HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տիգրանակերտի թանգարանից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա դրամը

Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախի Տիգրանակերտի թանգարանի ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը: 

Հ. Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ գողությունը կատարվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Մարդկանց բավականին մեծ հոսք է եղել թանգարանում, խմբերի դուրս գալուց հետո աշխատակիցներին հայտնի է դարձել, որ արծաթյա դրամն անհետացել է ցուցափեղկից։ Այդ ժամանակ սրահում չի եղել նաեւ հսկիչը, որն իրավունք չուներ բացակայելու։ Նա հայտնել է, որ կարեւոր գործով է թանգարանից դուրս եկել։

Հ. Պետրոսյանն ասում է, որ մ. թ. ա. 57-54 թթ. թվագրվող արծաթյա դրամը սեւ շուկայում մեծ արժեք չունի, բայց որպես Տիգրանակերտի գտածո շատ արժեքավոր է։

Պրոֆեսորը հայտնեց, որ 10 տարի շարունակ պատկան մարմիններին զգուշացնում էր, որ այդ պայմաններում չի կարելի ցուցադրություն կազմակերպել՝ փական չկա ցուցափեղկերին, ցուցասրահների տեխնիկական անվտանգությունն ապահովված չէ, տեսախցիկը միայն բակում է տեղադրված եւ մուտքն է վերահսկում։ «Ցուցանմուշների նկատմամբ նման անտարբերությունն անթույլատրելի է, բայց մինչ օրս կարեւորություն չի տրվել իմ զգուշացումներին»,- հայտնեց պրոֆեսորը։ 

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը «Հետք»-ին հայտնեց, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել, տեսախցիկներն առգրավված են, եւ ոստիկանությունը ներկայումս զննում է թանգարանի ելքի ու մուտքի նկարահանումները։ Նախարարն ասում է, որ աննախադեպ բան է կատարվածը, անցած 10 տարիների ընթացքում ոչ մի թանգարանից ցուցանմուշ չի պակասել։ Հույս ունեն, որ գողությունն արագ կբացահայտվի, իսկ նախարարությունը հետեւությունններ կանի թանգարանի տեխնիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter