HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուշանբեում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ինչպես տեղեկացնում է կառավարության աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում:

Վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը:

Վարչապետը կարևորել է նաև համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ: Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով և համոզմունք հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում:

Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար և նշել, որ կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով ու կարրևորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter