
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը 10 մլն դրամով ազատ արձակվեց
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի եղբայր Գրիգոր Գրիգորյանն ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավը: Այս մասին տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գրիգորյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 25-ին, իսկ երեկ մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու` Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` Երևանի ավագանու ընտրությանը նախորդող օրը ոստիկանությունը ահազանգ էր ստացել ընտրակաշառք բաժանելու մասին: Ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել էր Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն:
Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գրիգոր Գրիգորյանը նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը:
Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գրիգոր Գրիգորյանը բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:
Բացի այդ, Գրիգոր Գրիգորյանը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն:
Լուսանկարում` Գրիգոր Գրիգորյանը (աջից առաջինը)
Մեկնաբանել