HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մեր պլանով գնալու ենք առաջ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները համաժողովրդական պահանջ է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով բանակցությունները կշարունակի միայն այն դեպքում, երբ ազդակ ստանա, որ վերջիններս իրավիճակը ճիշտ են հասկանում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Աշոտյանը ակնարկում է, որ այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե մենք չենք հասկանում իրար, ինչ իմաստ ունի բանակցությունները, քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ իրար ճիշտ ենք հասկանում, և մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, կարծում եմ՝ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կան»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ գնալու է այն սցենարով, որի մասին երեկ հայտարարել է՝ հրաժարականի դիմում է ներկայացնելու վարչապետի պաշտոնից: Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետի պաշտոնը երկու անգամ թափուր մնալու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է:

«Մեր պլանով գնալու ենք առաջ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է, և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն ու մարդկանց, ովքեր պատրաստվում եմ դիմադրել դրան»,- ասաց կառավարության ղեկավարը:

Հարցին, թե ի՞նչ է անելու այն դեպքում, եթե օրինակ՝ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, Փաշինյանը պատասխանեց.

«ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրել էր, մի բան էլ վարչապետ ընտրեց, դրանից ի՞նչ փոխվեց, հիմա ավելի լավ իրավիճակ է, քան մենք ունեինք ապրիլին»:

Անդրադառնալով երեկվա հանդիպումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին:

«Եվ ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել, նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում չենք պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, և ասել են դա շատ հստակ»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ վարչապետին որևէ խոստում չեն տվել, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն իրեն մեղադրում են այն հարցում, որ նախկինում ասում էր, թե պետք է քաղաքական ուժերին հնարավորություն ընձեռել պատրաստվելու և սպասելու հետհեղափոխական էյֆորիան անցնի, և մայիսին լինեն ընտրություններ, սակայն հիմա պնդում է, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, Փաշինյանն արձագանքեց.

«Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չպետք է լինեն»:

Հարցին՝ ըստ իրեն հանրապետության նախագահը կստորագրի՞ վիճահարույց օրենքի նախագիծը, Փաշինյանն ասաց, որ ըստ իրեն` նախագահը չի անի ոչինչ ՀՀ քաղաքացիների դեմ:

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են զբաղեցնելու պաշտոնանկ եղած նախարարների պաշտոնները, Փաշինյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում այդ հարցով: Ճշտող հարցին՝ ՔՊ-ականնե՞ր են լինելու, Փաշինյանն ասաց.

«Կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունը առաջնային չի լինելու հետագա կադրային քաղաքականության մեջ, առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter