
Պարզաբանում` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուտքերի մասին
«Հետք»-ը սեպտեմբերի 21-ին հրապարակել էր «Ովքեր են ֆինանսավորել ավագանու թեկնածուների քարոզարշավը. տվյալների բազա» հոդվածը, որում ներկայացվել էր սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների մուտքերի աղբյուրները:
Հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տվել «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հիմնադրամի հաշիվներին գումար մուտքագրողները հիմնականում եղել են համապատասխան քաղաքական ուժի ավագանու թեկնածուները: Այս փաստը հաշվի առնելով, մուտքագրված գումարները համեմատվում են թեկնածուների հայտարարագրած եկամուտների և դրամական միջոցների հետ:
«Իմ քայլը» դաշինքի դեպքում նման մոտեցումը տեղին չէ և թյուրըմբռման արդյունք է: Հանրահայտ իրողություն է, որ մեր դաշինքն առաջադրվելուց հետո՝ սեպտեմբերի 2-ին դրամահավաք-երեկո էր կազմակերպել՝ քարոզարշավի համար անհրաժեշտ դրամական միջոցներ հայթայթելու համար: Դրամահավաք երեկոյի ընթացքում՝ մի քանի հարյուր նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր ավելի քան 45 միլիոն դրամ, ինչի մասին ևս հայտարարվել է: Հետագա 2-3 օրերին կրկին նվիրատվություններ են եղել: Ըստ այդմ, ձևավորվել է «Իմ քայլը» դաշինքի՝ ընտրական դրամագլուխը՝ շուրջ 50 մլն դրամի չափով:
ՀՀ օրենսդրությամբ նախընտրական հիմնադրամի հաշվին գումար կարող են մուտքագրել համապատասխան քաղաքական ուժերը (կուսակցություն կամ դաշինքի կազմում ընդգրկված կուսակցություններ), թեկնածուները և ընտրողները: Մեր դաշինքի պարագայում գումարները մուտքագրվել են թեկնածուների անուններով, քանի որ նրանցից յուրաքանչյուրն այս դեպքում շահառու է: Դրամահավաքի գումարները տրվել են դաշինքին, ասել կուզի բոլոր թեկնածուներին:
Ցանկանում եմ արձանագրել, որ ՀՀ ԸՕ որևէ դրույթ կամ պահանջ մեր կողմից չի խախտվել և ողջ գործընթացը եղել է թափանցիկ»:
Վահագն Հովակիմյանին խնդրեցինք պարզաբանմանը կից ներկայացնել նաև նվիրատուների ցուցակն ու նվիրաբերած գումարի չափը:
«Սովորաբար այդ ցանկը հրապարակվում է: Այս դեպքում ևս առաջիկայում այդ ցանկը կհրապարակվի: Պարզապես այս պահին դժվարանում եմ հստակ ժամկետներ նշել»,- նշեց նա:
Մեկնաբանել