HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դաշնակցությունը որևէ կերպ չի համաձայնի դեկտեմբերին ընտրություններ անցկացնել

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը դեռևս վարչապետի աշխատակազմից չի ստացել հրավեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների բանակցությունների թեմայով, սակայն ՀՅԴ-ն պատրաստ է բանակցությունների: Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.

«Անկախ նրանից, թե ինչ են խոսել Բաղդասարյանը և Փաշինյանը, մենք ունենք մեր հստակ մոտեցումը, որ բազմիցս արտահայտել ենք, մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին, բայց դեմ ենք անհապաղ անցկացմանը»,- ասաց Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, սպասվում են վարչապետի հանդիպումները նաև այլ խորհրդարանական ուժերի հետ:

Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ մինչ ընտրությունների անցկացումը մի քանի անհրաժեշտ քայլեր են հարկավոր. առաջնահերթ այն, որ ընտրությունների անցկացումը պետք է նոր Ընտրական օրենսգրքով լինի:

«Մեր պահանջներից է եղել ոստիկանությանը լուրջ դերակատարում ապահովելը, որ ստեղծվի հատուկ ստորաբաժանում, ինչը սևով սպիտակի վրա գրված է նաև կառավարության ծրագրում, որ օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը: Ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին, իսկ ընտրությունների ժամանակ վարչապետը պետք է որևէ քաղաքական ուժի քարոզչություն անի ու շահագրգիռ կողմ հանդիսանա, որպեսզի չեզոքություն լինի, կարևոր քայլերից մեկն էլ այն է, որ ոստիկանությունը վերաենթակայեցվի կառավարությանը, որ ապահովվի ոստիկանության նկատմամբ վերահսկողություն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով՝ մյուս կարևոր նախապայմանը մինչ արտահերթ ընտրությունների անցկացում քաղաքական ուժերի ու հասարակության՝ փոփոխություններին պատրաստվելու հնարավորություն տալն է: Ռուստամյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանն ինքն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր, որ ընտրությունները կլինեն հաջորդ տարի՝ մայիս-հունիս ամիսներին, և հարցրեց, թե ինչ է փոխվել, որ հրատապ ընտրություններ են հարկավոր: Դիտարկմանը, որ օտարերկրյա ներդրում կատարողները, ըստ վարչապետի, տնտեսական կայունություն են ակնկալում, Ռուստամյանն արձագանքեց.

«Ո՞րն է երաշխիքը, որ նոր խորհրդարանը չի խոչընդոտելու ներդրումների ապահովմանը, հիմա էլ նո՞րն ենք լուծարելու, որովհետև պարզվում է՝ խորհրդարանն է արգելքը, որ ներդրումներ լինեն»: Ռուստամյանը վստահեցրեց՝ որևէ կերպ չեն համաձայնի դեկտեմբերին ընտրություններ անցկացնել:

Ինչ վերաբերում է հուշագիր ստորագրելու տարբերակին, ըստ որի քաղաքական ուժերը ստորագրում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Արմեն Ռուստամյանն ամենաարդյունավետ տարբերակը համարեց.

«Ես էսօր չեմ տեսնում մի վիճակ՝ էն էլ էս քաղաքական-հասարակական հնչեղության պայմաններում, որ որևէ մեկը մի բան պայմանավորվի ու հետո խափանվի այդ պայմանավորվածությունը, նման քաղաքական ուժը կհայտնվի իզգոյ վիճակում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (1)

Berge Jololian
ARF? You mean the O.22% in the recent Yerevan election? Get lost !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter