HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ժիրայր Սեֆիլյան․ «Մենք կողմ ենք հնարավորինս շուտ առկա Ազգային Ժողով կոչեցյալի լուծարմանը»

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը չի կարող անդամակցել նորաստեղծ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, քանի որ ՀՀ քաղաքացիություն չունի, սակայն Սեֆիլյանը վստահ է՝ «Նիկոլի օրոք» անշուշտ  կստանա քաղաքացիություն։ Այս մասին կուսակցության համագումարի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։

Սեֆիլյանի խոսքով՝ օգոստոսի մեկից դիմել է իր քաղաքացիության համար, «փաստաթղթերը ուշանում են, բայց համբերատար սպասում է»։

Ժիրայր Սեֆիլյանը սակայն վստահեցրեց՝ սպասվող թե՛ խորհրդարանական, թե՛ այլ ընտրություններում մասնակցելու են։

«Մենք կողմ ենք հնարավորինս շուտ առկա Ազգային ժողով կոչեցյալի լուծարմանը՝ օր առաջ, ժամ առաջ, եթե մեր երկիրը չորս-հինգ ամիս էլ առանց ԱԺ-ի մնա, կարծում եմ՝ ոչ մի բան չենք կորցնի»,-ասաց նա։

Սեֆիլյանը հակահեղափոխականության վտանգ չի տեսնում։ Նրա համոզմամբ՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն ժողովրդի մոտ զրո հարթությունում են, ինչը ապացուցվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով։

«Ապագա ԱԺ-ում պիտի լինեն բոլորովին նոր ուժեր, հին ուժերից ոչ մեկ չի լինելու»,-ասաց նա։

Մեր հարցին՝ բացառո՞ւմ է, որ «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը կրկին դիմի ծայրահեղական քայլերով, Սեֆիլյանը հարցով պատասխանեց

«Այսինքն մեզ տեսնելուց անընդհատ ծայրահեղական քայլե՞ր եք տեսնում․․․ Ի՞նչ պետք է անենք, որ այդպիսի մտքեր ձեր մտքերում չպտտվեն»։

Վարուժան Ավետիսյանը չհստակեցրեց, թե որ ուժերի հետ են պատրաստ համագործակցել

Հիմնադիր խորհրդարանի անդամ, նորաստեղծ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիրներից Վարուժան Ավետիսյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առնվազն մինչ նոր խորհրդարանի ձևավորումը, սատարելու է։

«Դրանից հետո երբ կառաջանա դասական քաղաքական մրցակցային վիճակ, կուսակցությունը կորոշի ինչպես վարվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ավետիսյանը չի կարող կանխատեսել, թե երբ կլինեն արտահերթ ընտրությունները, սակայն վստահեցնում է, որ իրենք մասնակցելու են ընտրություններին։

Մեր հարցին, թե որ ուժերի հետ են պատրաստ համագործակցել, Վարուժան Ավետիսյանն ասաց

«Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև քաղաքական դաշտը որպես այդպիսին ձևավորման փուլում է, դեռևս ընթացք է, մենք նույնպես կայացման մեջ ենք, պետք է բոլորս միասին փորձենք ձևավորել այն ազգային պետականամետ քաղաքական դաշտը, որը կբերի ազգային ռազմավարական բոլոր նպատակների իրականացմանը»։ Ավետիսյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ իրենք ներկայացված կլինեն խորհրդարանում։

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ նորաստեղծ կուսակցության հիմնադրման ֆինանսական ծախսերը հոգում են քաղաքացիները՝ թե՛ գույքային, թե՛ դրամական նվիրտվություններ են իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter