «Ազնավուր» հիմնադրամը կազմակերպել են «Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ այսօր «Ազնավուր» կենտրոնում: Այն հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում է, եւ առաջին միջոցառումն է, որ կազմակերպվում է «Ազնավուր» կենտրոնում:    

Հայաստան, մայիս 2018

Ցուցահանդեսը ներկայացնում է երկու ժողովրդական ընդվզում, երկու կարևորագույն իրադարձություն Ֆրանսիայի և Հայաստանի պատմության մեջ՝ անհամեմատելի, բայց երկու երկրների հասարակական քաղաքական պատմության մեջ բեկումնային իրադարձություններ:

Ձախից՝ Հայաստան, մայիս 2018, Ֆրանսիա, մայիս 1968

Մայիս 68-ի շարժումը ամենանշանակալի սոցիալական իրադարձությունն էր Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շարժումը սկսել են Փարիզի ուսանողները, որոնց հետագայում միացան նաև բանվորները: Այն ինքնաբուխ ապստամբություն էր, որն ուղղված էր կապիտալիզմի, ամերիկյան իմպերիալիզմի, այդ ժամանակաշրջանում ֆրանսիական հասարակությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, ավանդական արժեքների և Շառլ դը Գոլի իշխանության դեմ։ Իրադարձությունները մեծ հետք թողեցին Ֆրանսիայի ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում։

Շարժման 50-ամյա հոբելյանը նշելու նպատակով ընտրվել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Գրայի (1942-2007)` հեղափոխական Փարիզը ներկայացնող 43 լուսանկար:

Ֆրանսիա, մայիս 1968

Որպես արձագանք այս իրողության, հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի 36 լուսանկարներն անդրադառնում են 2018 թվականի երևանյան շարժմանը՝ հնարավորություն տալով այցելուներին վերապրել 2018թ. մայիսի հայաստանյան «թավշյա հեղափոխությանը»: 

Ֆրանսիա, մայիս 1968

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դսպան Ժոնաթան Լաքոտն իր բացման խոսքում ասաց, որ համոզված է՝ ինչպես այսօր՝ 50 տարի անց, Ֆրանսիայում դեռ խոսում են 1968-ի մայիսյան իրադարձությունների մասին, այնպես էլ Հայաստանում 50 տարի անց դեռ խոսելու են 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին:

Ձախից՝ Ազնավուր կենտրոնի ղեկավար Քրիստինե Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պրն. Լաքոտը

Ցուցահանդեսն ուղեկցվում է պատմաբան և կինեմատոգրաֆ Դոմինիկ Բոյի վավերագրական ֆիլմաշարով` վերնագրված «Մայիս 68. արտասովոր գարուն», որը կցուցադրվի հերթագայությամբ ողջ ցուցահանդեսի ընթացքում:

Հայաստան, մայիս 2018

Ցուցահանդեսը բաց է մինչեւ հոկտեմբերի 27-ը, երեքշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 19.00-ը, շաբաթ և կիրակի՝ ժամը 11.00-ից 19.00: Իսկ հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում  «Ազնավուր» կենտրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված ինտերակտիվ ցուցադրության բացում, որն իր ներկայությամբ կպատվի մեծ շանսոնյեն եւ կազդարարի իր եւ որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստեղծած կենտրոնի կրթական ծրագրերի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter