HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանը փաստացի գովաց այն Սահմանադրությունը, որը ժամանակին որպես ընդդիմություն քննադատում էր»

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը շատ կարևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով:

«Կոնսուլտացիների մեկնարկը շատ կարևոր է, հանդիպումների նպատակը չէ որևէ կողմին գոհացնել, բնական եմ համարում, որ նման քննարկումների մի մասը մնա փակ, քանի որ աշխատանքային քննարկում է»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը:

«Ես զարմացա, որ վարչապետը մեկնաբանություն տալիս ՀՀԿ-ին վերագրեց մինչ 2022 թվականը ընտրություն չանցկացնելու որոշումը, նման որոշում խմբակցությունը  չունի, նման որոշում վերագրել մեզ չի կարելի»,- ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ պետք է բանակցություններից «նեռվը հանել», քիչ արտահոսք տալ, թե ինչ են խոսել փակ հանդիպման ժամանակ:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, հիմնավոր չէ վարչապետի այն հայտարարությունը, որ օտարերկրյա ներդրումների համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ են հարկավոր:

«Վարչապետը գնաց Ռուսաստան՝ գործարարների հետ հանդիպման, Ռուբեն Վարդանյանը կամ որևէ այլ գործարար տեսե՞լ եք, որ ընտրությունների հետ կապի իր ներդրումները, Արարատ Միրզոյանը գնաց Ամերիկա, Տիգրան Ավինյանը՝ Կանադա, մի տեղ տեսե՞լ եք նման հայտարարություն, որ բիզնեսմենները արտահերթ ընտրություններ են ուզում: Այսօրվա դրությամբ շատ արդյունավետ բանակցություն ունենալու համար առնվազն իրար՝ Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան զույգը պետք է ասի իրական քաղաքական դրդապատճառը: Պատճառը հետևյալն է, որ գործող վարչապետն ունի մտահոգություններ, որ երբ սպառվեց իր սահմանադրական իմունիտետը, մայիսի իննից հետո ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե, սա այն հիմնական հանգրվանն է, որի մասին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է, և որպեսզի ապահովագրի, ինչպես ինքն է ասում, հեղափոխության հաղթանակը, փորձում է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել կամ իրականության չհամապատասխանող փաստարկներ բերել»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, որտեղ վարչապետն ասել է, որ հրատապ չեն անցկացնի ընտրություններ, որովհետև կա հետհեղափոխական էյֆորիա, և քաղաքական տեսակետից ժողովրդի կամքը կարող է արդար ու ազատ չձևավորվել:

«Բա՞ն է փոխվել…. Երևանի ընտրություններն ապացուցեցին, որ կա հետհեղափոխական էյֆորիա: Ինձ երեկ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում երկու բան դուր եկավ՝ նա փաստացի գովաց այն Սահմանադրությունը, որը ժամանակին, որպես ընդդիմություն, քննադատում էր, երբ թվարկում էր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրվող լծակները: Պարզվեց, որ անգամ Ընտրական օրենսգիրքն է լավը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter