
Էդմոնդ Խուդյանը պատասխանում է Լեւոն Սարգսյանին
Հունվարի 14ին Slaq.am կայքից տեղեկացել եմ 1in.am կայքում իմ հարցազրույցի վերաբերյալ Լևոն Սարգսյանի մեկնաբանությանը:
Հարկ եմ համարում ճշտել, որ ինձ չեն սնանկացրել և ես անձամբ սնանկ չեմ, այլ ինձ պատկանող Արին Կապիտալ ընկերությունը (Մաշտոցի 33 բնակելի շենքի շինարարությունը) միտումնավոր սնանկացվել է հանցավոր նպատակներով Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից: Այդ թալանը շարունակվում է մինչև այժմ, ինչի հետևանքով ընկերությանը հասցվել է մոտ $7,000,000-ի վնաս: Իմ այդ հարցազրույցում չեմ ասել, որ Լևոն Սարգսյանը մասնակցել է թալանին, ասել եմ` նա հովանավորել է վերոհիշյալ անձանց: Առաջարկում եմ նորից լսել հարցազրույցը (1in.am) այն պարզելու համար: Իսկ կատարված թալանի մեջ ապացույցները առկա են:
Լևոն Սարգսյանի հետ նաև մի շարք հեռախոսազրույցներ ենք ունեցել, որոնք կարող են թարմացնել Լևոն Սարգսյանի հիշողությունները, եթե նա մոռացել է: Ստորև ներկայացնում եմ մեկ հեռախոսային զրույց որը տեղի է ունեցել Սեպտեմբեր 16, 2010-ին.
Լ.Ս. – Այո:
Է.Խ - Լևոն Ազատովիչ Էդմոնդնա, բարի իրիկուն:
Լ.Ս. - Բարև, բարև Էդմոնդ:
Է.Խ. -Լևոն Ազատովիչ վերջին անգամ որ մենք խոսացինք, ես դրանցի հետո մի քանի օրա որ բավական բաներ եմ ճշտել ու Վլադը բավական սխալ բաներա արել: Ես քեզ հետ ուզում եմ ախպերավարի խոսամ Լևոն Ազատովիչ, մենք շատ վատ վիճակում ենք:
Լ.Ս.- Լավ ես անում, հիմա բոլորի մոտ էլ վատ վիճակա, արի Հայաստան ինձ տես. Դու մի բան ես ասում, Վլադը մի բանա ասում, ես անկեղծ եմ ասում, իմ վեճը չի, ինձ չի հետաքրքրում: էնտեղ ես քեզ ասեմ, անկեղծ, մի բնակարան եք տվել հա....բավականին փոքր, էնտեղ բավականին փողա ծախսել իմ տղան հա.., էդ բնակարանի արժեքն ասեք տամ ձեզ, կամ էլ իմ տղայիս ծախսած փողը տվեք ու վաաբշե ես որևէ մեկիդ հետ չեմ ուզում որևէ խնդիր ունենալ, հասկացա՞ր:
Է.Խ. - Լևոն Ազատովիչ, ես եկա 5 տարի առաջ էն գումարները բերեցի ...
Լ.Ս. - լավ արեցիր, դե հել արի, ոչ մեկը կողքովդ չի անցնի, որևէ պրոբլեմ չկա, դա ասում ես բերեցի նա ասումա տարավ, եկեք դրեք ով ինչքանա բերել ինչքանա տարել:
Է.Խ. - Եթե ես փաստում եմ որ ես չեմ տարել ու թալանել, իսկ Վլադը տարելա, թալանելա, ինչ ենք անու՞մ:
Լ.Ս. - Վահ, ինչ ենք անու՞մ պատժում ենք ինչ ենք անում, բայց եթե դու ես տարել, քեզ ենք պատժում ինչա եղել:
Է.Խ. - Շատ լավ Լևոն Ազատովիչ, պատրաստվում եմ հելնեմ գամ Հայաստան:
Լ.Ս. - Այո, արի, երկուսով կնստենք կճշտենք: Բա, իմացի որ իմ տեղն ով որ լիներ հա, էտ ինչ որ ասում եք հա, հնգապատիկը տարած կլներ, թեկուզ նույն Ամերիկայում:
Է.Խ. - Դե գամ էդ հաշիվներն անենք: 6 տարվա մեջ էնքան ծախսեր են եղել բայց Լևոն Ազատովիչ, ցավդ տանեմ, ես չեմ ուզում տեսական հաշիվներ անենք, նստենք կարգին փաստացի թղթերով կարգին հաշիվ անենք:
Լ.Ս. - Լավ, արի, շուտ արի
Է.Խ. - Ես չեմ ուրանում ինչ որ արել եք, բայց էն ժամանակ որ պետք էր գումարը, զանգեցիք, ու ես գումարը բերեցի, բայց հավատացնում եմ Վլադն ըլներ գումարը չէի բերի, բայց ասեցի Լևոն Ազատիչնա, դիրքն ու պատիվը, մաքրությունն ու անկեղծությունը հաշվի առնելով բերեցի: Բայց ում էր պետք գամ մի եքա շենք սարքենք, վերջում էլ խայտառակ ըլնենք, համ ես, համ էլ իմ ներդրողները: Էսօր 12 սփյուռքահայ ընտանիք անընդհատ ինձ են զանգում թէ էս ուր հասցրիր մեզ: Բա Էդ ձևա լինո՞ւմ Լևոն Ազատովիչ:
Լ.Ս. - Դե վեր կաց արի, հաշվենք: Հաշվենք ինչա եղել. Դա լավ.
Է.Խ.- Շատ լավ գալիս եմ, դե բարի գիշեր:
Լ.Ս. - Արի, արի, դե բարի գիշեր, արի:
Մեկ շաբաթ հետո Ես, Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը, տնօրեն Էդուարդ Եսայանը և իմ փաստաբան Լեռնիկ Հովհանիսյանը հանդիպում ենք Լևոն Սարգսյանի ԱԳՆ շենքի իր գրասենակում և Լևոն Սարգսյանը պահանջում է ներքին աուդիտ իր իսկ մատնանշած ընկերության միջոցով: 2 ամիս հետո ունենալով բոլոր տվյալները փաստվում է թալանը և Լևոն Սարգսյանը հակառակ իր խոստումների ոչ մի միջոց չի ձեռնարկում քանզի ինքն էլ ուներ իր հովանավորող կապը նրանց հետ: ՏՎՅԱԼ ԱՈՒԴԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՆ ՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԻՆՁ ՄՈՏ’ ՕՐԻՆԱԿԸ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ և ՂևՈՆԴ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՄՈՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԵԿ-ՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ:
Լևոն Սարգսյանի, իմ և Վլադիսլավ Մանգասարյանի համգործակցության մասին բազմաթիվ փաստեր կան: Լևոն Սարգսյանը 2010թ. ամռանն անհատույց ձեռք է բերել Մաշտոցի 33/1 շենքի թիվ 64բն.-171քմ, թիվ 65բն.-279քմ, իսկ ամիսներ անց’ կապ է ունեցել Մաշտոցի 33ա հասցեում ընկերությանը պատկանող 5 հարկանի 1708 ք.մ. մասնաշենքի օտարման անվճար գործարքի հետ:
Իր այն հայտարարությունը որ ինձ չի ճանաչում և ընդհամենը մեկ անգամ է հանդիպել ողորկ սուտ է: Լևոն Սարգսյանի հետ շփվել ենք 2003թ-ից և մինչ 2010թ-ը երևի ոչ պակաս քան 50 անգամ: Յուրաքանչյուր անգամ իմ Հայաստանում լինելով մենք հանդիպումներ ենք ունեցել, քննարկել Վլադիսլավ Մանգասարյանի և շենքի հետ կապված խնդիրները, մասնակցել ճաշկերույթների և այլ ընկերական հավաքույթների, եղել է իմ տանը Երեւանում: Կան բազմաթիվ լուսանկարներ, որոնցից մի քանիսը կցված են այս նամակին:
Լևոն Սարգսյանը և Վլադիսլավ Մանգասարյանը դեռևս 2004-ին ներգրավել էին սիրիահայ գործարար Փառեն Բարսիղյանին, ով $1,000.000 ներդրում էր կատարել: 2005ի ամռանը, այն բանից հետո, երբ Վլադիսլավ Մանգասարյանն ապօրինաբար քանդեց նույն հասցեում գտնվող ինձ պատկանող 4 հարկանի շենքի 3/4մասը և այն միացնելով Փառենին պատկանող տարածքին ապօրինի շինարարություն սկսեց, Փառենը հրաժարվեց համագործակցել Լևոն Սարգսյանի ու Վլադիսլավ Մանգասարյանի հետ: Այդ կապակցությամբ Սիրիայի հայ համայնքում աղմուկ եղավ և Փառենը Լևոն Սարգսյանից պահանջեց իր ներդրած գումարը: Նրանց ճնշման տակ Լևոն Սարգսյանը մի քանի անգամ դիմեց ինձ խնդրելով կարճաժամկետ ներդրում անել` $1,000.000-ով գնել Փառենի տարածքը, երաշխավորելով իմ կողմից կատարվելիք ներդրումները և խոստանալով իմ մասնակցությունը ավարտել 2006թ-ի Մայիսին, որը երբեք տեղի չունեցավ որովետև պետք չեր որ ես գնայի…. Իսկ Փառենը այսօր ևս խաբված սփյուռքահայերի ցուցակում է շնորհիվ Վլադիսլավ Մանգասարյանի հերթական «քցոցիներին»: Այս մասին Փառենը գուցե ինքը հանդես կգա:
Լևոն Սարգսյանն ինձ անբարոյական կոչելու փաստով նպատակ է հետապնդում իմ անձը վարկաբեկելու միջոցով անմեղ ձևանալ: Կարծում եմ շուտով պարզ կդառնա անբարոյական անձի ով լինելը: Իր անհեթեթ և զրպարտիչ արտահայտությունը ապացույցն է իր ցայտնոտային իրավիճակի և ես բացատրություն եմ պահանջում ինձ «անբարոյական» անվանելու համար:
էդմոնդ Խուդյան
Գլենդեյլ, ԱՄՆ
Հունվար 16, 2012
Arincapital.com
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել