HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում: Հիմա կպատմեմ վերջին օրերին տեղի ունեցածը:

Մի քանի օր առաջ, երբ «Նուբարաշեն» բանտի կլոր տանիքի տակ զբոսնում էի իմ զբոսախցում, կողքի զբոսախցից ձայն տվեցին.

  • Մհե՛ր, շնորհավոր, խրախուսանք ես ստացել:

  • Ի՞նչ խրախուսանք, - զարմացած հարցրեցի ես:

  • Ո՞նց, չգիտե՞ս… սովորող, աշխատող, գրող ցմահներին խրախուսում են:

Հետո արդեն ինձ հրավիրեցին աշխատասենյակ և մեկուսարանի ՍՀԻԱ (սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների) բաժնի աշխատակիցը շնորհավորեց ինձ՝ հայտնելով, որ մեկուսարանի պետ Էդուարդ Գրիգորյանը բարեխիղճ աշխատանքի և ուսման, նաև ստեղծագործական աշխատանքի համար պաշտոնապես խրախուսել է: Իմացա, որ խրախուսվել են նաև մյուս սովորող, ստեղծագործող ցմահ դատապարտյալները: Շնորհավորում եմ բախտակիցներիս ու շնորհակալություն հայտնում բանտի ադմինիստրացիային:  

Արդեն շնորհակալագիր եմ գրել բանտի պետի անունով: Նաև տեղում հայտնեցի շնորհակալությունս գնահատանքի համար թե՛ մեկուսարանի պետին, թե՛ բոլոր բաժինների աշխատակիցներին: Ծանոթացա նաև ՍՀԻԱ բաժնի առաջատար մասնագետի զեկուցագրին և անվտանգության ապահովման և օպերատիվ աշխատանքների բաժինների աշխատակիցների գրավոր կարծիքին, ովքեր առարկություններ չունեին ինձ խրախուսելու վերաբերյալ: Ահա խրախուսանքի փաստաթղթերի պատճենները, որոնք իմ խնդրանքով հենց նույն օրը տրամադրեցին: Իսկ խրախուսանքի միջոցներն են` երկարատև կամ կարճատև լրացուցիչ տեսակցությունների տրամադրումը, զբոսանքի ժամերի ավելացումը, նույնիսկ ռեժիմի փոփոխումը: Ես մեկ անգամ ավելի մի քանի ժամով կտեսնեմ ընտանիքիս:

Շնորհակալություն նաև ինձ ուսման հնարավորություն տված Սլավոնական համալսարանի ղեկավարությունն ու դասախոսներին, ինձ աշխատանքի հնարավորություն տված «Հետքի» խմբագրին ու տնօրենին, իմ գրքերի հրատարակիչներին, տպագրիչներին և, իհարկե, հովանավորներին: Հենց բոլորիդ շնորհիվ է, որ խրախուսանք եմ ստացել:

Խրախուսանքի ինստիտուտի չկիրառման հարցը տարիներ շարունակ բարձրաձայնել եմ թե՛ ես, թե՛ այլ դատապարտյալներ, օրինակ՝ Արսեն Արծրունին իր պաշտպանների հետ միասին: Մասնավորապես, զարմանալի էր, որ տարիներ շարունակ բանտում զբաղված լինելով գիտությամբ ու ուսումնառությամբ, Արսեն Արծրունին, մյուս ցմահ բանտարկյալները չէին խրախուսվում: Մեկուսարանի աշխատակիցները նույնպես առանձին զրույցների ժամանակ ասում էին, որ դրական վարքագծի համար պետք է խրախուսել մարդուն, սակայն նախկին իշխանությունների օրոք չէին թաքցնում, որ հրահանգ կա, չգրված նորմ՝ ցմահների նկատմամբ չկիրառել խրախուսանքներ: Հիմա փաստացի իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում: Ասեմ, որ խրախուսանքները կարևոր են պայմանական վաղաժամկետ ազատվելիս, դատապարտյալին բնութագրելիս:

Այս հոդված-նամակումս ցանկանում եմ տեղեկացնել, որ իրավիճակը փոխվել է նաև այլ հարցերում, մասնավորապես իմ այստեղ գտնվելու արդեն 23-րդ տարվա մեջ վերջապես ազատազրկվածներին պետությունը պարբերաբար տրամադրում է միրգ և բանջարեղեն, պատրաստվող ճաշերի որակը զգալիորեն լավացել է, և շատերը սկսել են օգտվել բանտի ճաշերից:

Ինչպես Հայաստանի բոլոր ազատազրկման վայրերում գտնվողները և նրանց ընտանիքները, այդպես էլ մենք` ցմահ ազատազրկվածներս և մեր ընտանիքները, հատկապես նրանք, ում բանտում պատիժ կրելու 20 տարին արդեն լրացել է, անհամբեր և մեծ հավատով սպասում ենք, որ նոր Հայաստանում, որտեղ հաղթեց Սիրո Հեղափոխությունը, վերջապես իշխանությունները կանդրադառնան նաև մեզ և քրիստոնեական մարդասիրական սկզբունքները կփոխեն նաև մեր և մեր ընտանիքների ճակատագրերը:

Հ.Գ. Հարազատներս փոխանցել են, որ մեր մեծ երգիծաբան Լեռ կամսարի «Բանտիս օրագրի»՝ իմ ռուսերեն թարգմանությամբ տարբերակն արդեն տպարանում է: Հոկտեմբերին պատրաստվում ենք շնորհանդեսի: Հոգեպես կլինեմ Ձեր մեջ… շատ կուզեմ ներկա գտնվել նաև ֆիզիկապես:

 

Մեկնաբանություններ (3)

Լուսինե
Մհեր ջան, ցավդ տանեմ, դու պետք ա լինես մեր բանտերում հեղափոխություն իրականացնողը։ Դու պարտավոր ես դիմակայել ամեն ինչին, քանզի բախտակիցներիդ հույսը ՔՈ ՎՐԱ Է.. քանզի դու ես պահում վառվող ճրագն էդ մութ ու սառը պատերի ներսում։ Աստված քո հետ։ Սպասում ենք՝ սիրով և մեծագույն հարգանքներով։
Լևոն Մկրտչյան
Հարգելի Մհեր Ենոքյան հուսանք, որ ձեր նման տաղանդավոր մարդը, մի օր, ի վերջո կվայելի ազատությունը:
Լեյլի
Բարև Մհեր ջան այն որ ծնողն ուրախանում է իր երեխայի ամեն մի հաջողության համար հավատա սրտի թրթիռով անծանոթ բայց հարազատի նման ուրաախանում եմ քեզ համար 23 տարի ես էլ ազատության մեջ եմ պայքարել ազատության համար ապրիլի 13-ից ազատության հրապարակում դիմավորել ենք պարոն Փաշինյանին օրեր շարունակ լուսացրել Ֆրանսիական հրապարակում և մայիսի 9 ընտրել ենք ժողովրդի ընտրյալ վարչապետին հոգուս խորքում միշտ ունեցել եմ այդ բաղձալի երազանքը որ մի գեղեցիկ օր սիրո ու համերաշխության հաղթանակը բացելու է բանտի դռները և դու անպայման կհայտնվես ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։