Գավառում տեղի ունեցավ «Մեծ փուռ» փառատոնը
Մերի Սարգսյան
Այսօր Գավառի տարածաշրջանում 4-րդ անգամ անցկացվեց «Մեծ փուռ» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:
«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի կազմակերպիչը «Վորլդ Վիժն Հայաստան»-ն է:
Գանձակ և Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների խմբերը կազմակերպել էին «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Արտադրողներից Վիգեն Գևորգյանը պատմում է, որ փառատոնին մասնակցում է ամեն տարի և սիրով հյուրասիրում իր աճեցրած կարտոֆիլը: «Նախորդ տարիներին ստացել եմ 250-300 տոննա կարտոֆիլ, բայց էս տարի երեք անգամ կարկուտը խփելա, երևի մի 130 տոննայի կարգի բերք կլինի էս տարի, բայց սպառման խնդիր մենք ընդհանրապես չունենք»:

Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, ինչպես նաև Գավառի ավանդական ուտեստների համտեսով: Տարբեր տաղավարներում կարելի էր համտեսել Գավառի ավանդական ուտելիքներից`արիշտա, քյուֆթա, ձուկ և այլն: Գավառի ավանդույթների համախմբման փառատոնը չէր կարող անցնել առանց քաղցրահամ և անուշաբույր փախլավայի ու գաթայի:

«Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) և «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ները բարեգործական ակցիա էին իրականացնում միջոցառման ընթացքում` վաճառելով Գավառի բարբառով ստիկերներ և այլ գրքույկներ: Ակցիայի մասնակիցներից Լենա Գոհարյանն ասաց, որ հասույթն ուղղվելու է վերոհիշյալ ՀԿ-ների կողմից Գեղարքունիքի մարզում հիմնադրված ցերեկային 6 կենտրոններ հաճախող երեխաների սնունդն ապահովելուն: «Այդ ցերեկային կենտրոններ հաճախում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, իրականացվում է դասապատրաստում, խմբակներ են, որտեղ կյանքի հմտություններ են սովորում և սնվում են»:

Միջոցառմանը ներկա էին նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել