HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները, կարիքավոր ձեւանալով, ԱԺ-ից օգնություն են ստանում

Պատգամավորները հատկապես ընտրություններից առաջ սիրում են իրենց սոցիալական վիճակը վատացնել, «կարիքավորի» նման իրենց  պահել եւ լրագրողների ու ընտրողների աչքին երեւալ «հալալ  քրտինքով վաստակող» ընտրյալներ: Օրինակ՝ հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, երբ լրագրողները բիզնեսի կամ եկամուտների մասին հարցեր են տալիս, պատասխան չունենալու դեպքում «խղճահարություն» է արթնացնում՝ նշելով, թե  5 երեխա է պահում: Այլ պատգամավորներ էլ դժգոհում են, որ իրենց ստացած աշխատավարձը՝ 240.000 դրամ (մաքուր) շատ քիչ է եւ մեկ կոստյումի գին էլ չէ, եւ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է, որ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը»:

Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ Երեւան քաղաքում բնակարան չունեցող ԱԺ պատգամավորին փոխհատուցվող բնակվարձի չափը սահմանված է ամսական 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 2011 թվականին նման փոխհատուցում ստացել են ՀՀԿ խմբակցության անդամներ Ռաֆիկ Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Հարությունյանը, Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը:

2010-ին էլ կազմը գրեթե նույնն էր՝ Ռաֆիկ Գրիգորյան, Լեռնիկ Ալեքսանյան, Հովհաննես Մարգարյան, Արծրունի Աղաջանյան եւ Իշխան Խաչատրյան:

Այսօրվա դրությամբ 120 դոլարը համարժեք է մոտ 46.000 դրամի: Դժվար է ասել, թե այդ գումարով պատգամավորները Երեւանի որ մասում եւ ինչ բնակարաններ են վարձակալում:

Լեռնիկ Ալեքսանյան. Հանրապետական պատգամավորն արդեն 9 տարի ստանում է նշված գումարը: Լեռնիկ Ալեքսանյանի 2010 թ.գույքի եւ եկամուտների հայտարարագիրն արդեն խոսուն է, որ նա ամենեւին էլ 46.000 դրամի կարիքը չունի, սակայն շարունակում է այդ գումարը ստանալ:  Նա 2010-ին գնել է «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը սկսվում է 5.5 մլն-ից, ձեռք է բերել 2 հողամաս եւ մեկ բազմամյա տնկարք: Պատգամավորը մեկ հողամաս էլ վաճառել է, որը գտնվում էր Երեւանում: Իսկ 2010 թ. Լեռնիկ Ալեքսանյանի դրամական եկամուտը կազմել է 17 մլն 541 հազ. 380 դրամ:

Պատգամավորն ասաց, որ Երեւանում իր բնակարանի հարցը դեռ չի լուծվել: Լեռնիկ Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ հողամասերը գնել է Երեւանի հողամասի վաճառքից ստացված գումարով: Լ. Ալեքսանյանի խոսքերով՝ հողերից ստացված եկամուտն այնքան շատ չէ, որ դրանով կարողանա թանկարժեք գույք գնել: Այդ իսկ պատճառով «Hyundai Elantra» ավտոմեքենան գնել է վարկով եւ ամեն ամիս էլ փակում է:

«Այդ հողամասերը միայն իմը չէ: Դրանք նաեւ իմ ընտանիքի անդամներինն ու եղբայրներինս է: Այդ հողամասերը սեփականաշնորհումով ստացած հողամասեր են, բայցի այդ՝ նաեւ գնել եմ: Ուրիշները հակառակն են անում, բայց ես իմ անունով եմ արել այդ հողերը, որ իրենից արժեք ներկայացնի, գրավ դնեմ, վարկ վերցնեմ եւ այլն, քանի որ վարկային միջոցներով եմ հողամասի ծախսերը հոգում»,- ասում է Լեռնիկ Ալեքսանյանը:

Պատգամավորի հողամասերը կազմում են 5-6 հեկտար, որոնք նաեւ նրա ազգականներինն են: Նա ունի նաեւ մոտ 3 հա ծիրանի այգի:

Պատգամավորը զարմացավ, որ ՊԵԿ-ի կողմից տրված տեղեկանքով իր եկամուտները 17.5 մլն դրամից ավելին են: «Ես երբեք այդքան եկամուտ չեմ ունեցել»,- զարմացավ Լեռնիկ Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է ամեն ամիս ԱԺ-ից 46.000 դրամ ստանալուն, ապա պատգամավորն ասաց. «Ես չեմ ասում, որ մնացել եմ այդ գումարի հույսին: Հենց սկզբից եղավ, իրենք առաջարկել են, ես էլ համաձայնվել եմ: Ես հարուստ չեմ, բայց այդքան աղքատ էլ չեմ, որ մնամ այդ գումարի հույսին: Ես ամեն օր գնում-գալիս եմ մարզ, Երեւանում չեմ մնում, ընտանիքս գյուղում է: Երբեմն լինում է, որ Երեւանում մեկ սենյականոց բնակարան եմ վարձում կամ բարեկամներիս տանն եմ 1-2 գիշեր մնում»:

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ այդ 120 դոլարը առանձնակի օգուտ կամ վնաս չի տալիս եւ հատուկ չի արվել: «Եթե դրանից Ազգային ժողովը կարող է աղքատանալ, ես դրանից կհրաժարեմ, իսկ այդ գումարով ես չեմ հարստանա»,- ավելացրեց պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյան. ՀՀԿ խմբակցության պատգամավորը ուրախությամբ նշեց, որ 1995 թվականից ստանում է այդ գումարը, քանի որ ԱԺ նիստերի ժամանակ Երեւանում հյուրանոցում է ապրել եւ փոխհատուցվել է: Հարցին, թե 46 հազար դրամով արդյոք կարողանում է Երեւանում բնակարան վարձել, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Գիտե՞ք՝ ինչ կա, հնարավոր է երեւի: Կարիք էլ չկա շատ շքեղ բնակարան վարձելու, նորմալ բնակարանի համար գումարը նորմալ է, ի՞նչ է պատահել»:

Սուքիաս Ավետիսյանն ասում է, որ ինքն այդ գումարով բնակարան վարձում է եւ ԱԺ նիստերի օրերին ապրում է իր վարձակալած բնակարանում եւ Գյումրի չի գնում-գալիս: Պատգամավորը 2010 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է միայն ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 3 մլն 341 հազ. 380 դրամ:

Ռաֆիկ Գրիգորյան. Հանրապետական պատգամավորը Երեւանում բնակարան չունի: Ամեն դեպքում՝ նա է այդպես հայտարարում: Սակայն դժվար է ասել, որ Ռաֆիկ Գրիգորյանն այդ 46.000 դրամի կարիքն ունի: Նրա զավակները եւս Ազգային ժողովում են աշխատում: Որդին՝ Կարեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է: Դրանից առաջ նա քրոջ՝ Կարինե Գրիգորյանի հետ մինչեւ Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահ ընտրվելը վերջնիս խորհրդականն էր:

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում ծնված Ռաֆիկ Գրիգորյանի հետ կապ հաստատել չկարողացանք, նրա բջջային հեռախոսն անհասանելի էր: Զանգահարեցինք Ձորագյուղի համայնքապետին՝ Լեւոն Գրիգորյանին: Պարզվեց, որ համայնքապետը պատգամավորի փոքր եղբայրն է: Լեւոն Գրիգորյանն ասաց, որ պատգամավոր եղբայրը գյուղում չի ապրում եւ Երեւանում բնակարան ունի: «Ինքը բնակարան ունի Երեւանում եւ այնտեղ ընտանիքով էլ ապրում է»,-ավելացրեց Լեւոն Գրիգորյանը:

Փաստորեն Ռաֆիկ Գրիգորյանը խաբել է ԱԺ աշխատակազմին՝ ասելով, թե Երեւանում բնակարան չունի, եւ տարիներ շարունակ ստացած 46.000 դրամով բնակարան է վարձում: Այս փաստը կարծում ենք՝ պետք է դառնա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության առարկան:

Ռաֆիկ Գրիգորյանը 2010 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում նույնպես նշել է միայն իր աշխատավարձը՝ 3 մլն 108 հազ 580 դրամ, եւ այլ եկամուտներ չունի:

Ուշագրավ մեկ փաստ եւս. ԱԺ պաշտոնական կայքէջում տեղադրված Ռաֆիկ Գրիգորյանի կենսագրությունից «անհետացել» է մեկ դրվագ՝ որ նա 1992-1996 թթ. «Շինարար» ՍՊԸ-ի տնօրենն է եղել: Հավանաբար ՀՀԿ-ական պատգամավորը «սրբագրում» է բիզնեսի հետ ունեցած իր բոլոր կապերը՝ հույս ունենալով տեղ ունենալ նորընտիր խորհրդարանում:

ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը եւս «հալալ քրտինքով» աշխատող պատգամավորներ են եւ Երեւանում բնակարան չունեն: Նշված պատգամավորներն էլ իրենց հայտարարագրում նշել են միայն իրենց աշխատավարձը. Հովհաննես Մարգարյանը՝ 3 մլն 790 հազ. դրամ, իսկ Իշխան Խաչատրյանը՝ 3 մլն 612 հազար:

Այլ է գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պարագան: Նա թեեւ մի քանի տարի է՝ ԱԺ-ից ստանում է 46.000 դրամ օգնություն, սակայն պատգամավորի 2010 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ գնել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա: Իսկ որպես դրամական եկամուտ նշել է 15.000 դոլար եւ 3 մլն 253 հազար 350 դրամ:

Ցանկում ընդգրկված միակ ընդդիմադիր պատգամավորը Արծվիկ Մինասյանն է: Նա, իրոք, ոչ բիզնես ունի, ոչ էլ հավելյալ եկամուտ: Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն Երեւանում բնակարան ունի: Նա տեղեկացրեց, որ կդիմի ԱԺ աշխատակազմին, որ ցանկից հանեն իր անունը: Բնակարանը հիպոթեքով ձեռք է բերել երիտասարդ համալսարանականների համար նախատեսված ծրագրով:

Մեկնաբանություններ (4)

mahmouzian
in my country we call thoses peoples figlios de discrasiatos and figlios de p ..a .animales.well we have a long list
A.
ARAJARKUM EM DRAMAHAVAK KAZMAKERPENK U OGNENK MER KARIKAVOR PATGAMAVORNERIN ha ha ha
A.
NELSONI meknabanutun@ hrashali er,shat havanezi
Nelson
Հիշենք Հակօբ Պարոնյանին..... Մեծապատիվ մուրացկաններ , Ասոնց նայեք ազգիս մասին կհոգան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter