HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վան-Տոսպի եկեղեցիներն ու վանքերը

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան

Վան-Տոսպի վանքերը

Վարագավանք (Ներքին Վարագ, Ստորին Վարագ, Նոր Մենաստան Սուրբ Խաչի)

Վարագավանքը կամ Ստորին (Ներքին) Վարագայ վանական համալիրը Վան-Վասպուրականի առաւել նշանաւոր վանքն էր՝ «համայն վասպուրականցւոց պաշտելի և խնկելի սրբավայր, հոգին ու միտք գրաւող, արդար» [1]։ Տեղակայուած էր Վան քաղաքից հարաւ-արևելք, Ներքին Վարագ լեռան արևմտահայեաց լանջին, փոքրիկ հարթութեան վրայ։

Վարագավանքը բաղկացած էր եօթ միմեանց կից եկեղեցիներից, ինչի պատճառով տեղի մահմեդական բնակչութեան շրջանում այն յայտնի էր «Ետի քիլիսէ» (եօթ եկեղեցի) անունով։ Վանքը շրջապատուած էր պարսպով, որի ստորին մասը կառուցուած էր քարից, իսկ վերին մասը՝ չթրծուած աղիւսից [2]։ Վանական համալիրի եկեղեցիներն էին՝ Սուրբ Աստուածածինը (XI դար), Սուրբ Գէորգը (գաւիթ), Սուրբ Նշանը (XI դար), Սուրբ Խաչը, Սուրբ Սիոնը, Սուրբ Յովհաննէսը կամ Սուրբ Աբեղան (X դար) և Սուրբ Սոփիան կամ Բերդաւորը (981 թ.) [3]։

Վարագավանքի վանական համալիրի եկեղեցիներից ամենագեղեցիկը Սուրբ Աստուածածինն էր։ Ան ունէր «հռիփսիմեատիպ» կառոյցների յօրինուածք՝ խաչաձև էր, անսյիւն, չորս խորաններով, 12 անկիւնանի զարդարուած գմբէթով։ Եկեղեցին շինուած էր անտաշ մեծ քարերից, ծածկն ու գմբէթը՝ աղիւսից։ Եկեղեցու ներքին պատերը սպիտակեցուած էին [4]։

Սուրբ Գէորգ գաւիթը շինուած էր սրբատաշ քարերից, պատերը ծածկուած էին որմնանկարներով։ Չորս քառանկիւնի սիւների և ութ որմնասիւների վրայ բոլորում էին պայտաձև կամարներ՝ կրելով ութանկիւնի գմբէթը՝ բրգաձև կաթուղիկէով (գմբէթի վերնամաս)։ Գաւթի  արևելեան պատն ամբողջովին զարդարուած էր սրբապատկերներով և այստեղ էին յաճախ կատարւում առաւօտեան և երեկոյեան ժամերգութիւնները։ Գաւթի հիւսիս-արևելեան կողմում էին գտնւում երեք տապանաքար, որոնց տակ ամփոփուած էին Արծրունեանց Սենեքերիմ թագաւորի, նրա կնոջ՝ Բագրատունի Գագիկ թագաւորի դուստր՝ Խուշուշ թագուհու և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի աճիւնները [5]։

Սուրբ Աստուածածին եկեղեցուն հիւսիսից կից գտնւում էր Սուրբ Նշան եկեղեցին։ Այն իր չափսերով համեմատաբար փոքր էր, ունէր գմբէթաւոր դահլիճի յօրինուածք [6]։

Սուրբ Խաչ եկեղեցին շինուած էր սրբատաշ քարերից, ունէր կիսաբոլոր կոզակ ու երկու խորան. թաղակապ էր, և մէջտեղում, ութանկիւնի փոքրիկ հերթիկի վրայ բարձրանում էր մի փոքրիկ, փայտաշէն գմբէթ։ Երեք փոքրիկ պատուհաններ աղօտ լոյս էին սփռում։ Եկեղեցին ունէր երկու դուռ, մէկը բացւում էր Սուրբ Գէորգ գաւթի մէջ, իսկ միւսը դէպի վանքի բակը, արևմտեան պատի մեջ [7]։

Սուրբ Սիոն եկեղեցին գտնւում էր Սուրբ Գէորգ գաւթից դէպի հարաւ։ Եկեղեցու գմբէթը և պատերի մի մասը քանդուած վիճակում էր, ինչի պատճառով այն ծառայում էր որպէս ցորենի շտեմարան [8]։

Սուրբ Յովհաննէսը կամ Քառասուն Աբեղայից եկեղեցին շինուած էր սրբատաշ քարերից, եռախորան էր, գմբէթաւոր [9]:

Սուրբ Յովհաննէսին հարաւից կից էր Սուրբ Սոփիա կամ Բերդաւոր եկեղեցին։ Այն մէկ զոյգ որմնամոյթերով գմբէթաւոր դահլիճ էր, որի խորանը լուսաւորւում էր զոյգ պատուհաններով [10]:

Վանքային համալիրի արևելեան և հարաւային կողմը տարածւում էր մի մեծ և գեղեցիկ այգի, որը Խրիմեան Հայրիկը կոչել էր Դրախտիկ [11]։

Վանքի շուրջը ձգւում էր երկյարկանի մի շինութիւն, որը բաղկացած էր վանականների և ուխտաւորների համար նախատեսուած 47 սենեակներից, փռից, բաղնիսից և 8 սենեականի դպրոցական շէնքից, ինչպէս նաև որպէս վանքի առաջնորդարան ծառայող երկու մեծ սենեակներից [12]։

Ըստ աւանդութեան՝ Հռիփսիմեանց կոյսերից Հռիփսիմէն Վաղարշապատ ուղևորուելիս Վարագավանքի տեղն է թաքցրել իր պարանոցին կրած Սուրբ Նշանը՝ Խաչափայտի մասունքով Սուրբ Խաչը։ Երբ 653 թ. յայտնի է դարձել Վարագայ Սուրբ Խաչի տեղը, կաթողիկոս Ներսէս Գ Տայեցին Վարագ լեռան վրայ կառուցել է Սուրբ Նշան եկեղեցին և հաստատել Վարագայ Սուրբ Խաչի տօնը [13]։

Վարագավանքը ծաղկում է ապրել X դարի սկզբին, Վասպուրականի թագաւոր Գագիկ Արծրունու հովանաւորութեամբ, որի կինը՝ Մլքէն, վանքին է նուիրել հայկական ամենանշանաւոր ձեռագրերից մէկը՝ «Մլքէ թագուհու աւետարանը»։ Վարագավանքը երկար ժամանակ եղել է եպիսկոպոսանիստ, և նրա վանահայրերը համարուել են Վանի և շրջակայ գիւղերի առաջնորդ [14]։

1857 թ. Վարագավանքի վանահայր է կարգւում Մկրտիչ Խրիմեանը (Խրիմեան Հայրիկ), ով վարում է վանահայրութեան պաշտօնը գրեթէ անընդմէջ մինչև 1885 թ.՝ որոշ շրջաններում համատեղելով այն այլ հոգևոր պաշտօնների հետ։ Մկրտիչ Խրիմեանի վանահայրութեան 30-ամեայ շրջանը բնութագրւում է Վարագավանքի վերելքով և զարգացմամբ։ Նրա ջանքերի շնորհիւ վանքը վերածւում է Վան-Վասպուրականի բացառիկ ազգային, կրօնական և կրթամշակութային կենտրոնի։ Խրիմեանի առաջին քայլերից է դառնում վանքը Վանի առաջնորդների իրաւասութիւնից հանելը և այն Կ. Պոլսի Հայոց պատրիարքութեանը ուղղակի ենթակայ դարձնելը։ 1858 թ. վանքում բացւում է տպարան, որտեղ շարունակւում է «Արծուի Վասպուրական» շաբաթաթերթի հրատարակութիւնը (մինչև 1864 թ.): Վարագավանքի տպարանում նաև հրատարակւում են դասագրքեր, բազմաթիվ կրօնական, պատմական և գեղարուեստական գրքեր, որոնք մեծ տարածում են գտնում Վանի կրթօջախներում [15]։

Որպէս Վարագավանքի վանահայր՝ Մկրտիչ Խրիմեանի նշանակալից ձեռնարկներից մէկն է դառնում 1857 թ. գարնանը վանքում Ժառանգաւորաց վարժարան - գիշերօթիկ դպրոցի հաստատումը, որտեղ սկսում են ուսում ստանալ Վան քաղաքից և շրջակայ գիւցերից 25-ի չափ երեխաներ [16]։ Հետագայ տարիներին վարժարանի աշակերտների թիւը հասցւում է մօտ 40-ի [17]։ Ժառանգաւորացը դառնում է նոր տիպի դպրոց, որտեղ վերացւում են աշակերտների մարմնական պատիժները, ներդրւում են մանկավարժութեան առաջադիմական ձևեր և մեթոդներ [18]։

Ականատէս-վկայագիր հեղինակներից մէկը հետևեալ կերպ է բնութագրում Մկրտիչ Խրիմեանի՝ Վարագավանքի վանահայրութեան շրջանը. «Այս երեսնամեայ շրջանին մէջ վանքը տնտեսապէս հարստացաւ, մի ափ անմշակ հող չմնաց, յարմարաւոր տեղերը ծածկուեցան հազարաւոր պիտանի ծառերով, և Ժառ[անգաւորաց] դպրոցից էլ դուրս եկան բազմաթիւ շատ թէ քիչ նշանաւոր վարդապետներ, քահանաներ, ուսուցիչներ, թէ գրական ասպարէզի, թէ Վանի քաղաքացիների ու գիւղացիների և թէ նոյնիսկ ամբողջ հայ հասարակութեան համար» [19]։

1885 թ. Մկրտիչ Խրիմեանի՝ Կ. Պոլիս կանչուելուց յետոյ, Վարագավանքի վանահայրութիւնը նորից անցնում է Վանի թեմի առաջնորդներին։ Դրանցից յատկապէս, Գրիգորիս Արքեպիսկոպոս Ալեաթճեանը (պաշտօնավարել է մինչև 1888 թ.) հիմնանորոգում է տպարանը, Ժառանգաւորաց դպրոցի կացարանը և այլ շինութիւններ [20]։

Գ. Ալեաթճեանի և նրա յաջորդների օրօք վանքը շարունակում է իր աւելի կամ պակաս շէն ընթացքը մինչև 1896 թ. յունիս, երբ Վանի կոտորածի օրերին այն, ի թիւս շրջանի այլ եկեղեցիների և վանքերի, ենթարկւում է քուրդ հրոսակախմբերի յարձակման։ Վանքի միաբաններից, Ժառանգաւորաց դպրոցի աշակերտներից, վանքում աշխատող մշակներից շատերը սրախողխող են լինում, վանքապատկան ունեցուածքը՝ շարժական գոյքը, անասուներն ու արջառը, թալանւում։ Հրկիզւում և աւերակոյտի են վերածւում վանքի վարչական շինութիւններից շատերը։ Վանքն առժամանակ ամայանում է [21]։

Կոտորածների ալիքի մարելուց յետոյ վանեցիներն անմիջապէս ձեռնամուխ  են լինում վանքի վերականգնմանը։ Որոշւում է վանքի վերաշինութեան և հետագայ կառավարման գործը յանձնել աշխարհականների՝ անմիջապէս Կ. Պոլսի պատրիարքարանի իրաւասութեան տակ գործող և քաղաքի երևելի վաճառականներից բաղկացած հոգաբարձութեան։ Հոգաբարձութեան մարմնին յաջողւում է մի քանի տարուայ ընթացքում վերականգնել աւերուած շինութիւնները, կառուցել նոր կացարաններ վանքի միաբանների, Ժառանգաւորաց դպրոցի աշակերտների, վարժարանի ուսուցչական կազմի և ուխտաւորների համար։ Յաջողութեամբ է պսակւում վանքի տնտեսութեան վերականգնումը, որը հասցւում է «աննախընթաց պայծառութեան» [22]։

1909 թ. Վանի նահանգ այցելած արևելահայ մտաւորական Ա-Դօն (Յովհաննէս Տէր-Մարտիրոսեան) նշում է, որ Վարագավանքի Ժառանգաւորաց վարժարանի երեք նախակրթական և չորս սովորական դասարաններում սովորում էր աւելի քան 60 երեխայ։ Վանքն ունէր լաւ պարտէզ, ընդարձակ ծառաստան, ջրաղաց, որի համար ջուր էր բերուել Վարագ լեռան լանջերից բխող աղբիւրներից։ Վանքն ունէր մեծ տնտեսութիւն և դրա հետ միասին նաև մեծ եկամուտներ։ Պահւում էր աւելի քան 1,000 գլուխ ոչխար, 30-ից աւելի կով ու մատակ, 20-ից աւելի եզներ։ Վանքն ունէր հսկայական արօտատեղիներ, աւելի քան 150 դեսեատին [23] վարելահող։ Բացի դրանից, վանքը տարեկան շօշափելի դրամական նպաստներ էր ստանում տարբեր կտակներից և հիմնադրամներից։ Վանքի եկամուտների մեծ մասը ծախսւում էր դպրոցի վրայ, մնացածը՝ միաբանութեան պէտքերի և թուով 40 մշակների վրայ [24]։

Ժառանգաւորաց վարժարանի առաջընթացը մեծապէս պայմանաւորուած էր 1905 թուականին այդ հաստատութեան տեսուչ նշանակուած Արտակ Դարբինեանի գործունէութեան հետ։ Նա մի շարք բարելաւումներ է մտցնում դպրոցում, մասնաւորապէս՝ կազմում է ուսումնական նոր ծրագիր, որը համընկնում էր Կովկասի հայկական միջնակարգ դպրոցների՝ Գէորգեան ճեմարանի, Ներսիսեան դպրոցի ծրագրերին [25]։

Վանի հայերի և Վարագայ վանքի կեանքում նշանակալից իրադարձութիւններ են դառնում 1910 թուականին Ժառանգաւորաց վարժարանի և Վարագավանքում Խրիմեան հայրիկի գործունէութեան 50-ամեայ յոբելեանի տօնակատարութիւնները։ Դրա առթիւ վանք եկած ուխտաւորների շրջանում, ինչպէս նաև Վանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում կազմակերպւում են հանգանակութիւններ, որոնց արդիւնքում հաւաքուած գումարները ուղղւում են ի պէտս վարժարանի կարիքների [26]։ Յոբելեանի տօնակատարութեան կազմակերպման կենտրոնական յանձնախումբը նաև լոյս է ընծայում «Վարագայ Յոբելեան. Յիշատակարան եւ Կոչ Վարագայ կրթական հաստատութեան յիսնամեայ յոբելեանի (1857-1907)» և «Յոբելեան Վարագայ ժառանգաւորաց վարժարանին (1857-1907), 1 Մայիս 1910 Վան-Վարագ» պատկերազարդ գրքույկները [27]:

Առաջին աշխարհամարտի նախօրեակին՝ 1914 թ. յունիսին Վարագավանք այցելած ռուսահայ հոգևորական Ռուբեն Բեկգուլեանցը հաղորդում է, որ այն բաւականին բարեկարգ վիճակում էր, թէև իր վրայ դեռևս կրում էր Համիդեան աւերածութիւնների հետքերը։ Վանքին կից շարունակում էր գործել Ժառանգաւորաց գիշերօթիկ դպրոցը՝ 70 աշակերտով։ Կառուցւում էր դպրոցի նոր շէնք [28]։

Վանքում յատուկ ուշադրութեան էր դարձուած մեղուապահութեան և թռչնապահութեան զարգացման վրայ։  Կար մեղուանոց՝ 12 հատ նոր մեղուափեթակներով։ Թռչնարան էին բերուել և պահւում էին լաւագոյն ցեղատեսակների թռչուններ։ Վանքում կար նաև ձիթաղաց։ Մենաստանի տնտեսական կառավարումը գտնւում էր վանական տեսչական խորհրդին ձեռքը, որը կազմուած էր երևելի վանեցի հայերից [29]։

1913 թ, Վարագավանք է այցելում Վանի նորանշանակ նահանգապետ Թահսին բեյը, ով հաշուի առնելով վանքի առաջադիմութիւնը, վանքին ճտահան մեքենայ (ինկուբատոր) է նուիրում, ինչպէս նաև լուսանկարւում է Ժառանգաւորաց վարժարանի սաների հետ [30]:

1914 թ. վանքի միաբանութիւնը բաղկացած էր ընդամէնը երեք վարդապետներից [31] (համեմատութեան համար՝ 1873 թ. վանք այցելած Երեմիա Տևկանցը հաղորդում է, որ վանքի միաբանութիւնը բաղկացած էր 14 անդամներից, այդ թւում՝ 8 վարդապետ [32])։ Փոխվանահայրը (վանահայրն ի պաշտօնե Վանի թեմի առաջնորդն էր) 86-ամյա Վրթանէս Ծայրագույն Վարդապետ Տևկանցն էր (սպանուել է թուրք ոստիկանների կողմից 1915 թ. ապրիլի 7-ին) [33]։

շարունակությունը` այստեղ

Մեկնաբանություններ (1)

OHANES MGRDICH OHANECIAN
ay father Taniel Ohanecian born in Shushantz 1895 and come Argentina 1913 he was study in VARAKAVANK ....My grand fader Jhon Ohanecian and my grand mather Vartui Krikorian posibd ded arrround 1935 in shushantz - i liv inargentina ---i want know news about my family - Was living in shushantz more of 400 years ---Please Who can now sam news send Mail Sorri my english...thanks.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter