HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Ղազարյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում»

«Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների»,-նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: 

Նա ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և  հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:

Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանն իբր շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ Ա. Ղազարյանը փաստեց. «Որոշ պատվիրակներ շարունակում են քաղաքականացնել այս հարթակը, ինչպես որ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը»: Նա ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, ում գերակշիռ մեծամասնությունը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց` փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,- ասաց ՄԾ պետը:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին, որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց` ջանքեր գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter