HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարը այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

 Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։

«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչև արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաև մրցակցային կդարձնի շաքարի շուկան», - լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։   Նախարարն անդրադարձել է նաև հետագայում տեղական հումքն ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։

Համառոտ տեղեկանք «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ  մասին

Սևանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում` վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:

2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։

Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ են իրականացվում գործարանը վերագործարկելու ուղղությամբ:

Ընկերության ղեկավարության համոզմամբ, վերագործարկման արդյունքում կշահի ոչ միայն ընկերությունը, այլ նաև ողջ տարածաշրջանը, հանրապետությունը: Բացի այն, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունը այլ երկրներում շաքարի գների տատանումներից, նաև որոշակիորեն կմեղմացվեն  Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական խնդիրները, քանի որ ընկերության վերագործարկմամբ նախատեսվում է վերաբացել 80-ից 100 աշխատատեղ, միջինը ավելի քան 120 հազար դրամ ամսական աշխատավարձով:

Գործարանի արտադրողականությունը նախատեսվում է հասցնել օրական 60 տոննայի: Այս պարագայում ընկերության ամսական շրջանառությունը կկազմի ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

 Ֆրանսիական SUCDEN ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հումքի մատակարարումների վերականգնման մասով: Նախատեսվում է, որ հումքի գինը ֆիքսվելու է Նյու-Յորքի բորսայական գներին համապատասխան: Ներկրումը կատարվելու է ծովային ճանապարհով մինչև Փոթի, իսկ այնտեղից Հայաստան ՝ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով:

Շաքարի հումքը Հայաստանի Հանրապետությունում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավերացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման խնդիրը:  Ընկերության ղեկավարությունն ականկալում է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությունը կընդունի համապատասխան որոշում` ԱԱՀ-ի վճարման գործընթացը սահմանից արտադրություն տեղափոխելու մասով:

Ըստ նախնական հաշվարկների, ընկերության վերագործարկման  կազմակերպչական  ծախսերի համար անհարաժեշտ է կատարել շուրջ 34 մլն դրամի ներդրում (գործարանի ներդրումային ծրագիրը կազմված է):

Նշված ծախսերից բացի նախատեսվում է ներկրել նախնական 4000 տոննա հումք, ինչի համար ծախսվելու է 1.2 մլն դոլար։

Ըստ ներդրումային ծրագրի, ընկերության հասույթը 2019 թվականին կկազմի շուրջ 12,5 մլն դոլար, իսկ տարեկան շահույթը պլանավորվում է հասցնել 2 մլն դոլարի: 

Տեղեկանքը պատրաստվել է «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter