HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թվապատում 2018»-ի մրցանակակիրները հայտնի են

Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը տեղեկացնում է, որ չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:

«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս տարի մրցույթին աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Յուքոմ ընկերությունը:

Փոփոխությունների մասին լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս այս տարի ևս ժյուրին կարևորեց աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:

«Թվապատում 2018» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ են`

Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ, դասախոս,
Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ,
Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ,
Մանանա Ասլամազյան, մեդիա փորձագետ:

Շարունակելով ավանդույթը՝ այս տարի ժյուրիի մասնագիտական կազմում էր նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոս Հասմիկ Խաչատրյանը:

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

Ստատուս մարդու իրավունքներ անվանակարգը նորություն է «Թվապատում» մրցույթում: Անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանը` «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն» տեսանյութի համար:

Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգի հաղթող նյութը Hetq.am-ում հրապարակված «Կոմունալ վճարներ․ ինչպես են տաքանում Երևանում» պատմությունն է, որի հեղինակներ Անի Հովհաննիսյանն ու Նարեկ Ալեքսանյանը պարգևատրվեցին 200 000 դրամով:

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ  Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյանը՝ «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» նյութի համար:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում սահմանված 250 000 դրամ մրցանակը կիսվեց․ 125 000 դրամով պարգևատրվեցին Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը՝ «Կուտակային կենսաթոշակ. ապահովելով սեփական ծերությունը» նյութի համար, և Ուրբանիստա կայքի «Բացակա քաղաքացիները`ավագանու բաց նիստերին» պատմության համահեղինակներ Հասմիկ Դիլանյանն ու Անահիտ Մինասյանը։

«Թվապատում 2018»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց EVNreport նախագծի «Լսել Երևանը» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Արեն Մելիքյանը և հերոս Սիփան Ասատրյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհեց պատմությունների, որոնք տպավորեցին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

4Պլյուս կոլեկտիվի վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Կյանքը մինչև և հետո» ֆոտոպատմությունն արժանացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ մրցանակին․ հեղինակին շնորհվեց 230 000 դրամ՝ մարդասիրական թեմայով նոր արտադրանք ստեղծելու համար:

Հին թեման նոր գործիքների լավագույն կիրառմամբ մատուցելու համար Յուքոմ ընկերությունը պլանշետ հանձնեց Mediamax.am-ի տնօրեն Արա Թադևոսյանին՝ «Հանրապետություն» նախագծի համար:

Երրորդ հատուկ մրցանակը և 100 000 դրամական պարգևը շնորհվեց Hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանին՝ Դարիկի պահապան տիրուհու՝ Իրինա Թադևոսյանի կերպարը յուրահատուկ կերպով ներկայացնելու համար:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 50 000-ական դրամ խրախուսական մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ ԱԼՏ հեռուստաընկերությունից Անժելա Ստեփանյանին՝ ««Հզորներն» ու գյուղացիները» պատմության համար և Լոռի հեռուստաընկերությունից Լուսինե Սարգսյանին՝ «Տեղական քաղաքականություն» հաղորդաշարի՝ Աթան խոշորացված համայնքին նվիրված թողարկման համար։

Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ անվանակարգի հաղթողին կորոշեն մրցույթի մասնակիցները, ովքեր մեկ ամսվա ընթացքում կքվեարկեն ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 նյութից որևէ մեկի օգտին:

Հաղթողի մասին, նաև մրցույթին առնչվող այլ տեղեկություն կարող եք գտնել «Թվապատում» կայքում (contest.tvapatum.mediainitiatives.am):

«Թվապատում 2018»-ից բացի՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց արդեն չորրոդ տարին անցկացվող «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը, որը խրախուսում է մասնակիցներին մտածել լրագրության դերի, լրատվության կարևորության ու ազդեցության, մեդիայի ու լսարանի կապի մասին։

Լրագրողներից ու լրագրության դասախոսներից կազմված ժյուրին ընտրեց երեք հիմնական մրցանակակիրներին, ևս երկու նյութ արժանացավ խրախուսական պարգևի:

Այս տարի դիմորդներին ամենահուզող թեման Թավշյա հեղափոխության ու մեդիայի փոխահարաբերությունն էր: «Այս հեղափոխությունը քաղաքացի-լրագրող կերտեց: Բայց «մարդ-մեդիան» միայն լայվերը չեն: Մարդիկ իրենց կարգախոսներով, իրենց քայլերով, իրենց հավատով ու համբերությամբ, իրենց բաց ձեռքերով ստիպում էին, որ դու փակես վախի էջը ու գնաս, միանաս»,- իր էսսեում գրում է առաջին մրցանակակիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Մարիամ Մկրտչյանը:

Երկրորդ մրցանակին արժանացավ ՀԱՀ հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Արփինե Հարոյանը, երրորդ մրցանակիր դարձավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Նանե Պետրոսյանը։ Խրախուսական մրցանակներ ստացան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Սարգիս Սարուխանյանն ու ԵՊՀ ուսանող Մարիամ Սարգսյանը՝ իրենց ու իրենց համայնքի կյանքում մեդիայի դերը քննարկելու համար։

«Թվապատում» և «Ես եմ մեդիան» մրցույթները կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Յուքոմ ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter