
Արմեն Սարգսյանը Համաշխարհային պետական գործչի մրցանակ ստացավ
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք:
Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Հիշեցնենք, որ համաձայն Արևելք-Արևմուտք ինստիտուտի կայքի՝ Արմեն Սարգսյանը այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008թ-ին, իսկ մինչ այդ՝ 2002թ-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ:
Մեկնաբանել