HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Ապրել միասին». Երեւանը պատրաստ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որը կրում է «Ապրել միասին» կարգախոսը, աննախադեպ է լինելու բովանդակային ու մասշտաբային առումով: 3500 պատվիրակներ աշխարհի 83 երկրներից կժամանեն Հայաստան, որոնց թվում` 26 պետությունների ղեկավարներ (նրանց թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը), 2 փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ եւ 3 փոխվարչապետ, եւ այս թիվը դեռ կարող է աճել: Նման մասնակցություն Ֆրանկոֆոնիայի որեւէ գագաթնաժողովի դեռ չի եղել:

Արտաքին գործերի նախարարությունում այսօր հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և հարակից միջոցառումները ներկայացնելու համար:

ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանն ասաց, որ Երեւանում հոկտեմբերի 7-ից կտիրի ֆրանկոֆոն մթնոլորտ: Այն կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՖՄԿ) մշտական խորհրդի 105-րդ նիստով, ապա` հոկտեմբերի 8-9-ը, կկայանա ՖՄԿ անդամ պետությունների նախարարների 35-րդ նիստը: Հոկտեմբերի 9-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ հանդիսավորապես կբացվի Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ կազմակերպության ասոցացված և դիտորդ անդամ 20-ից ավել երկրներ 40 տաղավարում կներկայացնեն իրենց մշակույթը, երգն ու երաժշտությունը, տնտեսական եւ տեխնոլոգիական հաջողությունները: Ավանի բացման օրը Ազատության հրապարակում կնշվի նաեւ երիտասարդության օրը, քանի որ գագաթնաժողովի օրակարգային թեմաներից մեկը երիտասարդությունն է: Ավանը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 12-ը:

Բուն գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, որին կմասնակցեն ոչ միայն ՖՄԿ պետությունների, այլեւ նրա գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի խոսքով` գագաթնաժողովն ընդունելու է երեք խումբ փաստաթուղթ` երեւանյան հռչակագիր, կոչ` «Ապրել միասին» եւ բազմաթիվ բանաձեւեր: «Ուրախալի է գագաթնաժողովի առիթով ձեւավորված վերաբերմունքը մեր երկրում, ասես մի մեծ տոնախմբություն լինի, բայց ՖՄԿ-ն նաեւ միջազգային կազմակերպություն է եւ իր նպատակներն ունի»,- ասաց պրն. Աթաբեկյանը: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ նոր երկրների անդամակցության հարցը: 84 անդամ ունեցող ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակի համար հայտ է ներկայացրել 4 երկիր, որոնք արդեն դրական եզրակացություն են ստացել: Այդ երկրների անունները կհայտարարվեն գագաթնաժողովի ժամանակ:  

Միջոցառումների հիմնական մասը նախատեսված է Երեւանում, սակայն Ծաղկաձորում կհավաքվեն Ֆրանսախոս լրագրողների միջազգային միության (Union de la Presse Francophone) 300-ից ավելի անդամներ` «Միգրացիան եւ մեդիան» թեմայով համաժողովի նպատակով:

Ինտերնետի հայր Լուի Պուզենը եւ ռոբոտ Սոֆյան` տնտեսական ֆորումի բանախոսներ

Հոկտեմբերի 10-ին «Թումո» կենտրոնում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը` նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի խոսքով` Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առաջին անգամ է տնտեսական ֆորում կազմակերպվում, եւ այս առաջարկը հնչել է Դաքարում 2014թ. տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի անդամ պետությունների շահագրգիռ կողմերը հանդիպեն եւ գտնեն համագործակցության եզրեր: Բիզնես ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել 360 ներկայացուցիչ: Հոկտեմբերի 9-ին նրանք կմասնակցեն Դիջիտեք էքսպո տարածաշրջանային ցուցահանդեսին, որն ունի 70.000 մասնակից, հյուրերի համար կկազմակերպվեն այցեր «Արարատ» կոնյակի եւ Armenian wine գինու գործարաններ: Տնտեսական ֆորումը կունենա զուգահեռ ընթացող թեմատիկ նիստեր` հետարդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացում եւ կոմերցիոն հարաբերություններ: Նախատեսված է մասնակից պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների ցանցի նիստ` դրա հետագա զարգացման ուղղությունները քննարկելու նպատակով: Ֆորումն իրենց ներկայությամբ կպատվեն ինտերնետի հայրերից մեկը` Լուի Պուզենը եւ աշխարհի ամենակատարյալ ռոբոտ Սոֆյան, որոնք բանախոսներ են եւ կպատասխանեն ապագայի վերաբերյալ հարցերի:

Գալա համերգ` ֆրանսիական աստղերի մասնակցությամբ

Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա համերգ` ֆրանսիական աստղերի մասնակցությամբ` Zaz, Անժելիկ Կիդջո (Angelique Kidjo), Մելոդի Գաղդո (Melody Gardot) եւ այլք: Կեսգիշերին կլինի դիսկոտեկ ֆրանսիացի հայտնի դիջեյ Ֆոլամուրի (Folamour, Bruno Boumendil) նվագակցությամբ:

Ինչպես նշեց արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը, կոնցեպտուալ հետաքրքիր լուծումներով համերգ է նախատեսվում` Հայաստանի պատմությունից մինչեւ մեր օրերը պատկերող: Համերգի վերջին մասը նվիրված էր լինելու Շառլ Ազնավուրին, որին պետք է մասնակցեր շանսոնյեն իր նվագախմբի հետ միասին: Սակայն նրա վախճանից հետո համերգի այս հատվածը կփոփոխվի, թեեւ դարձյալ նվիրված կլինի Ազնավուրին: «Մենք բանակցությունների մեջ ենք Ելիսեյան պալատի հետ, չենք բացառում, որ համաշխարհային աստղեր կուզեն մասնակցել Շառլ Ազնավուրին նվիրված այդ համերգին»,- ասաց պրն. Մելիքյանը եւ տեղեկացրեց, որ մուտքը համերգին ազատ է:

Գագաթնաժողովի ֆինանսական ծախսերը թափանցիկ կլինեն

Որքան գումար է ծախսվել ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման համար` դեռեւս հստակ չէ:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Վ. Մելիքյանի խոսքով` ծախսերի մասին բաց եւ թափանցիկ հաշվետվություն կներկայացվի գագաթնաժողովի ավարտից հետո, քանի որ այս պահին էլ դեռ որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, նա հավաստիացրեց, որ պետական բյուջեից ոչ մի լումա ավել, քան հատկացվել էր մեկ տարի առաջ, չի ծախսվել: Հիշեցնենք, որ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման նպատակով 2018թ. ՀՀ պետբյուջեով Արտաքին գործերի նախարարությանը հատկացվել էր 1,438,354.5 հազար դրամ: Սակայն այս գումարը բավարար չի եղել, օգնել են նաեւ հովանավորները, փոքրիկ մասնակցություն է ունեցել նաեւ ՖՄԿ քարտուղարությունը:

273 մլն հեռուստադիտող եւ 488 հավատարմագրված լրատվամիջոց

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ` ՖՄԿ գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, օպերատոր եւ լուսանկարիչ, որոնցից 143-ը` տեղական լրատվամիջոցներից: ՖՄԿ հեռարձակման տեղեկատվական հովանավորներն են Արմենպրես լրատվական գործակալությունը եւ Հանրային հեռուստաընկերությունը: Առաջինն անվճար, առանց հեղինակային իրավունքի պահանջի թույլ կտա օգտագործել իր լուսանկարները, իսկ Հանրայինը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա օգտագործել իր ազդանշանը եւ վերահեռարձակել գագաթնաժողովի միջոցառումները:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի խոսքով` իրենք հեռարձակում են ապահովելու ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր անկյուններում, եւ ՖՄԿ անդամ պետությունների բազմաթիվ հանրային հեռուստաընկերություններ, ինչպես նաեւ Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ցանկություն են հայտնել համագործակցելու: Ընդհանուր առմամբ` գագաթնաժողովը կհեռարձակվի 273 մլն հեռուստադիտողների համար:

Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում կիրականացնի միայն գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությունից եւ գալա համերգից, որոնք կուղեկցվեն հայերեն ենթագրերով:

Ասուլիսի ավարտին Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովի օրերին քաղաքի կենտրոնական փողոցներն ու պողոտաները փակ կլինեն եւ հայցեց երեւանցիների ներողամտությունն ու ըմբռնումը: Իսկ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հավաստիացրեց, որ Երեւանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել գագաթնաժողովը եւ վստահ է, որ այս գագաթնաժողովի մասին դեռ երկար կխոսեն: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter