
Կառավարությունը 439 միլիոն դրամ հատկացրեց Մ4 Երևան-Սևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար
Մ4 Երևան-Սևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը այսօրվա նիստին հատկացրեց 439 միլիոն դրամ:
Գումարը փոխանցվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից:
Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ այդ ճանապարհը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում.
«Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար, ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկ»,- ասվում է նախագծում:
Նախարարությունը ընդգծում է, որ այս ծախսը կատարելիս պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ ճանապարհը կարևոր է զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից:
Մեկնաբանել