ԲՀԿ-ն վարչապետ չառաջադրելու պաշտոնական որոշում չունի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չունի պաշտոնական որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ քաղաքական ուժերի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր հրաժարականից հետո քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
«Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», - ասաց նա:
Հարցին՝ պայմանավորվածություն չի՞ եղել, որ իրենք ևս չեն առաջադրի թեկնածու, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։
«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Մելքունյանի խոսքով՝ իրենք դեմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դեմ են ընտրությունները հրատապ անցկացնելու որևոշմանը:
«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», - ասաց Մելքումյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել