HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առատաշենում նույն ջուրն օգտագործում են և խմելու, և ոռոգման նպատակով

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչները երկար ժամանակ է` գորտի ձայն չեն լսում, իսկ տարիներ առաջ արթնանում էին հենց գորտերի ձայնից: Գյուղամիջում նստած առատաշենցի Աշոտ Հայրապետյանն ասում է, որ գորտի չլսվող ձայնով կարող են բնութագրել, թե ինչպես է չորանում, անապատանում իրենց գյուղը:

Գյուղի վարչական տարածքով է անցնում Քասախ գետը: Առատաշենցիները Քասախ գետում ջուր տեսնում են միայն գարնան վարարումների ժամանակ, դրանից հետո ցամաք է, իսկ կուտակված ջուրը չհոսելու պատճառով ճահճանում է:

Առատաշենի համայնքապետարանի բալանսում առկա է 14 խորքային հոր: Դրանցից 3-ը նախատեսված է մարդկանց կենցաղային ջրով ապահովելու համար, որն օգտագործվում է նաև խմելու նպատակով: Իսկ հորերից 11-ն օգտագործվում է ոռոգման նպատակով:

Հատկապես դաշտերում մարդիկ խուսափում են բանջարաբոստանային կուլտուրաներ մշակել: Ավելի շատ տուժում են հատկապես պոմպակայաններից հեռու գտնվողները: Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանն ասաց, որ փորձում են գյուղացիներին ապահովել ջրով, սակայն ոչ միշտ է ստացվում: Հատկապես ամառվա ամիսներին, երբ ոռոգման հաճախականությունն ավելանում է, ջուրը քչություն է անում: Մարդիկ ստիպված հերթով պետք է դաշտերը ոռոգեն, ինչը ոչ միայն լարվածություն է առաջացնում համագյուղացիների միջև, այլև վնասներ է պատճառում գյուղացիներին: Բայց ամենից շատ գյուղացիները դժգոհում են խմելու ջրից:

Խմելու ջրի որակը չի համապատասխանում ստանդարտներին

Առատաշենցիներն ասում են, որ խմելու նպատակով մատակարարվող ջուրը որակապես չի համապատասխանում ստանդարտներին և գրեթե չի տարբերվում ոռոգման ջրից: Համայնքապետարանը պոմպերն օրական միացնում է երկու անգամ՝ մեկ ժամ առավոտյան, նույնքան էլ երեկոյան: Այսինքն` օրվա ընթացքում գյուղացիները 2 ժամ են խմելու ջուր ունենում: Հատկապես ամառվա ամիսներին մատակարարվող ջուրը պիտանի չի լինում խմելու համար: Ջուրը, մնալով խողովակների մեջ, նեխում է և վտանգավոր դառնում մարդկանց առողջության համար: Գյուղացիները պատմում էին, որ ծորակից հոսող ջրից նեխահոտ է գալիս:

Ջրի որակը վատանում է նաև ներքին ցանցի մաշվածության պատճառով: Ժամանակ առ ժամանակ վերանորոգման աշխատանքներ կատարվել են: Տեղ-տեղ փոխվել են ջրի խողովակները, սակայն դրանից ընդհանուր որակը չի բարելավվել: Գյուղի ներտնտեսային ցանցի զգալի մասը դեռեւս խորհրդային տարիներից ժառանգած թուջե խողովակներն են:

«Խողովակները շատ հին են, մենք ջրի որակից ենք դժգոհում: Մեր ժողովրդի մեծ մասը Էջմիածնից է խմելու ջուր բերում: Գնում են եկեղեցու բակից, հարևան գյուղերի բակերից ամաններով, շշերով խմելու ջուր են բերում»,- ասում է Աշոտ Հայրապետյանը:

Նրա համագյուղացի Աշոտ Մկրտչյանն էլ ասաց, որ 10 տարի է` չի օգտվում ընդհանուր ցանցով խմելու ջրի անվան տակ մատակարարվող ջրից: Նա իր տան բակում առանձին խորքային հոր է փորել, որպեսզի գոնե կենցաղի համար օգտագործվող ջուրը մաքուր լինի: Աշոտը նույնպես խմելու ջուրը տարաներով բերում է Էջմիածնից՝ Չարենց թաղամասի ցայտաղբյուրներից:

«Նախ՝ ժամով էին տալիս, ջուրը ճնշում չէր տալիս, որդնում էր: Խնդիրը ջրագծերն են: Արդեն 10 տարի է` անջատել եմ ընդհանուր ցանցը, ես իմ տան համար առանձին ջուր եմ անցկացրել, որն օգտագործվում է խոհանոցում, բաղնիքում»,- ավելացնում է Աշոտ Մկրտչյանը:

Առատաշենում խմելու ջուրը մատակարարում է համայնքապետարանը: Տարիներ շարունակ վարձավճարը գանձվում է ընտանիքի հաշվով՝ ամսական 1500 դրամ: Թեև մատակարարված ջրի նպատակը կենցաղում և խմելու համար օգտագործելն է, սակայն այն գրեթե չի վարակազերծվում: Չկա քլորակայան, ինչը դժվարացնում է վնասազերծումը: Համայնքապետն ասում է, որ պարբերաբար քլոր տալիս են ջրին, սակայն առանց քլորակայանի գրեթե անօգուտ է:

Առատաշենի համայնքապետ Վահրամ Հայրապետյանն ասում է, որ խորքային հորերի մոտ գտնվողները կենցաղային օգտագործման ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Գյուղի ծայրամասերում ապրողներին ջուր չի հասնում, նրանք էլ չեն վճարում օգտագործած ջրի համար: Արդյունքում՝ համայնքապետարանը մոտ 2 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք է կուտակել, եւ այն գնալով ավելանում է:

Առատաշենում ջրագծերի վրա հաշվիչներ տեղադրված չեն: Համայնքապետը հույս ունի, որ առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր: Նրա համոզմամբ, եթե ջրաչափեր չտեղադրվեն, հնարավոր է` առաջիկայում համայնքը ջուր չունենա, քանի որ մարդիկ անխնա են օգտագործում:

Տունը 1500 դրամ ջրի վարձավճարը չի փակում ծախսերը, սակայն Վահրամ Հարությունյանն ասում է, որ գին բարձրացնելով` հարցը չի լուծվի: Եթե թանկացնեն, վճարողները քիչ կլինեն: Իսկ պոմպերն աշխատացնելու համար միևնույն է օգտագործվում է նույն քանակի էլեկտրաէներգիա:

Ջրամատակարարում՝ կախված քամուց, անձրևից, կարկուտից...

Երբ հեռուստատեսությամբ հաղորդվում է, որ անբարենպաստ եղանակ է սպասվում, առատաշենցիներն արդեն գիտեն՝ մի քանի ժամ էլեկտրականություն չեն ունենալու:

«Բազմաթիվ գրություններ եմ ուղարկել մարզպետարան, էլեկտրացանց, որ սովետական դարաշրջանի տրանսֆորմատորային ենթակայաններ են ու հենասյուներ: Հենասյուները մնացել են արդեն երկաթյա ձողերի վրա, ինչը հաճախ վթարների պատճառ է հանդիսանում»,- ասում է Առատաշենի համայնքապետը:

Այս գյուղում էլեկտրաէներգիայից է կախված մարդկանց ջուր ունենալը, քանի որ թե՛ խմելու, թե՛ ոռոգման նպատակով մատակարարվող ջուրը սպառողին է հասնում պոմպակայանների օգնությամբ: Գյուղն ինքնահոս ջրամատակարարում չունի: Էլեկտրաէներգիայի ցանկացած անջատում հարված է նաև գյուղատնտեսությանը: Իսկ նման հարվածներ գյուղացին հաճախ է ստանում:

Վահրամ Հարությունյանն ասում է, որ էլեկտրական մալուխները ևս շարքից դուրս են եկել: Ամբողջ ցանցը կապիտալ վերանորոգման կարիք ունի, քանի որ հենասյուները, մալուխները 1950-60-ական թվականներից են մնացել:

«Եթե գյուղացին մի 10 կգ պոմիդոր ծախի, մի հատ փչացած լինի դրա մեջ, կվերցնեն, կտան գյուղացու գլխին, բայց էլեկտրացանցը անընդհատ անորակ հոսանք է մեզ մատակարարում: Վերջերս նույնիսկ 220 վոլտի փոխարեն 150 վոլտ էլեկտրաէներգիա ենք ստացել: Ցածր լարման հոսանքի դեպքում ոչ մի էլեկտրական սարքավորում չի աշխատում ու շարքից դուրս է գալիս: Գյուղացին, որ մի 500 դրամ պարտք է լինում, գալիս հոսանքն անջատում են, բայց որ այդքան վատ հոսանք են մատակարարում, ոչ մի արձագանք»,- հավելում է Վահրամ Հարությունյանը:

Համայնքապետը նշեց, որ ցածրորակ էլեկտրաէներգիայի պատճառով հաճախ շարքից դուրս են գալիս ոչ միայն առատաշենցիների էլեկտրական սարքավորումները, այլև համայնքապետարանի պոմպերը: «Փորձեցին մի քիչ կարգավորեն, բայց էլի այն չի: Մեկ պոմպի վերանորոգումը 400-500 հազար դրամ արժե: Բյուջեում էլ այդքան հնարավորություն չկա, ստիպված` օրերով մարդիկ կարող են մնալ առանց ջրի: Բայց որպեսզի նմանատիպ իրավիճակ չստեղծվի, ստիպված պարտքով ենք վերանորոգումներն անում»,- ասում է համայնքապետը:

Հայաստանի էլեկտրական ցանցերի լրատվական բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ Առատաշեն համայնքում ունեն 623 բաժանորդ, այդ թվում՝ 596-ը ֆիզիկական անձ: Առատաշեն համայնքում գործում է թվով 18 ենթակայան, որոնք գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում: ՀԷՑ տեխնիկական անձնակազմի ջանքերով է ապահովվում դրանց աշխատանքը:

ՀԷՑ-ը չի թաքցնում, նույնը կարելի է ասել նաև Առատաշենի էլեկտրասյուների վիճակի մասին՝ ավելացնելով, որ ըստ անհրաժեշտության իրականացվում է օդային գծերի, հենասյուների, հաղորդալարերի և մեկուսիչների փոխարինում: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներին, ապա ընկերությունից պատասխանում են, որ հաճախակի ընդհատումները պայմանավորված են ինչպես ընդհանուր էլեկտրատնտեսության մաշվածությամբ, այնպես էլ կոնկրետ այդ տարածքին բնորոշ եղանակային անբարենպաստ պայմաններով՝ քամու առավելագույն պոռթկումներ, հորդառատ անձրև, ամպրոպ և օդային գծերի ուղեգծին շատ մոտ աճած ծառերի առկայությամբ:

«Առատաշեն համայնքում միայն 2018թ. ընթացքում իրականացվել է ավելի քան 50 մլն դրամի ներդրում»,- ասում են ՀԷՑ-ից:

Համայնքապետ Վահրամ Հարությունյանն էլ հիշում է, որ մի քանի տարի առաջ ընդամենը մի քանի հենասյուն են փոխել: Լուրջ ներդրումներ չեն եղել: «14 տրանսֆորմատորային ենթակայան միայն խորքային հորերին է սպասարկում: Դրանք ևս հին են: Գյուղում նոր բան չկա»,- հավելում է Վ. Հարությունյանը:

ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ գյուղում էլեկտրամատակարարման ամբողջ համակարգը բարելավելու համար կատարվող աշխատանքները գտնվում են նախագծային փուլում, որի ավարտից հետո կհստակեցվի ներդրվող գումարի չափը, աշխատանքներն էլ կընդգրկվեն ընկերության ներդրումային ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter