
Դավիթ Տոնոյան. «Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ սահմանային լարվածության դեպքում ԶՈւ-ն իր առաջադրանքը կկատարի»
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ սահմանին իրավիճակը կայուն է.
«Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը:
Դիտարկմանը, որ վարչապետը իրավիճակի կայունությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության հետ, ի՞նքն էլ է համակարծիք, նախարարն ասաց. «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»:
Մեր դիտարկմանը, որ առաջիկայում վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացնելու, ինչպես ինքն է հայտարարել, մտավախություն կա՞, որ այդ իրավիճակն ազդի սահմանային լարվածության վրա, նախարարը պատասխանեց.
«Չեմ կարծում, ամեն դեպքում մենք այս պահին հրադադարը պահպանում ենք, և եթե իրավիճակի փոփոխություն լինի, քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն»:
Մեկնաբանել